Ովքե՞ր են այս արկածախնդիրները

24/03/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Արդեն անդրադարձել ենք Քենիայում Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի արկածներին։ Մեր հրապարակումները պատրաստելիս օգտվում ենք հենց քենիական մամուլից: Տեղեկություններն այնքան խճճված եւ հակասական են, որ դրանցից գլուխ հանելն իսկապես շատ դժվար է։

Եթե երկու բառով ներկայացնենք, ապա պատմությունը հետեւյալն է։ Այս երկուսը, ովքեր ներկայացել են Արթուր Մարգարյան եւ Արթուր Սարգսյան անուններով, ներկայանում են որպես բիզնեսմեններ, որոնք գործեր ունեն մի քանի երկրներում։ Նրանք հավաստիացնում են, որ անցյալ տարի Քենիա են եկել ներդրումային հնարավորություններ փնտրելու համար։ «Քենիա ժամանելուց հետո մեզ ներկայացրին տեղի քաղաքական գործիչներին, այդ թվում` Ռայլա Օդինգային եւ Կալոնսո Մուսյոկային (նրանք ընդդիմադիր գործիչներ են.- Բ.Թ.)։ Վերջիններս մեզ խնդրեցին գումար հատկացնել՝ նախագահին անվստահություն հայտնելու ուղղությամբ քվեարկություն անցկացնելու համար։ Գումարը կազմում էր 3 մլն շիլինգ։ Մենք մերժեցինք, քանի որ չենք խառնվում այլ երկրների ներքին քաղաքականությանը»,- մարտի 13-ին Նայրոբիում գրավոր հայտարարություն է տարածել Արթուր Սարգսյանը։

Սակայն նույն հայտարարության մեջ Սարգսյանը նշում է, որ պարտք է տվել Օդինգային. «Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Օդինգան ինձանից 1,5 մլն ԱՄՆ դոլար պարտքով փող խնդրեց։ Ես ընդառաջեցի նրան՝ պայմանով, որ մինչեւ 2006թ. հունվարի վերջը պետք է գումարը ետ վերադարձնի։ Սակայն նա մինչ օրս այդ գումարը ետ չի տվել»։

Ռայլան, որը միեւնույն ժամանակ ռազմական ոստիկանության աշխատակից է, հերքել է այդ տեղեկությունը եւ պահանջել է ապացույցներ ներկայացնել։

Այս պատմությունը սկսվել է “The Standard” քենիական թերթի վրա հարձակվելուց հետո։ Թերթի լրագրողների հավաստմամբ, հարձակվողների մեջ եղել են 2-4 սպիտակամորթներ, իսկ հաջորդ օրն Օդինգան բացահայտել է նրանց ինքնությունը՝ նշելով Ա. Սարգսյանի եւ Ա. Մարգարյանի անունները։ Ընդ որում, ըստ նույն թերթի լրագրողների, Օդինգան սկզբում հայտարարել է, որ նրանք ռուսներ են, իսկ հետո ուղղել՝ հայեր են՝ որպես ապացույց ներկայացնելով նրանց անձնագրերի պատճենները։

Սա դուր չի եկել Մարգարյանին եւ Սարգսյանին։ «Ես վրդովված եմ ձեր մամուլում տեղ գտած անհիմն հրապարակումներով, դրանք նսեմացնում են մեր արժանապատվությունն ու գործարար համբավը»,- հայտարարել է արկածախնդիր Սարգսյանը եւ ավելացրել, որ ինքը Հայաստանի նախագահի զարմիկն է եւ նախագահի թեկնածու է։ ՀՀ նախագահի մամլո խոսնակը մեր թերթում օրերս հերքեց աֆրիկյան զարմիկների առկայության փաստը:

Ըստ հաղորդագրությունների, Ա. Սարգսյանն այժմ գտնվում է Դուբայում եւ դեռ մտադիր չէ վերադառնալ։ Ինչ վերաբերում է Մարգարյանին, ապա նրա գործողությունների հիման վրա կարելի է ֆիլմ նկարել։ Նա հայտարարել է, որ ինքը ոչ մի մեղք չունի եւ ոչ ոքից չի վախենում, բացի Աստծուց։ «Քրիստոնեությունը Հայաստանում ավելի շուտ է ընդունվել, քան Հռոմում։ Աստված ինձ պաշտպանում է»,- հայտարարել է նա։

Դեպքերի զարգացումից հետո, նա, ինչպես եւ խոստացել էր, Դուբայից 6 շուն է բերել՝ իր շքեղ առանձնատունը պաշտպանելու համար։ Դրանցից մեկն, ի դեպ, արդեն հասցրել է գզել մի ոստիկանի, որը փորձել է Մարգարյանի բացակայության ժամանակ մուտք գործել նրա տուն։ «Եթե ցանկանում են ինձ հետ կռվել, ես պատրաստ եմ։ Իսկ ով առանց հրավերի մուտք կգործի այս դարպասներից ներս, ապա իմ շները նրան կբզկտեն»,- հայտարարել է Մարգարյանը։

Հետաքրքրությունն այս գործի նկատմամբ գնալով մեծանում է։ Քենիայի առեւտրի նախարար Մուկիսա Կիտույին գտնում է, որ հայերին պետք է արտաքսել իրենց երկրից։ «Ծիծաղելիորեն հագնված այս երկու օտարերկրացիների պատճառով կառավարությունը նվաստացնում է քենիացիներին»,- հայտարարել է նախարարը։ Ինչպես նշեցինք, Սարգսյանն այժմ գտնվում է Դուբայում, իսկ Մարգարյանի գտնվելու վայրի վերաբերյալ երեկվա դրությամբ ոչ մի տեղեկություն չկար։ “The Standard”-ի հրապարակման համաձայն, իրենք փորձել են զանգահարել Մարգարյանին՝ սակայն ինչ-որ մի կին պատասխանել է՝ «սխալ եք զանգել», եւ անջատել է հեռախոսը։ Առանձնատան անվտանգության աշխատակիցը տեղեկացրել է, որ Մարգարյանը գտնվում է իր տանը, սակայն նրա փաստաբանն ակնարկել է, որ մեր հայրենակիցն առայժմ անցել է ընդհատակ։ Նա չի հստակեցրել Մարգարյանի գտնվելու վայրը, սակայն նշել է. «Նա դեռ մոտակայքում է»։

Ինչ վերաբերում է Հայաստանի բարձրաստիճան անձանց հետ ունեցած կապերին, ապա այստեղ նույնպես խառնաշփոթ է։ Ա. Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի բարեկամն է, իսկ հետո շրջանառության մեջ է հայտնվել ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի անունը։ Քենիական թերթը գրում է, որ իրենք փորձել են տեղեկություն ստանալ վարչապետի մամուլի ծառայությունից, որտեղից նրանց պատասխանել են, որ վարչապետը Արթուր Սարգսյան եւ Արթուր Մարգարյան անուն-ազգանունով բարեկամներ չունի։ Եվ նախագահի թեկնածու լինել նրանցից ոչ ոք չի կարող, քանի որ նրանք Հայաստանի մշտական բնակիչ չեն հանդիսանում։