Հայաստանում Վրաստանի դեսպանը՝ Վրաստանի շահերի դեմ

24/03/2006 Գեորգի ՈՒՁԻԼԱՈՒՐԻ, «Ախալի թաոբա» (Վրաստան)

Հայկական «Ազգ» թերթին տված հարցազրույցում Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն հայտնեց, որ, պարզվում է, Վրաստանին ձեռնտու չէ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, տեսեք-տեսեք, կարծում է, որ երկաթուղու այդ հատվածի կառուցումն անհրաժեշտ չէ, եւ ավելի արդյունավետ կլիներ գործարկել այլ երկաթուղային երթուղի՝ «Կարս-Գյումրի (Հայաստան)-Թբիլիսի»:

Վրաց դիվանագետի նման հայտարարությունն այնքան անարժանահավատ է, որ մենք փորձեցինք կապվել ինչպես Երեւանում Վրաստանի դեսպանության, այնպես էլ` Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հետ: Դեսպանությունում, ներողություն խնդրելով, հրաժարվեցին մեկնաբանություններից, իսկ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից այդ էլ չստացանք. այնտեղ ընդհանրապես հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց:

Եթե հայ լրագրողներն ինքնագլխություն չեն արել, եւ Գաչեչիլաձեի հայտարարությունը նրանց երեւակայության պտուղը չէ, այլ դեսպանն իսկապես քննադատում է Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման պետական ծրագրերը, ապա նա իրավասու չէ, կամ էլ իրավասու չէ մեկ շաբաթ առաջ Վրաստան ժամանած Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզարը, որը հայտարարեց, որ Թուրքիան շահագրգռված է եւ շարունակում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման աշխատանքները:

Համարյա մեկ տարի առաջ` 2005 թվականի մայիսին, երեք երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները՝ Սահակաշվիլին, Սեզարը եւ Ալիեւը, պայմանավորվեցին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի իրականացման մասին եւ հայտարարեցին, մասնավորապես, այն մասին, որ Կարս-Ախալքալաք հատվածի կառուցման համար պահանջվում է 450 միլիոն եվրո, հասարակությանը վստահեցնելով, որ այդ միջոցներն իրենք կգտնեն համատեղ ուժերով:

Եթե հավատանք հայկական լրատվամիջոցներին, ապա ստացվում է, որ Հայաստանում Վրաստանի դեսպանն անտեսում է ոչ միայն իր նախարարությանը, այլեւ նախագահի կարծիքը եւ իր պետության արտաքին քաղաքականությունը: Իսկ եթե դա այդպես է, ապա Ռեւազ Գաչեչիլաձեին անհրաժեշտ է շտապ հետ կանչել` հակավրացական շահերի իրականացմանը մասնակցության հետ կապված:

Ժողովրդավարական եւ նորմալ երկրում Արտաքին գործերի նախարարությունը փորձում է օպերատիվ բացատրություն տալ նմանատիպ զավեշտներին: Սակայն, ցավոք, մեր գերատեսչությունը չի հոգում վրացական պետության վարկի մասին այս աստիճան լուրջ հարցում: Եթե Գաչեչիլաձեն հաստատի հայկական մամուլում արած իր արտահայտությունները, իսկ արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին՝ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու նման սկսի քողարկել իր ստորադասին, այդ դեպքում ընդդիմությունն իրավունք կունենա պահանջել ոչ թե մեկ, այլ երկու նախարարների պաշտոնանկությունը: