Համաշխարհային բանկը (ՀԲ) մտադիր չէ հաջորդ տարի բջջային կապի նոր օպերատորներ ներգրավել հայաստանյան շուկայում: ՀԲ-ն ընդամենն իրականացրել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ուսումնասիրություն, որով ընդգծում է նոր օպերատորների մուտքի անհրաժեշտությունը:
Այդ ուսումնասիրության մեջ նշվում է, որ վերակառուցման վաղ փուլում Հայաստանի կառավարությունն էականորեն նպաստել է հեռահաղորդակցության հատվածի խնդիրների ավելացմանը` երկարաժամկետ (մինչեւ 2013թ.) մենաշնորհ տալով «ԱրմենՏել» ընկերությանը: Ըստ ՀԲ-ի, սեփականաշնորհման գործընթացը լավ չի վարվել, թափանցիկ չի եղել եւ կատարվել է առանց համապատասխան կարգավորման համակարգի: Հիշեցնենք, որ 2004թ. նոյեմբերին երկար վեճերից ու բանակցություններից հետո կառավարությունը նոր լիցենզիա շնորհեց «ԱրմենՏելին», վերջինիս հետ կարգավորման համաձայնագիր ստորագրեց եւ հրատարակեց GSM (շարժական հեռահաղորդակցության գլոբալ համակարգ) երկրորդ լիցենզիան: Դրանով իսկ շուկան մասամբ ազատականացվեց: Կարգավորման վերոնշյալ համաձայնագիրը նախատեսում է, որ GSM-ի երրորդ լիցենզիան կտրվի 2009թ. հունվարի 1-ին: ՀԲ-ն գտնում է, որ հեռահաղորդակցության երկրորդ լիցենզիայի շնորհումը չի համապատասխանել միջազգային լավ գործելակերպին, քանզի հաշվի է առնվել միայն մեկ թեկնածու` «Ղ-Տելեկոմը»: «Կառավարությունը թույլատրագրի թողարկումը դիտարկում է որպես Հայաստանի ազգային անվտանգության «բացառիկ կարեւորության դեպք» եւ Ղարաբաղին տրամադրել է հեռահաղորդակցության բոլոր ծառայությունների միջազգային մուտքի թույլտվությունը»,- նշվում է ՀԲ-ի ուսումնասիրության մեջ:
Գործնականում, Հայաստանի բջջային կապից օգտվողներն օգուտ չեն քաղում ծածկույթի լրացուցիչ տարածքների շնորհիվ ծառայությունների զանազանումից, քանզի «ԱրմենՏելի» բջջային ծածկույթը կազմում է բնակելի վայրերի 85%-ը, ներառյալ` հանրապետության գլխավոր շրջաններն ու քաղաքները: Այդ պատճառով նոր մուտք գործողին («Ղ-Տելեկոմ») դժվար կլինի «աչքի ընկնել» միայն աշխարհագրական ներկայության միջոցով: Ի դեպ, լիցենզիայի համաձայն, ոչ ուշ քան 1 տարվա ընթացքում «Ղ-Տելեկոմը» պետք է ապահովի GSM-ի ծածկույթը Երեւանում եւ նախկին շրջկենտրոններում, իսկ 2 տարվա ընթացքում` առնվազն 200 գյուղերում, ինչպես նաեւ մայրուղիների 85%-ում` Վրաստանի եւ Իրանի սահմանների վրա: «Դրանից բացի, Հայաստանի հեռահաղորդակցության տարածքի ուրվագիծն այնպիսին է, որ նվազած գներից եւ ավելացած արդյունավետությունից նվաճումներ կարող են լինել, կարող են նաեւ չլինել: «ԱրմենՏելն» արդեն կառուցել է իր ցանցի զգալի մասը: Համաձայն «Ղ-Տելեկոմի» լիցենզիայի դրույթների, նրանք չունեն «ազգային ռոմինգի» թույլտվությունը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է մեծ ներդրումներ անեն, որպեսզի ստեղծեն շարժական ծառայությունների ցանց»,- գտնում է ՀԲ-ն: Ելնելով 2 կողմերի լիցենզիաներում սահմանված ժամկետներից եւ պայմաններից, ինչպես նաեւ «ԱրմենՏելի» նոր կարգավորման պայմանագրից` ՀԲ-ն եզրակացնում է, որ «դժվար թե շուկայի ներկայիս կառուցվածքն էականորեն փոխվի եւ հնարավորություն տա նոր մասնակիցներին մուտք գործել առնվազն մինչեւ 2009թ.»: Հատկանշական է, որ թեեւ ՀԲ-ն վերջին փաստը շատ դժվար է համարում, բայց ոչ անհնարին, քանզի նոր լիցենզիայի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ որոշ պայմանների դեպքում (որոնք միասնաբար կարող են կոչվել «անգործության դեպքեր» ընկերության կողմից ծառայություններ մատուցելու ընթացքում) կարող է ուրիշին թույլատրվել մատուցել այդ ծառայությունները: «Դժվար է ենթադրել այնպիսի իրավիճակ, երբ «ԱրմենՏելը» չմատուցի մյուսների շարքում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հաստատագրված գիծը, միջազգային կապը եւ շարժական ծառայությունները»,- նշվում է ՀԲ-ի ուսումնասիրությունում:
Հասկանալի է, որ բջջային կապի հայաստանյան շուկայի 2 օլիգոպոլիստների միջեւ մրցակցությունն անհամաչափ է: Գալով նման եզրակացության` ՀԲ-ն ընդգծում է, որ «ԱրմենՏելը» եւ «Ղ-Տելեկոմն» այսօր մրցում են բաժանորդների քանակի համար, սակայն առաջին ընկերությունն ունի արդեն 205 հազար շարժական հեռախոսի բաժանորդներ:
Իր ուսումնասիրության արդյունքում ՀԲ-ն սոցիալապես ցանկալի է համարում մրցակից շուկայի նոր մասնակցի մուտքը, քանզի նոր օպերատորները սովորաբար առաջարկում են մեկ այլ ծառայություն, որը չի մատուցվում շուկան զբաղեցրած սուբյեկտների կողմից: Բացի այդ, նոր մուտք գործողները գոյություն ունեցող ծառայությունները հաճախ մատուցում են առավել ցածր գներով եւ հաճախ մյուս ընկերություններին հարկադրում են ավելի արդյունավետ կերպով սպասարկել հաճախորդներին:
«Դժբախտաբար, նույնիսկ տեսականորեն շատ քիչ բան է արվել անհամաչափ մրցակցության ուսումնասիրությունը խորացնելու համար: Հայաստանում հեռահաղորդակցության բարձր գները հատկապես ծանր են այն պատճառով, որ երկիրը մեկուսացված է Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Փոքր հեռավորության տնտեսությունների համար հեռահաղորդակցության ցածր գները խիստ անհրաժեշտ են: Այդ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի կառավարությունը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատշաճորեն եւ ակտիվորեն անդրադառնան այս իրավիճակին»,- եզրակացնում է ՀԲ-ն: