Անցած շաբաթը հանգիստ էր։ Հայրենի իշխանությունները ոչ ոքի չզարմացրին։ Մի տեսակ տխուր էր առանց արտգործնախարարի կամ Կենտրոնական բանկի խրատող բացատրությունների։ Մի խոսքով, «հաց ու տեսարան» ապահովելու հարցում մեր իշխանությունները թերացան։ Հացի պակասի հետ վաղուց ենք հաշտվել, բայց էդ է, հա, մնում էինք առանց տեսարանի։ Եթե, իհարկե, չլինեին «Արմենիա» հեռուստաընկերությունն ու մայրաքաղաքի իշխանությունները։ Նախ` «Արմենիա» հեռուստաընկերությունը «Ընկերները» սերիալի տեսքով վերադարձրեց «Մեր լեզուն, մեր խոսքը» հանրահայտ հաղորդաշարը։ Եթերից այս անգամ մեր լեզուն ու մեր խոսքը ոչ թե հանրահայտ բանասերն ու ընկերներն էին ուսուցանում, այլ Արամոն ու իր ընկերները։ Հայտնի երգիչն ընդամենը մի քանի օր առաջ մեկ այլ հեռուստաընկերության եթերում դատափետում էր ռաբիսը, անճաշակությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Երգչի այս երկու հեռուստաբեմելը լսող ակնդիրը կարող էր եզրակացնել, որ երգելու համար հարկավոր է մասնագիտական կրթություն ունենալ։ Իսկ այ, խոսելու համար կրթվելը պարտադիր չէ` քուչեն կայնելը բոլ-բոլ ա։
Անկեղծ ասած, այս տեսարանը որակով զիջում էր քաղաքային իշխանությունների բեմադրածին։ Ամեն անգամ, երբ քաղաքապետարանը որոշում է մայրաքաղաքում արմատախիլ անել փողոցային առեւտուրը, ես հաջորդ իսկ առավոտյան միացնում եմ վայրկյանաչափը։ Պարզելու համար, թե քանի վայրկյան է տեւելու քաղաքապետարան-փողոցային առեւտրականներ անհավասար մենամարտը։ Փողոցային առեւտուրը միշտ հաղթում է։ Հաղթում է ճիշտ նույնքան ժամանակում, որքանում հնարավոր է անցնել դիմացի մայթ ու այնտեղ բացել վաճառքի սուփրա-սեղանը։ Այսինքն, եթե փողոցը լայն է` նոր վաճառասեղանի հայտնվելը տեւում է 25-30 վայրկյան։ Նեղ փողոցներում առեւտրականները հաղթում են համարյա լույսի արագությամբ։ Հունվարին, հետո փետրվարին, իրար հետեւից ձախողվելով, քաղաքապետարանը ձեւացրեց, որ հիմա ավելի կարեւոր գործ ունի։ Նոր կարեւոր գործը կոչվում էր քաղաքային տրանսպորտի երթեւեկության կարգավորում։ Քաղաքապետարանը հայտարարել էր, որ քաղաքային տրանսպորտն այլեւս ուղեւորներին սպասարկելու է միայն կանգառներում։ Նույնիսկ հայտնի էր, որ կանգառից դուրս ուղեւորի նստել-իջնելու համար կայանելը տուգանքով է ավարտվելու։ Հայտնի էր տուգանքի չափը` 5 հազար դրամ։ ՊԱՏ-ի, այսինքն` Պետավտոտեսչության, աշխատակիցները երկուշաբթի օրը դուրս էին եկել քաղաքապետարանի որոշման կատարումը հսկելու անհողդողդ կամքով։ Քաղաքային տրանսպորտի վարորդները եւ ուղեւորները, տուգանվելու վախի՞ց, թե՞ զգուշավորությունից ամբողջ օրը կանգառ էին փնտրում։ Երկուշաբթի օրն ում հաջողվեց երթուղային տաքսի նստել` անընդհատ նույն զրույցն էր լսում. «Այստեղ պահեք»։ «Այստեղ կանգառ չկա»։ «Ո՞նց չկա, հիշում եմ, այստեղ առաջ կանգառ էր»։ «Չեմ կանգնի, 5 հազար կտուգանվեմ»։
Իսկապես տեսարան էր։ Ես ամենեւին էլ հակված չեմ քաղաքապետարանին մեղադրել։ Կանգառ կառուցելը թանկ հաճույք է։ Ծածկ է պետք սարքել, նստարաններ տեղադրել, հատուկ գծանշումներ անել փողոցում։ Էլ չեմ ասում, որ ցուցանակներ է պետք տեղադրել, ուր պիտի գրված լինի` որ երթուղու տրանսպորտն է կայանում այդտեղ, ինչ ժամանակահատվածում է մոտենալու հաջորդ ավտոբուսը (կամ երթուղային տաքսին)։ Այսքան ծախսի տակից դուրս գալը հանաք բան չէ։ Մանավանդ, որ, ըստ ՀՀ նախագահի, մայրաքաղաքի բախտը քաղաքագլուխների առումով չի բերում։ Իրար հաջորդող երկու քաղաքապետեր «փողի վրա նստած» չեն կարողանում փող հավաքել (հատկապես ներկան` որն, ըստ նախագահի, քաղաքային հողերն էժան-էժան քոռուփուչ է անում)։ Համաձայնեք, շատ ավելի հեշտ է հրամայել, որ այսուհետ արեւը դուրս գա միայն արեւելքից, եւ քաղաքային տրանսպորտը կայանի միայն կանգառներում։ Մայրաքաղաքային իշխանությունները դժվար թե իրենց նեղություն տված լինեն երթուղային տաքսիների երթեւեկության կարգ գրելու համար։ Եթե գրած էլ լինեն, ապա հստակ չեն էլ հիշել, որ երթուղային տաքսին երթեւեկության հատուկ կարգ ունի։ Այդ կարգում (որ մեզանում գործում էր խորհրդային տարիներին, իսկ հիմա` բոլոր կարգուկանոն ունեցող երկրների քաղաքներում) գրված է երկու հստակ կանոն։ Նախ` «նստեցում կատարվում է միայն կանգառում», եւ երկրորդ` «կանգառ կատարվում է ուղեւորի պահանջով` թույլատրված վայրերում»։ Այսինքն, երթուղային տաքսին փողոցի այն հատվածում, ուր կայանումն արգելված չէ, կանգառ կատարում է` ըստ ուղեւորի կամքի։ Եվ հենց այս արտոնության համար է այն տաքսի կոչվում ու ամբողջ 30 (կամ 50) դրամով թանկ է քաղաքային ավտոբուսներից։ Երթուղային տաքսիների թանկ լինելը գծի տերերի պաշտոններով բացատրելը միանգամայն սխալ է։ Ավելին` անհիմն։ Իսկ, օրինակ, Բաղրամյան փողոցում «Ռաֆ», «Գազել», «Սոբոլ» միկրոավտոբուսների իծաշարուկ հերթի պատճառով խցանումները պետք է բացատրել միմիայն տնտեսական առաջընթացով։ Կանգառների բացակայությունը հիմք ընդունող բոլոր բացատրությունները սխալ են եւ նենգ հոռետեսություն։
Իսկ ինչ եղավ հետո` տեսանք բոլորս։ Այսինքն, ի սկզբանե բոլորս էլ գիտեինք` ինչ էր լինելու։ Երթուղային տաքսիներն առաջվա նման երթեւեկում են քաղաքի բոլոր փողոցներն` ամբողջ երկարությամբ ու անմնացորդ, կանգառ հայտարարելով։ Լայն փողոցներն ու պողոտաներն ամբողջությամբ երկշարք ու եռաշարք կանգառներ են։ Միաշարք կանգառ անելու դեպքում խցանումներ կառաջանան։ Ի վերջո, խորհրդային տարիներին քաղաքային տրանսպորտի շարժակազմը բաղկացած էր մոտ 400 միավորից։ Իսկ հիմա քաղաքում միկրոավտոբուսների թիվը 4 հազարի է հասնում։