Տաթեւ Կոստանյան, մաթեմատիկ.– «Դե, մարդիկ փորձում են իրենց ապագան գտնել քաղաքականության մեջ եւ դա լավ հնարավորություն է հետագայում դրսեւորվելու համար: Բայց իմ կարծիքով այդտեղ մեծ վտանգ կա, քանի որ, եթե երիտասարդը մտնում է կուսակցության մեջ, ապա նա հեշտ կառավարելի է դառնում: Ու բացի այդ, ամեն մարդ չէ, որ իր մեջ տեսնում է քաղաքական գործչի, կուսակցականի կերպար ու պատրաստ է ձգտել ու հասնել դրան»:
Աննա Պետրոսյան, լեզվաբան.– «Ես դրական եմ վերաբերվում: Ով ենք մենք, որպեսզի դատենք դիմացինի արարքները: Եթե կուսակցական լինելը նրան շահավետ է, եւ այդպես նա կարող է առաջ գնալ քաղաքական դաշտում կամ լավ վարձատրվող աշխատանք գտնել, ապա դա նույնիսկ խրախուսելի է»:
Լիլիթ Այվազյան, քաղաքագետ.– «Բացասական եմ վերաբերվում: Դա ընդամենը ճանապարհ է քաղաքականության մեջ հաջողությունների հասնելու համար: Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք չեն դավանում այդ կուսակցությունների գաղափարներին, կուսակցությունը պարզապես գործիք է քաղաքական բնագավառում հաջողությունների հասնելու համար»:
Խաչատուր Ենգոյան, ալտահար.– «Նորմալ եմ վերաբերվում երիտասարդ կուսակցականներին, թեպետ կարծում եմ, որ մեծ մասամբ նրանք կուսակցության անդամ են դառնում սեփական շահերից ելնելով՝ ասենք, պատգամավոր դառնալու կամ լավ հարստանալու համար»:
Արմինե Ստեփանյան, ինժեներ-նյութագետ.– «Դա ընտրության խնդիր է: Կարելի է հստակ քաղաքական դիրքորոշում ունենալ, բայց չլինել քաղաքական որեւէ կուսակցության անդամ: Նրանք, ովքեր ընդգրկվում են կուսակցությունների մեջ՝ կամ ինչ-ինչ անձնական խնդիրներ են լուծում, կամ փորձում են իրենց դիրքորոշումը հանրությանը տեսանելի դարձնել»:
Գոռ Միքայելյան, դերասան.– «Սիրում եմ….. հեռվից»:
Արմեն Հովհաննիսյան, իրավաբան.– «Իմ կարծիքով, եթե մարդը պատկանում է որեւէ կուսակցության, ապա նա զգալիորեն կաշկանդված է թե իր գործողություններում, թե մտածողությամբ: Երիտասարդների դեպքում դա հատկապես վտանգավոր է, քանի որ նրանք չունեն հստակ ձեւավորված կարծիք եւ հեշտ են ենթարկվում ազդեցության»:
Հրանտ Ստեփանյան, ֆիզիկոս.– «Միայն նայեք, թե որ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերն են տեսանելի՝ միայն իշխանամետ: Դա ամեն ինչ բացատրում է»:
Ներկայանալ չցանկացող լրագրող.– «Սափրագլուխ Արմեն Աշոտյաններ. ի՞նչ կարծիք պիտի ունենամ»:
Տիգրան Մինասյան, տնտեսագետ.– «Նրանք, ովքեր ասպարեզում են, խիստ հակակրանք են առաջացնում, իսկ ում գործողությունները տեսանելի չեն, նրանց մասին ոչինչ ասել չեմ կարող, պարզապես չեմ ճանաչում»:
Գուրգեն Հարությունյան, երկրաբան.– «Երիտասարդները պետք է քաղաքականապես ակտիվ լինեն, իսկ կուսակցությունների մեջ մտնելն անհրաժեշտ է քաղաքական եւ հասարակական ասպարեզում ակտիվ մասնակցություն ունենալու համար»:
Լուսինե Ղազարյան, հոգեբան.– «Եթե անդամագրվում են քաղաքական համոզմունքներից ելնելով, ապա նորմալ է, իսկ եթե դա կարիերա անելու ճանապարհ է, ապա դրանից լավ բան չի կարելի սպասել»: