Մի ժամանակ հայ երեխաները քաշվում էին իրենց ծնողներից եւ ուսուցիչներից, աշխատողները` «շեֆերից», շեֆերը` «Ցէկայից», «Ցէկան»` Մոսկվայից: Հիմա ոչ ոք ոչ մեկից չի քաշվում, բայց բոլորը միմյանց «քաշում» են. երեխաները` ծնողներին, իշխանությունները` ժողովրդին, նոր կուսակցությունները` հներին, ուսուցիչները` ծնողներին, ռուսները` հայերին (թե ասա «էն գազը էս նեղ մաջալին խի՞ թանկացրիք»):
Ընդհանրապես մենք` հայերս մեր մասին միշտ էլ բարձր կարծիքի ենք եւ համեստությամբ առանձնապես չենք տառապում: Մենք գտնում ենք, որ ամենախելոք, ամենաաշխատասեր, «ամենաշուստրի» եւ ամենաչարչարված ազգն ենք: Սակայն այս վերջինը հակասում է առաջին երեքին, որովհետեւ եթե մենք լինեինք խելոք, աշխատասեր եւ «շուստրի», այդքան շատ չէինք «քաշվի»: Կամ, գոնե, հրեաների օրինակով, այդքան «քաշվելուց» հետո, այսօր ինչ-որ դիվիդենտներ կունենայինք: Բայց ինչպես ասում են` յուրաքանչյուրն իր խելքից է տուժում եւ այստեղ «հայի բախտը» ոչ մի կապ չունի: Օրինակ, ո՞վ էր խնդրում Արտաշես Թումանյանին «բարլուսախառը» բոլորին հայտարարել, որ ինքը կուսակցություն է ուզում ստեղծել: Չնայած այս պարագայում չես կարող ասել` ի՞ր խելքից «քաշվեց», թե՞ էլիտար օգնականի: Իմիջիայլոց, մեր քաղաքական դաշտը ոնց որ շալվարի կտոր լինի` հենց մեկին «լվանում» են, մնացածը «մտնում» են: Ընդ որում, ով որտեղ պատահի:
«Ապե, քաշվել եմ» ֆրազն ամենատարածվածներից է: Սակայն այսօր քաշվում են երկու ձեւով` պատահական կամ «չուժոյ պախմել» եւ «ինադու»: «Քաշվելու» պատահական ձեւերն իրենց հերթին լինում են շատ տարբեր: Օրինակ, «չուժոյ պախմել քաշվեցին» Բուզանդի բնակիչները (ուղղակի այդ պահին մի քանի «աֆերիստ» իշխանավորներ հասկացան, որ այսօր «լիքը գեղցի կուզենա կենտրոնում ապրի»): «Չուժոյ պախմել» քաշվեց ողջ հայ ժողովուրդը, երբ Տիգրան Սարգսյանը Ջեյմս Մաքյուի խորհրդով իջեցրեց դոլարի կուրսը (ուղղակի այստեղ պարզ չէ` ո՞վ է «չուժոյը»` Տ. Սարգսյա՞նը, թե՞ Ջ. Մաքյուն): 2003-ին Գեղամյանը «չուժոյ պախմել» «քաշվեց» (բայց ոչ թե, որ նախագահ չընտրվեց, այլ, որ իր ուզածից տասն անգամ քիչ փող տվեցին): Մնացած բոլոր դեպքերում հայերը «քաշվում են ինադու»: «Ինադու քցում են, ինադու ազատում աշխատանքից, ինադու կուսակցություն են բացում, ինադու հեռուստատեսություն են փակում, ինադու ընդդիմություն են դառնում, ինադու Ամերիկայից մարդիկ են գալիս»: Ու ստացվում է այնպես, որ արդեն երկար ժամանակ է` հայերն իրար «ինադու» են ապրում: Օրինակ, դաշնակները հանրապետականների ինադու կոռուպցիայից են խոսում, «Բարգավաճ Հայաստանը» նույն պատճառով ուզում է իր շարքերը միայն «մաքուր եւ պրոֆեսիոնալ» մարդկանց ընդունել, ՄԱԿ-ը կոալիցիայի ինադու սառը պատերազմ է հայտարարում, Դավիթ Հարությունյանն էլիտար շենքերի սիրահարների ինադու հայտարարում է, որ բիզնեսի նպատակով իրավունք չունեին վտարել Բուզանդի բնակիչներին, «Նիգ-Ապարանը» Ռուսաստանի ինադու ծառ է տնկում (որ գազն ինչքան էլ թանկացնեն, հայերը կարողանան փայտ վառել), ռամկավարները Ռ.Միրզախանյանի ինադու ընդդիմադիր են դառնալու, կոմունիստներն իրենք իրենց ինադու հնարավորին չափ մասնատվում են (ինչքան էլ որ Յու. Մանուկյանն ուզենա միավորել), Հրանտ Վարդանյանի ինադու հայերը ռուսական շոկոլադ են ուտելու (համ էլ ռուսականն ավելի համով է): Ինչպես հասկանում եք, այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Բայց լավատես լինելով` ես ուզում եմ, որ հայերը ոչ թե «ինադու» կամ ինչ-որ մեկի դեմ պայքարեն, ինչպես դա անում են շատ ժամանակ, այլ հանուն ինչ-որ բանի, ինչպես դա արեցին 1988-94թթ.: Առավել եւս, որ արդյունքը երկար սպասել չտվեց` հազարամյակներ հետո մեր պետությունը ոչ միայն անկախացավ, այլեւ հողեր ազատագրեց:
Այնպես որ, «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով ապրելու պարագայում մենք միշտ էլ «կքաշվենք»: Այնպես ավելի լավ է ապրել «եւ ինձ, եւ քեզ» սկզբունքով, բայց ոչ թե կոլեկտիվ սոցիալիստաբար, այլ միասնական` հայավարի, այս խոսքի լավ իմաստով: