Համալսարանում անվստահության մթնոլորտ է

24/03/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես արդեն հայտնի էր՝ ռեկտորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն էին նույն բուհի ուսումնական գծով պրոռեկտոր պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը, իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանը: Թեեւ նախապես լուրեր էին շրջանառվում, նաեւ այդպիսին էին համալսարանի խորհրդի անդամներից շատերի նախընտրական տրամադրությունները, թե ընտրապայքարը տեղի է ունենալու հիմնականում երկու թեկնածուների՝ Գեղամ Գեւորգյանի եւ Գագիկ Ղազինյանի միջեւ, սակայն ընտրությունների առաջին փուլն ավարտվեց ձայների այսպիսի հարաբերակցությամբ՝ Գագիկ Ղազինյանի օգտին քվեարկել էին 28, Արամ Սիմոնյանի օգտին՝ 21, Գեղամ Գեւորգյանի օգտին՝ 16, Սամվել Հարությունյանի օգտին՝ 4 հոգի: Իսկ մեկն ընդհանրապես դեմ էր եղել բոլորին: Խորհրդի 72 անդամներից քվեարկությանը մասնակցում էին 70-ը (բացակայում էին խորհրդի անդամներ ԱԺ փոխնախագահ Տ. Թորոսյանը, որ գտնվում էր գործուղման մեջ եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գ.Մելիքյանը՝ վատառողջ լինելու պատճառով): Մինչ ընտրությունների առաջին փուլի ամփոփումը՝ խորհրդի անդամները բոլորը միաձայն հիացած էին խորհրդի ներսում տիրող հանդարտ, ջերմ ու բարեկամական մթնոլորտով եւ բացառում էին այլ ուժերի միջամտությունն ընտրությունների ընթացքին: Նիստի ժամանակ թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք բավարարել էին խորհրդի գրեթե բոլոր անդամներին: «Նիստի ժամանակ խորհրդի անդամների կամ առհասարակ որեւէ այլ աջակցություն որեւէ թեկնածուի հանդեպ ուղղակիորեն չի զգացվել, ելույթները եղել են հակիրճ, ընդամենը խոսում էին այն ընդհանուր դրույթների, պահանջների մասին, որոնք խորհրդի անդամները դնում են ապագա ռեկտորի առաջ, խոսել ինչ-որ աջակցությունների մասին, կարծում եմ, վայել չէ համալսարանին, համալսարանի խորհրդի այս մթնոլորտին, իսկ այսօր մթնոլորտը շատ լավ էր, շատ կազմակերպված, շատ ջերմ, եւ ես, որպես թեկնածու, չափազանց բավարարված եմ խորհրդի ընդհանուր մթնոլորտից: Բարեկամական, մեղմ, ընկերական հարաբերություններ էին, այդ թվում` նաեւ բոլոր չորս թեկնածուների միջեւ՝ վկայությունն էլ այն է, որ մենք չորսով միասին նկարվեցինք եւ շատ աշխույժ մտքերի փոխանակություն ենք իրականացնում»,- ընդմիջման ժամանակ ոգեւորված հայտարարեց ռեկտորի թեկնածու Արամ Սիմոնյանը:

