Ի՞նչ է սպասվում հիվանդանոցին

24/03/2006

Ժամանակին Արթիկի տարածաշրջանում միակ՝ 225 մահճակալ ունեցող հիվանդանոցն այսօր գրեթե դատարկ է: Մարդիկ, հենց մուտքից տեսնելով հիվանդանոցի անմխիթար վիճակը, հրաժարվում են ստացիոնար բուժումից: Մոտ 35 տարի է, ինչ Արթիկի հիվանդանոցում վերանորոգումներ չեն իրականացվել: Շենքային պայմանները ծայրահեղ վատն են, դրան գումարած` կառուցվածքային անհարմարությունները, քանզի սա այն եզակի հիվանդանոցներից է, որն ընդունարան չունի: Շատ հաճախ հիվանդատերերը չգիտեն` ուր տանել հիվանդին, եւ լինում են դեպքեր, երբ նրան ստիպված են լինում տեղափոխել բաժանմունքից բաժանմունք, իսկ դրանց միջեւ ներքին կապը բացակայում է: Հիվանդանոցը շատ անգամ է հյուրընկալել դեսպանների եւ այլ հյուրերի, որոնք տեսնելով գործող պայմանները` խոստացել են ֆինանսական միջոցներ տրամադրել, սակայն անհայտ պատճառներով խոստումները մնացել են օդում կախված: Արթիկի հիվանդանոցին ֆինանսական միջոցներ հատկացնելու խնդիրն այսօր դարձյալ օրակարգում է: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել մոտ 300 հազար դոլար հատկացնել բուժհիմնարկի ներկա իրավիճակը շտկելու համար, սակայն այն հիմնովին վերանորոգելու համար պահանջվող գումարն ավելին է: Այստեղ հաշվի չեն առնվել նախագծային անհրաժեշտ փոփոխությունները, գույքի ու բուժսարքավորումների անհրաժեշտությունը: