Հիմնադրամն անցնում է զարգացման ծրագրերի

24/03/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի ասելով՝ եթե այս խոստումներից 6 մլն դոլար էլ հավաքվի, ուրեմն կարելի է մարաթոնը հաջողված համարել: Որովհետեւ բարերարները մարաթոնի ազդեցությունից ոգեւորված՝ խոստումներ են տալիս, բայց սառը դատելուց հետո խոստացածի չափերը փոփոխում են: Մինչ այժմ հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցվել մոտ 3,5 մլն դոլար, որից 800.000 դոլարը Հայաստանում է հավաքվել: Հիշեցնենք, որ անցած մարաթոնի ժամանակ հավաքվել էր ավելի քան 12 մլն դոլար, այսինքն` 5 մլն դոլարով ավելի: Մարաթոնի այս արդյունքները տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեցին: Կարծիքներ հնչեցին, որ այս տարի քիչ է հավաքվել, որովհետեւ բարերարները դժգոհել են հիմնադրամի աշխատանքներից ու ծրագրերի արդյունավետությունից: Հիմնադրամի տնօրենը, սակայն, համաձայն չէ այդ կարծիքի հետ: «Բոլոր այդ կասկածները կարող եմ փարատել թվերով,- ասում է Ն. Մելքումյանը: -2003թ. վերջին, երբ ես եկա հիմնադրամ, տարին փակեցինք 4,5 մլն դոլարով: 2005թ. մենք ավարտում ենք 12,7 մլն դոլարով»:

Իսկ այս մարաթոնին խոստացած գումարների քիչ լինելն անցածի համեմատ տիկին Մելքումյանը բացատրեց իրականացվող նոր ծրագրերի բնույթով: Այս տարի հիմնական շեշտը դրվել է Արցախի Մարտակերտի շրջանի վրա «Արցախի վերածնունդ» եռամյա մեծ ծրագրի շրջանակներում, եւ իրականացվելու են տարբեր, բայց հիմնականում գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ: «Մինչեւ հիմա մենք հիմնականում ճանապարհաշինարարություն ենք իրականացրել,- ասում է Ն. Մելքումյանը: -Դա պարզ ծրագիր էր, հաշվարկ կար, որ յուրաքանչյուր մետրի համար 150 դոլար է անհրաժեշտ: Իսկ այս տարվա ծրագրերը բազմաբնույթ են: Մենք պետք է Մարտակերտի մի քանի գյուղերի 30 կմ մայր ջրագծերը վերանորոգենք, մի քանի գյուղ գազիֆիկացնենք, Չլդրանի կամուջը վերանորոգենք, Դրմբոն-Մարտակերտ 5 կմ ճանապարհը նորոգենք: Ունենք նաեւ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: 700.000-1 մլն դոլարի գյուղատնտեսական տեխնիկա պետք է ձեռք բերենք, պետք է Հայաստանից մասնագետներ գործուղենք տեղում մասնագիտական խորհրդատվություն կազմակերպելու համար»:

Տարօրինակ է, բայց տիկին Մելքումյանի ասելով՝ Մարտակերտի գյուղացին լավ չի պատկերացնում, թե ինչ ցանի իր հողում, որ լավ բերք ստանա: Այստեղից գնացած մասնագետները նրանց պետք է ուղղորդեն, նաեւ սովորեցնեն, թե ինչպես մշակել տվյալ բույսը, երբ եւ ինչպես օգտագործեն թունաքիմիկատներն ու պարարտանյութը: Հնարավոր է, որ սկզբնական շրջանում հիմնադրամը սերմացուներ էլ տրամադրի: Արդեն միջազգային տարբեր կազմակերպություններից առաջարկներ կան անասուններ եւ սերմացու տրամադրելու համար: Գյուղացիներին պետք է սովորեցնեն իրենց աշխատանքին նայել ոչ թե որպես ամենօրյա ապրուստի միջոցի, այլ` որպես բիզնեսի: Տիկին Մելքումյանն այս ծրագիրը կարեւորեց այն առումով, որ աշխատանքները տարվելու են հասարակ գյուղացու համար: «Այս ծրագիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ հումանիտար ուղղվածությունից դառնում է զարգացման ծրագիր»,- գտնում է հիմնադրամի տնօրենը:

Ծրագրերի թվում է նաեւ Մարտակերտի հիվանդանոցի վերակառուցումը: Հիմնադրամի տնօրենի ասելով` այսպիսի բազմաբնույթ ծրագրերն անծանոթ են եղել հիմնադրամի հոգաբարձուների համար: Դրա համար էլ այս տարի համեմատաբար քիչ գումար է հավաքագրվել: Նրա կարծիքով` ծրագրերի հաջող ընթացքը հույս կներշնչի եւ եկող տարիներին ավելի շատ գումարներ կհավաքվեն: Այս ծրագրերի համար ընտրվել են համեմատաբար զարգացած համայնքները, որպեսզի կատարվող աշխատանքներն արդյունք տան, ու մյուս համայնքներն էլ հաջողությունից ոգեւորված` իրենք էլ ընդօրինակեն:

Հաջորդ մարաթոնը լինելու է Հադրութի շրջանի համար, եւ այդպես շարունակ: Ն.Մելքումյանի կարծիքով` հնարավոր է, որ «Արցախի վերածնունդ» ծրագիրը նախատեսված երեք տարուց ավելի երկար տեւի, եթե բարերարները տեսնեն, որ իրենց աշխատանքներն արդյունավետ են: Իսկ ամեն մի ծրագրի համար, նրա ասելով, անցկացվում է ֆինանսական եւ ֆիզիկական աուդիտ, եւ արդյունքները ներկայացվում են հոգաբարձուների խորհրդին: Վերջին մարաթոնի անցկացման ժամանակ կարծիքներ հնչեցին, թե իրականացվող ծրագրերից դժգոհ են նաեւ Արցախի ղեկավարները: Խոսակցություն կար, որ Արցախի իշխանություններն իրենք են ուզում տնօրինել այդ գումարները, եւ այդ պատճառով որոշակի հակասություններ են առաջացել Արցախի ու հիմնադրամի ղեկավարների միջեւ:«Արցախի իշխանությունների կողմից այդպիսի հարցադրում չի կարող դրվել, որովհետեւ, ինչպես հայտնի է, պայմաններ կան, որ գումարները պետք է փոխանցվեն հիմնադրամի գլխադասային գրասենյակին, որն էլ պետք է իրականացնի ծրագրերը: Կառավարությանը նման գումարներ չեն կարող փոխանցել, որոնք ազատվում են հարկերից»:

Տիկին Մելքումյանն այս տեղեկատվությունն էլ հերքեց՝ ասելով, թե այս բոլոր ծրագրերն իրականացվում են Արցախի ղեկավարների օգնությամբ, եւ նրանք հոգաբարձուների խորհրդի անդամ են. «Նրանք լավ գիտեն այն բոլոր մեխանիզմները, որոնց վրա աշխատում է «Հայաստան» հիմնադրամը: Իսկ այլ մարդիկ ինչ ցանկություններ ունեն կամ ինչ հեռու գնացող մտքեր ունեն, դա արդեն իրենց գործն է»: Պետք է նկատել, որ Ն. Մելքումյանի՝ հիմնադրամի տնօրեն նշանակվելու փաստը լուրջ տարաձայնությունների տեղիք տվեց հենց սփյուռքահայության շրջանում: Մասնավորապես Լոս Անջելեսում նրա նշանակման դեմ ըմբոստացան հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ, եւ այսօր էլ սփյուռքում շատերը դժգոհություններ ունեն հիմնադրամի աշխատանքից եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «խոհանոցից»: