Մենք Եվրոպա շատ ենք սիրում։ Սիրում ենք մեզ եվրոպական մշակույթի մաս համարել։ Սիրում ենք հագնվել ու մեր կենցաղը դասավորել եվրոպավարի։ Չգիտեմ, տեղը տեղին նորոգված տանը որեւէ այլ ժողովուրդ «եվրոռեմոնտ» ասո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մեր աչքը շոյող «պեյզաժը» դարձյալ Եվրոպայի հետ է կապված։ Մենք սիրում ենք նաեւ եվրոպական մեքենաներ, համենայնդեպս, մեր ավտոպարկում սովետական «Ժիգուլիներին» ու «Վոլգաներին» փոխարինելու են գալիս «Մերսեդես», «BMW», «Օպել», «Ռենո», «Պեժո» ու եվրոպական այլ մակնիշների ավտոմեքենաներ։ Մենք սիրում ենք նաեւ մասնակցել եվրոպական միջոցառումներին, անդամակցել եվրոպական տարատեսակ կազմակերպությունների եւ ընկերակցությունների։ Մենք մտածում ենք, որ մեր բացակայությունը Եվրոպայում զգացվում է։
Այսուհանդերձ, շատ զգուշավոր ենք Եվրամիությանն անդամակցելու հարցում, քանի որ մեր դարավոր բարեկամը՝ Ռուսաստանն, այնքան էլ ոգեւորված չէ այդ ընտանիքի տարածմամբ։ Կամ գուցե զգուշավոր ենք Եվրամիությանն անդամակցելու հարցում, որովհետեւ այնտեղ մուտք գործելու համառ ջանքեր է գործադրում մեր դարավոր թշնամի՞ն՝ Թուրքիա՞ն։ Հնարավոր է, որ այդպես է։ Հնարավոր է նաեւ, որ մենք առաջնորդվում ենք «հեռու լինենք, քաղցր լինենք» սկզբունքով։ Որովհետեւ, ըստ մեր կենցաղում տարածված մտայնությունների, երբ մարդիկ կամ ընտանիքներն իրար քիթ են մտնում, մի անախորժություն լինում է, իսկ երբ հեռվից են շփվում, մի թթու բառն անգամ մարսվում է ու մոռացվում։
Օրինակ՝ հիմա, երբ մենք Եվրամիության անդամ չենք, այսինքն՝ դեռ քիթ քթի չենք, հեռվից հեռու կուլ ենք տալիս մեր ընտրությունների կամ հանրաքվեի վերաբերյալ հնչած բավական կոշտ դիտողությունները։ Մեր պետական այրերը խոսելիս այդ դիտողությունները ներկայացնում են որպես օրինաչափ երեւույթ։ Այսինքն՝ ի՞նչ է եղել, որ՝ մեր գործը խախտելն է, իրենցն էլ՝ դիտողություն անելը։ Բայց եթե ներս մտնենք, այդքան անպատասխանատու չենք կարող լինել մեր պարտավորությունների հարցում, եւ գուցե հենց դա էլ խուսափելու պատճառներից մեկն է։
Ապագայի որեւէ պլան կազմելիս մենք նկատի չենք ունենում, որ մի օր դառնալու ենք այդքան բաղձալի Եվրոպայի անդամը։ Դեպի Եվրոպա ձգտող Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու ոչ մի քայլ չենք անում։ Դեպի Եվրոպա ձգտող Վրաստանի հետ, եթե չենք փչացնում մեր հարաբերություններն, ապա չենք էլ բարելավում։ Եվրոպան մեզ համար մի գրպան է, որից կարելի է օգտվել՝ ոչինչ չտալով։
Իմ ծանոթներից մեկը՝ դասախոս, կիրթ մարդ, տարածաշրջանի խնդիրներին լավատեղյակ մասնագետ, մի օր ասում էր, թե Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, մեզ համար աղետ կլինի, եթե անգամ վերջինս ընդունի Ցեղասպանության փաստը։ Նա ասում էր, որ դրան շատ արագ կհետեւի հարավկովկասյան երեք հանրապետությունների ընդունելությունը, եւ Թուրքիան Եվրամիության ծայր հարավում կդառնա այս տարածաշրջանի պապան։
Ես ոչ մի կասկած չունեմ, որ ծանոթիս դատողությունների հիմքում ընկած են տնտեսական եւ քաղաքական վերլուծությունների պատառիկներ, ժամանակի ընթացքում յուրացված տեղեկատվություն, բայց ինձ, անկեղծ ասած, հուզում է ոչ թե եվրոպական պարագծում Թուրքիայի ապագա վիճելի դոմինանտությունը, այլ մեր տարածաշրջանի այն ներկան, որը ոչինչ դրական չի ճառագում։
Մեր վեճը երկար-բարակ չշարադրելու համար, միանգամից անցնեմ իմ նկատառումներին, որոնք գուցե մասնագիտական առումով որակյալ չեն, բայց կարող են մտորելու օգտակար առիթ լինել։
Ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենալ պետականության ամուր ավանդույթներ։ Նույնիսկ ծանոթս էր համաձայն, որ այս իմաստով մենք զիջում ենք Թուրքիային։ Ուժեղ պետություն կայացնելու համար հարկավոր է շատ ջանք ու ժամանակ, բայց այս ջանքն ու ժամանակը հարաբերական են, քանի որ մեր ուժեղացմանը զուգընթաց` առավել ուժեղանալու է պետականության ամուր ավանդույթների վրա հիմնված մեր հարեւանը՝ Թուրքիան։
Պետականության ամուր ավանդույթների եւ մոտ ապագայում ուժեղ պետություն ունենալու մշուշոտ հեռանկարի փոխարեն` մենք ունենք հմտություններ, որոնք թույլ են տվել մեզ զարգանալ ու բարգավաճել կորպորատիվ կազմավորումներում։ Մոտավորապես մեկ-մեկուկես դար առաջ, երբ Կովկասում եւ Թուրքիայում խաղաղություն էր, մենք բավական բարձր դիրքեր էինք գրավում տնտեսության եւ մշակույթի ոլորտներում՝ աչքաթող անելով, իհարկե, արդի Հայաստանի տարածքը։
Նույնն էր իրավիճակը խորհրդային ժամանակահատվածում։ Այս դեպքում, սակայն, կամա թե ակամա կենտրոնանալով բուն Հայաստանի կառուցման վրա, մենք ակտիվ դերակատարություն ունեինք ամբողջ Խորհրդային Միության տնտեսական, ռազմական, գիտական եւ մշակութային ոլորտներում։
Սա մի փաստ է, որը չի կարելի աչքաթող անել Հայաստանի ապագայի մասին մտածելիս, հատկապես, որ այսօր Հայաստանը բավարար չափով պետականացված է։ Խոսքս ամենեւին «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» տիպի արհեստածին տեսիլքների մասին չէ, այլ ճշգրիտ հաշվարկված ինտեգրացիայի (տարածաշրջանային ու եվրոպական), որը հնարավորություն կտա դրսեւորելու մեր ժողովրդի հմտություններն ու գերիշխող դիրք գրավել եթե ոչ ամբողջ Եվրոպայում, ապա գոնե նրա ծայր հարավային այս հատվածում։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ տերությունները, որոնք շտապում են հանպատրաստից լուծումներ պարտադրել հակամարտող Ադրբեջանին եւ Հայաստանին, աստիճանաբար լայնացնում են խնդրի շրջանակը եւ հասկանում, որ նշված հակամարտության լուծումը չպետք է փնտրել հայ-ադրբեջանական դիմահայաց պահակակետերի միջակայքում, այլ՝ տարածաշրջանային ամբողջ համատեքստում։ Եվ պատահական չէ, որ խաղաղարար առաքելությամբ Հայաստան եկած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դանիել Ֆրիդը Հայաստանից անմիջապես մեկնում է Թուրքիա եւ մեր հարեւանների համար տհաճ հայտարարություն անում. «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը հարցերի մի համալիր է, որը պետք է քննարկեն երկու կողմերը»։ Իսկ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունում ունեցած հանդիպումից հետո Ֆրիդն ասում է, թե անհրաժեշտ է ճիշտ գնահատել անցյալի ողբերգությունը, քանի որ մարդիկ առաջին հերթին պետք է մտածեն ապագայի մասին։ Միաժամանակ Ֆրիդը հայտնում է, որ իր հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքական սահմանը բացելու Վաշինգտոնի պահանջը։
Եվ պատահական չէ, որ նույն այս օրերին Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ներկայացնում է Եվրատեսիլին մասնակից երգիչ Անդրեի (ծագումով ղարաբաղցի) «Without your love» երգը, որը լեցուն է տարածաշրջանային հնչերանգներով։