Մինչ ընտրությունների առաջին փուլի սկսվելը խորհրդի անդամներից շատերն այնպես էին հիացած թեկնածուների ներկայացրած ծրագրերով ու տիրող ընդհանուր մթնոլորտով, որ հայտարարում էին, թե ով էլ որ ընտրվի ռեկտորի պաշտոնում, համալսարանը դրանից միայն շահելու է: «Ընդհանուր առմամբ ծրագրերը նույն խնդիրների շուրջ էին, ինձ համար մի քիչ դժվար է ասել այս պահին՝ որն էր ավելի լավ, որովհետեւ չորս թեկնածուներն էլ իմ բարեկամներն են, եւ յուրաքանչյուրն ունի իր արժանիքները, եւ վստահ եմ, որ ձեւական մրցակցություն չի լինելու, այդ է վկայում նաեւ այն փաստը, որ 4 թեկնածուներով է ընթանում ռեկտորի ընտրությունը, ինչն ինքնին դրական փաստ է, համալսարանին արժանի պահ է, այս իմաստով ինչպիսին էլ լինի ընտրությունը՝ համալսարանը կշահի»,- իր գոհունակությունն արտահայտեց նախկին ԿԳ նախարար, այժմ պատգամավոր Լեւոն Մկրտչյանը: «Ծրագրերից յուրաքանչյուրի իրականացման դեպքում համալսարանը միայն հաջողություն է ունենալու, այսինքն` ոչ թե ծրագիրն է խնդիրը, այլ ծրագրի իրականացնողը»,- ընդգծեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ խորհրդի հավաքական կամքը ցույց կտա, թե ով է ավելի լավ ի զորու որեւէ ծրագիր իրականացնել: Սակայն ընտրությունների առաջին փուլում խորհուրդը ոչ միայն չկարողացավ հավաքական կամք դրսեւորել, այլեւ, կարելի է ասել, անսպասելի արդյունքներից խուճապի մատնվեց, երբ պարզվեց, որ ձայների անհրաժեշտ քանակ ոչ ոք չի հավաքել, եւ երկրորդ փուլում պայքարելու են Գագիկ Ղազինյանն ու Արամ Սիմոնյանը: Արդեն ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրողների տրամադրություններից պարզ էր, որ լինելու է նաեւ երրորդը, եւ՝ ավելին, քանի որ Գեղամ Գեւորգյանի կողմնակիցներն ակնհայտորեն անակնկալի էին եկել եւ պատրաստ էին ցանկացած ձեւով բոյկոտել: Ի դեպ՝ ըստ նախապես շրջանառվող լուրերի` Արամ Սիմոնյանն ու Սամվել Հարությունյանը պետք է դեռ մինչեւ ընտրություններն ինքնաբացարկ հայտարարեին՝ հօգուտ Գեղամ Գեւորգյանի: Բնականաբար, նման ընթացքը Գ.Գեւորգյանի կողմնակիցների համար անակնկալ էր, եւ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ Գեղամ Գեւորգյանի կողմնակիցներից շատերը հաստատակամ էին իրենց նախընտրած թեկնածուի հարցում: Երկրորդ փուլն ավարտվեց Գ.Ղազինյան՝ 32 կողմ, Ա.Սիմոնյան՝ 22 կողմ եւ 7 դեմ ձայներով: 9 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Երկրորդ փուլի արդյունքների ավարտից հետո խորհրդի անդամներից շատերն առհասարակ չէին հասկանում` ի՞նչ է կատարվում: «Բոլորը լուրջ մարդիկ են, պրոֆեսորներ, չե՞ն կարողանում ընտրություն անել, որ արհեստականորեն ձգձգում են»,- բողոքում էին նրանք: Երրոդ փուլում Գագիկ Ղազինյանին պակասեց ընդամենը մի ձայն՝ ցանկալի պաշտոնին արժանանալու համար, իսկ Արամ Սիմոնյանի ձայները պակասել էին՝ նրա օգտին քվեարկել էր 20 հոգի: 11 հոգի շարունակեցին դեմ մնալ, 3 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Թեեւ խորհրդի անդամները բացահայտ հայտարարում էին, թե քվեարկությունն ընթացել է ժողովրդավարական նորմերի համաձայն, շշուկով էլ խոսում էին, որ ժողովրդավարությունն այս պարագայում ընդամենն անհրաժեշտ շղարշ էր շոուն ավելի կատարյալ դարձնելու համար:

Ինչեւէ, մայիսի 15-ին համալսարանում կրկին ռեկտորի ընտրություններ տեղի կունենան: Նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն էլ մտահոգված է, որ ընտրությունների նման ընթացքը բացասաբար է անդրադառնում համալսարանի ուսումնական պրոցեսի վրա: