Սպասեք մինչեւ հունվար

24/03/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Սակայն երեկ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ կողմերը պարտավոր են շարունակել բանակցային գործընթացը: «Բանակցային պրոցեսը դեռ շարունակվում է, եւ մենք փակուղի չենք մտել»,- հայտարարեց Ա. Մարգարյանը: Նրա կարծիքով, բանակցությունները դադարեցնելու դեպքում ՀՀ-ն, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը կհայտնվեն պատերազմի վտանգի առջեւ, ինչը, վարչապետի խոսքերով, ձեռնտու չէ ոչ մեկին: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, թե Ադրբեջանի կողմից բանակցությունները դադարեցնելու դեպքում ՀՀ-ն էլ կճանաչի ԼՂՀ անկախությունը: Արդյոք ԼՂՀ անկախության ճանաչումը կարո՞ղ է խնդրի լուծում հանդիսանալ: «Անկախության ճանաչումն էլ է լուծումներից մեկը, բայց քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, պետք չէ այլ տարբերակների մասին խոսել»,- ասաց նա:

Այս օրերին ներքաղաքական կյանքում ամենաշատ քննարկվող թեման նախագահի աշխատակազմի այլեւս նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հետ կատարված դեպքերն են: Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուց հետո Ա. Թումանյանը հրաժարվեց նաեւ իր ստեղծած «Նոր երկիր» կուսակցությունից: Անգամ բանը հասավ նրան, որ Ա. Թումանյանը դուրս եկավ նաեւ կուսակցության նախաձեռնող խմբից: Վարչապետի կարծիքով, կուսակցություն ստեղծելը չպետք է կապված լինի պաշտոնի հետ, մանավանդ, որ կար կուսակցության գաղափար, արդեն հրատարակվել էր կուսակցության ծրագիրը: «Եթե նոր խոսք ունեն ասելու քաղաքական դաշտում, երեւի կուսակցությունը կշարունակի գործել»,- կարծիք հայտնեց Ա. Մարգարյանը` ավելացնելով, որ կոալիցիայի կողմից կոնկրետ Թումանյանին հրաժարականի պահանջ չի ներկայացվել: Ա. Մարգարյանը երեկ անհնարին համարեց ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում «ներքեւից վերեւ ժողովրդավարություն հաստատելը», ինչի մասին ՀՀ-ում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «Ասեմ, որ դա երբեք հնարավոր չէ, բայց եթե իրենք այդպիսի կարծիք ունեն, դա իրենց խնդիրն է»,- ամերիկացիներին այսպես հակադարձեց Ա. Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ հնարավոր համագործակցության մասին լուրերին, ապա Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է միայնակ: «Բայց երբեք չեմ բացառում այլ ուժերի հետ գնալը: Դաշինքի հավանականությունը կարող ենք ավելի հստակ ասել դեկտեմբերին կամ հունվարին»,- ասաց ՀՀԿ նախագահը: Վերջինս` արձագանքելով ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի այն կանխատեսումներին, թե ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը քանի որ Հայաստանի հաջորդ նախագահը դառնալու հավակնություններ ունի, ոչ մի կուսակցության, այդ թվում եւ` ՀՀԿ-ի ցուցակում չի ընդգրկվի, ասաց, թե այդ ամենը ժամանակը ցույց կտա, «եւ կտեսնենք, թե Հմայակը տրամաբանություն ունի՞, թե՞ ոչ»: Անդրանիկ Մարգարյանը դեռ չգիտի, թե ինքն ինչ է անելու 2007 թվականի ԱԺ ընտրություններից հետո, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը հավակնություններ ունի վարչապետ դառնալու եւ ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ անգամ ակնարկել էր այդ մասին: «Ընտրությունները կլինեն, ՀՀԿ-ն իր ձայները կունենա, այդ ժամանակ ես կորոշեմ»,- ասաց Ա. Մարգարյանը: Իսկ հնարավո՞ր է` ներկայիս վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո գերադասի ԱԺ նախագահի աթոռը, ինչի մասին շատ է խոսվում այսօր: «Ընտրություններից է կախված` Հմայակ Հովհաննիսյանի օրը չընկնեմ»,- մեր հարցին ի պատասխան` ասաց նա:

Ի դեպ, երեկ վարչապետին հարց ուղղվեց «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի հետ կապված պատմության վերաբերյալ: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավարությունը կոտրել էր իրենց շենքում տեղակայված կուսակցության դռան փականն ու նորը տեղադրել` այդպիսով նրանց զրկելով գործելու հնարավորությունից: «Ժառանգություն» կուսակցության անդամները գրավոր դիմել էին Ա. Մարգարյանին: «Կուսակցությունը երբեք պայմանագիր չի ունեցել: 2002-ից ռազմավարական վերլուծական կենտրոնը պայմանագիր է կնքել թատրոնի ղեկավարության հետ, բայց այն նոտարի կողմից չի հաստատվել: Հիմա եթե ուզում են նոր տարածք ունենալ, թող մեզ պաշտոնապես դիմեն, մենք կքննարկենք»,- ասաց վարչապետը: Հակառակ պարագայում, նա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվեց դիմել դատարան: ՀՀ վարչապետը կարգադրել է կասեցնել նաեւ «Ա1+» հեռուստաընկերությանն իրենց զբաղեցրած շենքից վտարելու գործընթացը: Երեկ նա այս առնչությամբ ասաց, թե «Ա1+»-ին առաջարկվել է համապատասխան տարածք` 220 քմ մակերեսով: «Ինչ-որ խոսք ենք տվել, արել ենք»,- նշեց վարչապետը: