Գազ կամ ազատություն

24/03/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Բանից պարզվում է` Հայաստան ներմուծվող ռուսական գազի թանկացման հարցում դեռ ամեն ինչ կորած չէ։ Համենայն դեպս, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը դեռեւս հույսը չի կորցրել, որովհետեւ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ժամանակ իրենք մի քանի ցուրտ խոսքեր են ասել իրենց ռուս գործընկերներին, եւ նրանք դա ընկալել են ըմբռնումով։ Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւ, որ ռուսական գազի թանկացումը նպաստում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին։ Ընդ որում, անձամբ պրն Հովհաննիսյանի մոտ նույնպես այդ աճն ակնառու է։ Հիմա արդեն նրան առանձնապես դուր չի գալիս «գույք` պարտքի դիմաց» գործարքը, թեեւ ժամանակին իշխանական ողջ դաշտն այդ գործարքը խիստ դրական էր գնահատում։

Ընդհանրապես, հայ-ռուսական այս «գազային լարվածության» ասպարեզում տեղի է ունենում հետեւյալը. Հայաստանի քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ «մուննաթ են գալիս» Ռուսաստանի վրա, հիշեցնում պատմական անցյալը եւ ներկայիս ռազմավարական գործընկերությունը, ապա հորդորում խանդի տեսարաններ չսարքել, եթե Հայաստանն էներգակիրների այլընտրանքային ուղիներ փնտրի (հետաքրքիր է, որ խանդի տեսարանները սովորաբար լինում են սիրահարների միջեւ, մինչդեռ Հայաստանն ու Ռուսաստանն այսօր ինչ ասես հիշեցնում են` սիրահար զույգերից բացի)։ Հետաքրքիր է նաեւ, որ ճիշտ նույն կերպ են վարվում եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր ուժերը։ Մանուկ Գասպարյանն, օրինակ, նույնիսկ նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որտեղ հիմնավորում է, որ Հայաստան առաքվող գազի թանկացումը քաղաքական խնդիր էր (որովհետեւ Բելառուսի դեպքում գազը չի թանկացել)։ Իրականությունն, իհարկե, փոքր-ինչ այլ է. իրականում Հայաստան առաքվող գազի թանկացումը հենց նշանակում է, որ այս հարցում «քաղաքական բաղադրիչ» չկա, եւ ճիշտ հակառակը` «քաղաքական բաղադրիչ» կա Բելառուսի դեպքում, դրա համար էլ Բելառուս առաքվող գազը չի թանկանում։ Այլ կերպ ասած, Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտն այսօր ձգտում է այնպես անել, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում նույնպես քաղաքական բաղադրիչ մտնի, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել նրան, որ Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառի շուկայական գնից (այսինքն` 110 դոլարից) ցածր գնով։

Արդյո՞ք լավ կլինի, եթե Ռուսաստանը տնտեսական հարցերում Հայաստանի նկատմամբ «առանձնահատուկ վերաբերմունք» ցուցաբերի, եւ արդյո՞ք ճիշտ են վարվում Հայաստանի քաղաքական ուժերը` ձգտելով հասնել նման վերաբերմունքի։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատասխանը միանշանակ է, որովհետեւ գազի թանկացման հետեւանքներն առաջինն իրենց մաշկի վրա զգալու են հենց շարքային քաղաքացիները։ Բայց այդ, ակնհայտ է, որ գազի թանկացումը ծանրագույն հարված է Հայաստանի տնտեսության համար։ Բայց…

Հայաստանն ունի ոչ միայն տնտեսական, այլեւ արտաքին քաղաքական շահեր։ Օրինակ` ղարաբաղյան հարցը, հայ-թուրքական հարաբերությունները, համաեվրոպական կառույցներին ինտեգրվելը, հայ-վրացական հարաբերությունները, եւ այլն։ Անկախ պետությունը որեւէ երկրի կազմում գտնվող ինքնավարությունից տարբերվում է հենց նրանով, որ արտաքին քաղաքական շահեր ունի։ Եվ այսօր Ռուսաստանից պահանջել «քաղաքական նկատառումներով» Հայաստանին էժան գազ վաճառել` նշանակում է կամովին հրաժարվել սեփական քաղաքական շահերից եւ մեկընդմիշտ համակերպվել «ֆորպոստի» կարգավիճակի հետ։ Ասվածը կարող է շատ կոպիտ հնչել, բայց այսօր Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտը (այդ թվում` նույն ՀՅԴ-ն, Մանուկ Գասպարյանը եւ մյուսները) պատրաստակամություն է հայտնում «քյաշ» փողով վաճառել Հայաստանի արտաքին քաղաքական շահերը (այդ թվում` ղարաբաղյան հարցը, հայ-թուրքական հարաբերությունները եւ այլն)։ Ինչո՞ւ։ Որովհետեւ գազ ստանալ նույն գնով, ինչպես, ասենք, Կրասնոդարի երկրամասը` նշանակում է ենթարկվել Կրեմլին ճիշտ այնպես, ինչպես Կրասնոդարի երկրամասն է ենթարկվում։ Ուկրաինան, օրինակ, գազ է ներմուծում միջազգային գներով եւ ինքն իրավունք ունի որոշել` Ռուսաստանի՞ հետ է ինտեգրվում, թե՞ ՆԱՏՕ-ի։ Իսկ Բելառուսը նման ընտրության իրավունք չունի։ Ռուսաստանը կանխիկ փողով (էժան գազով) գնել է այդ իրավունքը։

Այլ կերպ ասած, հայաստանյան ցանկացած քաղաքական ուժ, որն այսօր Ռուսաստանից «առանձնահատուկ վերաբերմունք» է պահանջում, դրանով իսկ վաճառքի է հանում Հայաստանի անկախությունը։ Ընդ որում, երկրի սոցիալական ծանր վիճակն արդարացում չէ։ Շատ ժողովուրդներ հանուն անկախության շատ ավելի ծանր զրկանքներ են կրել։ Եվ հետո` դա ի՞նչ մոտեցում է։ Եթե վաղն էլ Ադրբեջանը խոստանա Ղարաբաղի դիմաց մի հարյուր տարի Հայաստանին ձրի նավթ տալ, պիտի համաձայնե՞նք։

Մանավանդ, որ ռուսական գազի թանկացման ծանրությունը հեշտությամբ կարելի է մեղմել։ Դրա համար պետք է ընդամենը պայքարել այդ ոլորտում առկա գերկորուստների, կոռուպցիայի եւ գերշահույթների դեմ։ Եվ, ի դեպ, հրաժարվել ֆորպոստի կարգավիճակից։ Այսինքն` ռուսական ռազմաբազաների զբաղեցրած տարածքների համար վարձակալական գումարներ վերցնել, եւ այն էլ` «շուկայական գներով»։ Այդ դեպքում գուցե ոչ թե Մանուկ Գասպարյանը նամակ գրի Պուտինին, այլ Պետդումայի որեւէ պատգամավոր Քոչարյանին ուղղված նամակում հիշեցնի հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։