«Հակամարտությունները սպառնում են Եվրամիության անվտանգությանը»

24/03/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հիշեցնենք, որ ԼՂ խնդրին նվիրված ՄՃԽ-ի նախորդ առաջարկները Հայաստանում միանշանակ չընդունվեցին: Դրանք հիմնականում որակվեցին «ոչ հայանպաստ», նույնիսկ լուրեր տարածվեցին, թե ՄՃԽ-ին ֆինանսավորում է Թուրքիայի կառավարությունը: Ինչեւէ, իր վերջին վերլուծություն-առաջարկում ՄՃԽ փորձագետները գտնում են, որ «Հարավային Կովկասի հակամարտությունները սպառնում են Եվրամիության (ԵՄ) անվտանգությանը»: Խումբը ԵՄ-ին կոչ է անում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: «ԵՄ-ի «նոր հարեւանների» տարածաշրջանում հիմա ո՛չ խաղաղություն է, ո՛չ պատերազմ»,- փաստում են փորձագետները, հավելելով, թե ԵՄ հեղինակությունը կտուժի, եթե այն չիրականացնի անվտանգ հարեւանություն ապահովելու իր ռազմավարական ծրագիրը: ՄՃԽ-ի փորձագետների կարծիքով, եթե Հարավային Կովկասի հակամարտությունները շարունակեն սրվել՝ կարող են սկսվել պատերազմներ, եւ ԵՄ-ն պատրաստ չի լինի արձագանքել: Մասնավորապես այս կարծիքին է ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրեն Նիքոլաս Ուայթը: Իր հերթին ՄՃԽ կովկասյան ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը կարծիք է հայտնել, թե Բրյուսելը դեռ նոր է սկսում ակտիվ մասնակցություն բերել, որոշ խոստումնալից քայլեր արդեն արվել են, սակայն դեռ պետք է երկար ճանապարհ անցնել: «ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի համեմատությամբ` ԵՄ-ի քաղաքական եւ ֆինանսական մասնակցությունը տարածաշրջանի անցուդարձին մինիմալ է: Եվ, այնուամենայնիվ, ԵՄ-ն՝ մնացյալ «դերակատարների» համեմատությամբ, կարող է դիտվել իբրեւ անկողմնակալ միջնորդ, որը չի մասնակցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ազդեցության համար մղվող ավանդական պայքարին»,- նշված է վերլուծության մեջ, որի հեղինակները գտնում են նաեւ, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի երեք երկրներին կարող է շահագրգռել Եվրոպային ավելի խոր ինտեգրման հեռանկարով: ՄՃԽ համոզմամբ` ԵՄ-ն տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման նպատակով պետք է լրացնի այդ ուղղությամբ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ջանքերը: Օրերս հրապարակված վերոնշյալ վերլուծությունում նաեւ ասվում է, որ հազիվ թե առաջիկայում ԵՄ-ն անդամակցություն առաջարկի Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, թեեւ ԵՄ-ն՝ օգնություն հատկացնելիս, պետք է որոշակի պայմաններ պարտադրի եւ իր ազդեցությունը գործադրի, ինչն, ըստ վերլուծաբանների, ԵՄ-ին առավել ընդարձակ դերակատարություն ապահովելու հնարավորություն կտա, մանավանդ, եթե հակամարտությունների խաղաղ կարգավորումը դիտվի որպես համագործակցության նախապայման: Անդրադառնալով կոնկրետ ԼՂ խնդրին` ՄՃԽ վերլուծաբաններն ավելի ակտիվ քայլերի կոչ են անում: «Բանակցային գործընթացը տեղից չի շարժվում, վիճակն օրըստօրե ավելի վտանգավոր է դառնում»,- նշում են վերլուծության հեղինակները, ովքեր առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ քննարկվող համաձայնության կայացմանը սպասելու փոխարեն` պատրաստվել «անկանխատեսելի զարգացումների պարագայում խաղաղություն ապահովելուն»: Ըստ ՄՃԽ վերլուծաբանների, ԵՄ-ն պետք է նպաստի փոխզիջման սկզբունքով ԼՂ խնդրի կարգավորմանը, եւ այս համատեքստում վերլուծաբանները գտնում են, որ լավ կլինի, եթե Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: «Երեւանում եւ Բաքվում պետք է ապահովել Եվրահանձնաժողովի լիակազմ պատվիրակությունների գործունեությունը: Տարածաշրջանում հարկ է վարել ԵՄ-ն, եվրոպական արժեքները, հաստատությունները, ծրագրերը, հակամարտությունների կարգավորման կարողությունները ներկայացնելու համար աշխատանք: Կացությունն ուսումնասիրելու համար պետք է տարածաշրջան գործուղել քաղաքացիական եւ զինվորական առաքելություններ, ինչը կխթանի բանակցային գործընթացին: Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է պարտավորվեն միայն խաղաղ ճանապարհով եւ առանց ձգձգելու լուծել խնդիրը»,- գտնում են ՄՃԽ փորձագետներն ու առաջարկում ԼՂ լուծման հետեւյալ տարբերակը: Ըստ այդմ` պետք է «աստիճանաբար ազատել գրավյալ տարածքները», ապահովել փախստականների վերադարձը, վերաբացել տրանսպորտային եւ առեւտրային ուղիները եւ հանրաքվեի միջոցով վճռել ԼՂ վերջնական կարգավիճակը: Առաջարկվում է նաեւ խաղաղապահների տեղակայում ԼՂ-ում եւ դրա շուրջ: Բացի այդ, առաջարկվում է տեղակայել նաեւ քաղաքացիական առաքելություն, որը պետք է զբաղվի միջնորդությամբ, քաղաքական, մարդու իրավունքների, մամուլի եւ այլ հարցերով: «Երկու կողմերը պետք է կառավարությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերով քայլեր ձեռնարկեն հաշտության, փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,- կարծում են ՄՃԽ վերլուծաբանները: Վերջիններս իրենց վերլուծություն-առաջարկում նաեւ կարծիք են հայտնել, թե Հայաստանը պետք է ԼՂ-ի գործող իշխանություններին համոզի որդեգրել վերը նշված սկզբունքները: «ԵՄ-ի հետ «Նոր հարեւանության» նախաձեռնության շրջանակներում անհատական գործակցության ծրագրերը պետք է նպաստեն հակամարտությունների մեջ ներքաշված երկրներում իսկական ժողովրդավարության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի իշխանության կայացմանը, ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը»,- եզրափակում են վերլուծաբանները: