«Այսօր Հայաստանում բիզնես սկսելու ամենաէժան տարբերակն էլեկտրոնային կոմերցիան է, սակայն հայ գործարարները դա չեն հասկանում»,- վստահեցնում է տնտեսագետ, հայերեն էլեկտրոնային կոմերցիայի մասին առաջին գրքի հեղինակ Ալբերտ Պողոսյանը:
«Ներդրում անելն ու վարկ փնտրելն ահավոր բարդ է, իսկ էլեկտրոնային խանութ կարող ես ունենալ 300-3000 դոլարով՝ նայած ով եւ ինչ է անում», – ասում է Գ. Պողոսյանը: Բնականաբար, օնլայն առեւտրի պարագայում զգալիորեն կրճատվում են վարչական ծախսերը:
Սակայն, պաշտոնական տվյալներով` հայաստանյան շուրջ 100-150 հազար ինտերնետ օգտվողներից, Ալբերտ Պողոսյանի խոսքով, միայն 10000-ն են ակտիվ օգտվողներ, մնացածն ընդամենը փոստ են ստուգում: Հայաստանում ինտերնետ-կոմերցիայի զարգացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը գիտելիքների պակասն է: «Երբ մարդիկ կունենան քարտեր, երբ մարդիկ կտեղեկանան եւ կհասկանան՝ ինչ է վճարման համակարգը, ինչպես վճարել, երբ գիտելիքները կավելանան՝ ձգտումներն էլ կշատանան»,- նշում է Ա. Պողոսյանը: Բնականաբար, այս բիզնեսի վրա բացասական են անդրադառնում նաեւ հայաստանյան ինտերնետ կապի որակն ու գները:
Թումանյան փողոցի «Շաուրմայի» օնլայն վճարվող պատվերներն ամսական կազմում են 70-80.000 դրամ (միջինում՝ մոտ 4,5 հատ շաուրմա օրական), մինչդեռ օֆլայն՝ «Շաուրման» մշտապես մարդաշատ է: «Պարզապես պահը դեռ չի հասունացել՝ «օնլայնը» հլա դժվար են հասկանում Հայաստանում: Մենք սովոր ենք գնալ, մեր աչքով տեսնել՝ նոր գնել. միշտ մտածում ենք՝ կարող են մեզ խաբել, վատը բերել»,- ասում է «Շաուրմա» ՍՊԸ տնօրեն Կարեն Սավզյանը:
Հատկապես ներքին շուկայի թերզարգացածության պարագայում պետք է օգտագործվեն օնլայն արտահանման հնարավորությունները: Էլեկտրոնային կոմեցիան թույլ կտար դուրս գալ արտաքին անսահմանափակ շուկա, ապրանքը վաճառել աշխարհի ցանկացած վայրում եւ ընտրել ցանկացած թիրախային խումբ:
«Եթե ավանդական տնտեսության պարագայում, օրինակ՝ եվրոպական շուկայում, չիր վաճառելու համար դուք պետք է ունենաք ISO սերտիֆիկատ, տեղ, գործընկերներ, անցնեք հազար ու մի եվրոպական հովանավորչական օրենքներ, եւ այլն, ապա էլեկտրոնային կոմերցիայի դեպքում դուք հանդիպում եք վերջնական սպառողի հետ»,- ասում է Ա. Պողոսյանը: Վերջինիս խոսքով՝ նույն ոսկու էքսպորտի դեպքում, որը զարգացած ոլորտ է, լավագույն տարբերակն է հենց ինտերնետով վաճառքը:
Էլ չասած տուրիզմի մասին, որը տնտեսության առաջնահերթ ճյուղ է հռչակվել երկրում: Ամբողջ աշխարհում տուրիզմն ընտրող հասարակության 80 տոկոսն իր ընտրությունը կատարում է հենց ինտերնետում: Սակայն գործող հայկական տուրիստական վեբ կայքերը հիմնականում ընդամենը ընկերությունների մասին պատմող սայթեր են: «Չունենք այնպիսի booking վեբ կայք, որ տուրիստը մտներ, հավաներ, վճարեր ու գար»,- ասում է Ա. Պողոսյանը:
Արտաքին շուկա օնլայն դուրս եկած ընկերություններից է Հայկական գրավաճառ ընկերությունը, որի օնլայն գնորդներն են սփյուռքահայերն ու միջազգային գրադարանները: Գնված գրքերը հասցեատիրոջն են առաքվում DHL-ով, FedEx-ով եւ այլն՝ գնորդի նախընտրությամբ: «Վճարումը ստանում ենք միջազգային բանկի միջոցով, որի գանձած միջնորդավճարը Հայաստանյան ընկերությունների համար ավելի բարձր է, քան տեղում՝ որեւէ ընկերության համար: Բայց այլ տարբերակ չունենք. Հայաստանում հիմա չկա մի համակարգ, որը գանձեր Visa, Master կամ American Express քարտերից»,- նշում է ընկերության տնօրեն Էմին Մկրտչյանը:
Իսկ, օրինակ, սկավառակների խանութի նշանակալի փոքրամասնություն կազմող օնլայն հաճախորդները վճարում անելիս օգտվում են, ասենք՝ WebMoney ռուսական սերվերից: Ի-խանութի համատնօրեն Ռուբեն Գյոզալյանի խոսքով՝ ArCa համակարգին միանալու համար պետք է սեփական սերվեր ունենաս, ինչը բավական մեծ գումարների հետ է կապված:
«ArCa վճարման համակարգի պահանջներն էլեկտրոնային խանութի հանդեպ ուղղակի ապշեցնում են», – նշում է Ալբերտ Պողոսյանը: -Վճարումներ կատարելու համար հասարակ ձեռնարկատերը պետք է ունենա իր ինքնուրույն սերվերը, հատուկ աստիճանի պաշտպանություն, հատուկ սպասարկում, անցնի մի շարք սերտիֆիկացման փուլեր, անհիմն գումար վճարի համակարգին միանալու համար»: Այն դեպքում, երբ նույն համակարգերն ԱՄՆ-ում թույլ են տալիս կատարել այս ամենն առցանց՝ ընդամենն անցնելով սերտիֆիկացում սոցիալական քարտի տվյալների միջոցով:
«Այսօր էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ուղղությամբ պետությունը չի իրականացնում որեւէ քաղաքականություն»,- նշում է Ալբերտ Պողոսյանը: Հայաստանյան բանկային համակարգն այսօր չի աջակցում էլեկտրոնային առեւտրին, Visa/Master քարտերը չեն ընդունվում էլեկտրոնային տարբերակով, իսկ ArCa համակարգն էլ կաղում է: Արդյունքում, հայաստանյան ինտերնետ-խանութները շրջանցում են հայկական բանկերը՝ օգտվում արտասահմանյան բանկերի ծառայություններից եւ օգտագործում նույն ամերիկյան վճարային համակարգերը (Paypal, 2chechkout, Egold): Երեւանում գործող 30 էլեկտրոնային խանութներից միայն 4-ն են միացել ArCa-ին. դրանցից երկուսը հատուկ մասնագիտացված են՝ ինտերնետ պրովայդերներ են եւ արդեն ունեին իրենց սերվերները:
Այլընտրանք է տալիս միակ հայաստանյան էլեկտրոնային վճարման՝ Edram համակարգը, որի սերվերն, ի դեպ, գտնվում է Ամերիկայում, եւ որը, ըստ Ա. Պողոսյանի, ունի մոտ 6000 ակտիվ օգտվող (օնլայն վճարում է միայն 10%-ը): «Edram-ն այսօր դեռեւս եկամտաբեր չի, թեեւ շահույթ ունի»,- նշում է Պողոսյանը:
Edram համակարգը հնարավորություն է տալիս առցանց ընդունել վճարներ (այդ թվում` կոմունալ ծախսերը), նաեւ՝ Visa եւ Master քարտերից: «Լավագույն տարբերակը, սակայն, կլիներ, որ բանկերն անեին այդ ամենը»,- նշում է Ա. Պողոսյանը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ Կենտրոնական բանկն արդեն ուսումնասիրում է խնդիրը՝ էլեկտրոնային ոլորտի որոշակի կանոնակարգում առաջարկելու նպատակով: «Սակայն նրանք ավելի շատ փորձում են ոչ թե օգնել, այլ ձեռքերի մեջ բռնել: Իսկ դա սխալ է, քանի որ բոլորը կարող են թքել ու գնալ դուրս՝ դրսի գործիքներից օգտվել: Այսինքն, կարելի է այնքան պինդ բռնել, որ խեղդես՝ ավելի ճիշտ է ազատականացնել ոլորտը», – եզրակացնում է Ա. Պողոսյանը: