– Այսօրվա դրությամբ քանի՞ հայ է ապրում Ռուսաստանում:
– Մոտ 2,5 մլն: Դրանցից միայն 20%-ն են հայաստանցի հայեր, մնացածները այստեղ են ծնվել, կամ տեղափոխվել են Աբխազիայից, Վրաստանից, Ղազախստանից, ՈՒզբեկստանից: Ջավախքից շատ հայեր կան, շատ են նաեւ փախստականները` ավելի քան 300.000:
– Իսկ Մոսկվայո՞ւմ:
– Մեր դեսպանատան ու իմ հաշվարկներով` մոտ 350.000 հայեր կան միայն Մոսկվայում:
– Պրն դեսպան, ինչպես գիտեք, Հայաստանն այլեւս թույլ է տալիս երկքաղաքացիությունը: Ինչպե՞ս են լուծվելու դրա հետ կապված իրավական խնդիրները, որոնք անպայման կծագեն:
– Դա չափազանց կարեւոր հարց է: Մեզ հուզող այդ հարցը վերաբերում է ամբողջ աշխարհի հայերին եւ շատ բարդ է այն իմաստով, որ մեզ մոտ` հենց մեր հանրապետությունում, ավելի քիչ հայ է ապրում, քան ողջ աշխարհում միասին վերցրած: Միջազգայնագետ իրավաբանները պետք է ձեւեր գտնեն, որից հետո կկնքվեն երկկողմ համաձայնագրեր: Դա սկզբունքորեն բավականին հեշտ լուծվող հարց է Ռուսաստանում, քանի որ Ռուսաստանի օրենսդրությունը չի արգելում երկքաղաքացիությունը:
– Մեր հայրենակիցներից քանի՞սն ունեն երկքաղաքացիություն:
– Ռուսաստանում բնակվող հայերի 20%-ը հայաստանցի հայեր են, նրանց 70%-ն ունի երկու անձնագիր, եւ դա փաստ է:
– Իսկ որտե՞ղ պիտի ծառայեն երկու անձնագիր ունեցող պատանիները:
– Բանակի հարցն ամենաբարդն է: Բանակում ծառայելը Հայաստանի քաղաքացիների պարտականությունն է: Մարդիկ Ռուսաստան են տեղափոխվում հիմնականում ընտանեկան պատճառներով, կան նաեւ այնպիսիները, որոնք խուսափում են ծառայությունից: Այս տարի մենք Ռուսաստանի տարբեր շրջաններից բավականին շատ պատանիների կարողացանք ուղարկել Հայաստան` բանակում ծառայելու եւ նորից հետ վերադառնալու Ռուսաստան: Մարդիկ սկսում են գիտակցել, որ պետք է անցնեն այդ ամենի միջով, որ չեն կարող ամբողջ կյանքում ապրել անօրինական ձեւով: Շատերն են դա հասկացել, մենք էլ մեր կողմից ամեն ինչ անում ենք նրանց օգնելու համար: Մենք հանդիպումներ ենք անցկացնում, բացատրական աշխատանքներ ենք տանում, որ եթե նույնիսկ նրանք հետախուզման մեջ են, ապա Հայաստան գնալու դեպքում մեղադրանքը հանվում է նրանց վրայից, եւ նրանք հանգիստ գնում են բանակ: Նրանք շատ գոհ են դրանից: Ուզում եմ նշել նաեւ, որ շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք սովորում են այստեղ առաջնակարգ բուհերում` Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Պատրիս Լումումբայի անվան ինստիտուտում, բայց նրանք քվոտայով չեն ընդունվել եւ ենթակա են բանակ զորակոչվելու: Նրանց համար մենք հիմա խնդրում ենք Հայաստանին զիջումների գնալ եւ տարկետում տալ, քանի որ այդ երիտասարդները Հայաստանի ապագան են:
– Ինչպե՞ս կարելի է բնութագրել Ռուսաստանի հայ համայնքը:
– Սփյուռք բառը մենք վերջերս ենք սկսել օգտագործել, նախկինում մենք պարզապես մի երկրի քաղաքացիներ էինք, 15 տարի է, ինչ մենք դարձել ենք համայնք, նոր-նոր է սկսում աշխատել համայնքային մտածողության մեխանիզմը: Մարդիկ հասկանում են, որ ներքին ինքնապահպանման համար ընտանիք ունեցող հային անհրաժեշտ է, որ իր երեխան չմոռանա մայրենի լեզուն, կապված լինի հայ մշակույթի, Հայաստանի հետ: Բոլոր տեղերում, որտեղ շատ հայեր կան, հարուստ մարդիկ կան, ովքեր ֆինանսավորում են եկեղեցու, հայկական կիրակնօրյա դպրոցների կառուցումը, հայ ուսուցիչներ են հրավիրում իրենց երեխաների համար: Ահա այսպես կամաց-կամաց ստեղծվում է համայնքը: Բոլոր տեղերում չէ, որ համայնքը ղեկավար ունի, բայց կարող եմ ասել, որ 70-80%-ն արդեն կազմավորված համայնքներ են: Վերջին տարիներին մենք ակտիվորեն շփվում ենք գրեթե բոլորի հետ, լավ հարաբերությունների մեջ ենք, տարին մի անգամ հավաքում ենք բոլորին: Շրջաններ կան, որտեղ հայերը շատ ակտիվ են, օրինակ` Պերմի, Ռոստովի, Սամարայի հայերը: Մեր մեծագույն հաջողություններից մեկն այն է, որ այսօր Ռուսաստանում կա Ռուսաստանի հայերի միություն. այս կազմակերպությունը կարողացել է իր մասնաճյուղերը ստեղծել գրեթե բոլոր շրջաններում, շատ ակտիվ աշխատում են բոլոր շրջանների հայերի հետ, նաեւ Մոսկվայում են մեզ շատ օգնում: Շատ հարցեր մենք լուծում ենք հենց այդպիսի կազմակերպությունների միջոցով:
– Ռուսաստանում շատ կան հարուստ հայեր, ինչպե՞ս են նրանք իրենց զգում այստեղ, կապեր ունե՞ն Հայաստանի հետ:
– Նրանց հաջողությունը պայմանավորված է նաեւ այն բանով, որ Հայաստանն ու Ռուսաստանը շատ լավ հարաբերությունների մեջ են տարբեր առումներով, այդ թվում եւ` անվտանգության: Բայց, միեւնույն է, նրանք այստեղ հյուր են: Դեսպանատունը հասավ նրան, որ այսօր հարուստները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Ամեն դեպքում, բոլոր այն հայերը, ովքեր այստեղ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, կապիտալ ունեն, արդեն իրենց բիզնեսն ունեն նաեւ Հայաստանում: Մեկը խանութներ է կառուցում, մյուսը` բնակելի շինություններ, մեկը հյուրանոց կամ փոքր գործարաններ ունի: Նրանք ասում են, որ թող փոքր լինի բիզնեսը, բայց մենք հանգիստ ենք, որ այն ունենք Հայաստանում: Գիտենք, որ ոչ մի բիզնեսմեն հենց այնպես գումար չի ներդնի: Թեկուզ աննշան, բայց եկամուտ պետք է ունենա: Նրանք մտել են շուկա եւ հիմա գնալով ավելի շատ են ներդրումներ անում: Դրան գումարած եւ այն, որ նրանք ներգրավում են նաեւ իրենց ռուսաստանցի գործընկերներին:
– Ի՞նչ խնդիրներ ունեն Ռուսաստանում ապրող հայերը:
– Դրանք հիմնականում կապված են փաստաթղթերի հետ, հիմա տասնյակ հազարավոր հայեր ապրում եւ աշխատում են հին, Խորհրդային Միության անձնագրերով: Այժմ դա ընդամենը թղթի կտոր է, եւ ոչ Հայաստանում, ոչ այստեղ օրենքի ուժ չունի: Դրանք հիմնականում շրջաններում ապրող մարդիկ են եւ դուրս չեն գալիս, աշխատում են այնտեղ, երեխաները դպրոց են գնում, ոչ ոք նրանցից անձնագիր չի հարցնում, այն, փաստորեն, նրանց պետք չի գալիս: Մենք մամուլի, հյուպատոսների, համայնքների միջոցով փորձում ենք բացատրել նրանց, որ հենց որ ցանկանան որեւէ տեղ մեկնել, անմիջապես կհայտնվեն օրենքից դուրս, եւ նրանց ուղղակի կարտաքսեն երկրից: Մի խնդիր էլ կա. նոր օրենքով անձնագիրը փոխելն արժե 100-120 դոլար, եւ երեխաներն անպայման պետք է անձնագիր ունենան: Շատերը դրա հնարավորությունը չունեն: Մենք մեր կողմից փորձում ենք օգնել բազմազավակ ընտանիքներին, թոշակառուներին, բայց դա հարցի լուծում չէ: Խնդիրն այն է նաեւ, որ Ռուսաստանը հսկայական երկիր է, եւ այսօր Յակուտիայից, Վլադիվոստոկից Մոսկվա գալը թանկ հաճույք է, մենք չենք հասցնում մեր հյուպատոսական ծառայությունների միջոցով լուծել բոլոր հարցերը: Իսկ մենք ունենք ընդամենը երկու գլխավոր հյուպատոսություն` Ռոստովում եւ Պետերբուրգում: Բացի այդ, մեր քաղաքացիներից շատերի անձնագրերի 5 տարով դրված կնիքի ժամկետը լրացել է: Այդ անձնագրերն արդեն անվավեր են, մարդիկ դրանցով պարզապես չեն կարողանա որեւէ տեղ մեկնել: Շուտով մեր հյուպատոսն աշխատակիցների հետ կմեկնի տարբեր շրջաններ՝ տեղերում ամեն ինչ կարգավորելու համար: Այժմ նախատեսված է մեկնել Եկատերինբուրգ, հետո Օրենբուրգ եւ այլն: Հյուպատոսական ծառայությունների ու համայնքների միջոցով մենք արդեն տեղեկացնում ենք մարդկանց, որ նման խնդիրներով դիմեն հյուպատոսին:
– Ինչպիսի՞ն է վերաբերմունքը հայերի նկատմամբ:
– Այստեղ հայերին լավ են վերաբերվում, պետք չէ վերցնել առանձին դեպքեր, թե հայերն այս են արել, այն են արել: Նման դեպքեր լինում են բոլոր ազգերի մեջ, այդ հարցն ամբողջ Ռուսաստանի համար է խնդիր: Իսկ հիմնականում հայերին լավ են վերաբերվում, պետությունները բարեկամ են, ժողովուրդները` նույնպես: Հպարտությամբ կարող եմ ասել, որ դեսպանատունն ամեն ինչ անում է հայերի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ:
– Թվում է, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն ՀՀ քաղաքացիներին, ի տարբերություն, ասենք՝ Ուկրաինայի քաղաքացիների, առանց գրանցման կարելի է գտնվել Ռուսաստանում ընդամենը 3 օր: Այս հարցն ինչ-որ կերպ լուծվո՞ւմ է:
– Դա մեզ համար, իհարկե, շատ անհարմար է: Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Դեռ անցյալ տարի մենք այդ մասին խոսել ենք Գրիզլովի, Միրոնովի հետ: Դա իրավական հարց է, եւ դրա լուծումն ընթացքի մեջ է: Ես նույնիսկ օրինակ եմ բերել ռուսական կողմին՝ եթե, ասենք, եկել ես ուրբաթ երեկոյան, իսկ երկուշաբթի հերթերի պատճառով չես հասցրել ձեւակերպել գրանցումը, ուրեմն երկուշաբթի երեկոյան դու դառնում ես անօրինակա՞ն մարդ: Այդպես չպետք է լինի:
– Ի՞նչ կտա Ռուսաստանում Հայաստանի տարին:
– Մեզ թվում է, թե մեզ լավ են ճանաչում, թե յուրաքանչյուր ռուս պետք է իմանա` ով է հայը: Բայց դա այդպես չէ, մենք պետք է անընդհատ աշխատենք այդ ուղղությամբ: Մենք հպարտանալու շատ բան ունենք: Հայաստանի տարվա միջոցառումները շփվելու հնարավորություն են տալիս, ուր գործարարները, տնտեսագետները, քաղաքական գործիչները, կրթության եւ արվեստի մարդիկ նոր ուղիներ կարող են գտնել, նոր ներդրումներ, եւ այդ ժամանակ երկիրը կսկսի զարգանալ: Կարծում եմ` այս տարին շատ օգտակար կլինի երկու երկրների համար, մենք կարող ենք աջակցել մեր կոլեկտիվներին, մեր երիտասարդներին, որ նրանք կարողանան գնալ այլ երկրներ, ցույց տալ իրենց, ներկայանալ: Թող զգան, թե ովքեր են իրենք, միայն Երեւանում նստելով՝ հնարավոր չէ հասկանալ, թե ինչի են իրականում նրանք ընդունակ: Թող մի համերգը վատը լինի, մյուսը` լավը, թող քննադատեն, դա լավ է, թող տարբեր կարծիքներ լինեն, հենց դա է զարգացումը:
– Իսկ գլխավոր համերգից հայ արվեստագետներից ո՞ւմ կատարումն է ամենաշատը դուր եկել Վ. Պուտինին:
– Նա շատ էր հավանել «Արցախ» պարի անսամբլը, Բարսեղ Թումանյանի կատարումը, նույնիսկ ասաց. «Ես վաղուց չէի լսել այսպիսի յուրօրինակ ձայն»: Հաճույքով լսեց նաեւ Ջիվան Գասպարյանին, իհարկե, Պուտինը նրան վաղուց է ճանաչում:
Մոսկվա-Երեւան