Եվրամիությունը դեմ է խաղաղապահ ուժեր տեղակայելուն

24/03/2006 Ֆ. ԹԱՅՄՈՒՐԽԱՆԼԻ, «Զերկալո» (Ադրբեջան)

«Ղարաբաղյան հիմնախնդրում կողմերի կոնկրետ արդյունքների ձեռքբերումից հետո, չի բացառվում, որ Եվրամիությունը կարող է խաղաղապահ ուժեր ուղարկել տարածաշրջան, ինչպես նաեւ` օգնել պատերազմի արդյունքում տուժած տարածքների վերականգնմանը: ԵՄ-ն կարող է խաղաղապահ գործողություններ իրականացնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ միջազգային կառույցների հետ կոալիցիայով»: Այս մասին երեկվա մամուլի ասուլիսում հայտնեց Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նա ավելացրեց, որ Եվրամիությունը չի հավակնում միջամտել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի իրավասություններին, որը գործում է որպես հակամարտության կարգավորման միջնորդ: Նա նաեւ դժվարացավ ասել, ինչ կազմով եւ կոնկրետ որտեղ կտեղակայվեն խաղաղապահ ուժերը: Ինչ վերաբերում է անմիջականորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ այդ հարցում 2006թ. հնարավոր «բեկմանը», ինչի մասին ավելի հաճախ են հնչում տարբեր հայտարարություններ, Փ.Սեմնեբին ասաց. «Ես դեռեւս հույս ունեմ, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ դրա համար ոչ բոլոր հնարավորություններն են սպառված: Պատերազմը պետք չէ եւ ոչ մի կողմին»:

Միեւնույն ժամանակ Փիթեր Սեմնեբին հայտարարեց, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի առաջադրած առավելագույն պահանջներն անհնարին են դարձնում առավելագույն դրական լուծման ձեռքբերումը: «Անհրաժեշտ են որոշակի սրբագրումներ հակառակորդների դիրքորոշումներում, ամենագլխավորը՝ սկսել խաղաղ կարգավորման գործընթաց, եւ հետագայում այդ ցանկությունը կօգնի թեթեւացնել ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը»,- ընդգծեց ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը:

Փ.Սեմնեբիի խոսքերով` ինքը մտադիր է շարունակել նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հեյկե Թալվիթիեի գործունեությունը, սակայն իր մանդատը կունենա ավելի լայն լիազորություններ: Մասնավորապես, Եվրամիությունը մտադիր է մեծ ուշադրություն եւ ռեսուրսներ ընձեռել Հարավային Կովկասի տարածաշրջանում «սառեցված» հակամարտությունների լուծման համար: Բացի այդ, եթե Հ. Թալվիթիեի գրասենյակը գտնվում էր Ֆինլանդիայում, ապա նոր եվրախորհրդարանականի գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Գրասենյակի նոր գտնվելու վայրը պատահական չէ: Փ.Սեմնեբիի կարծիքով, դա երկու հիմնական պատճառ ունի: Նախ, Հարավային Կովկասի անմիջապես երկու երկրներ (նկատի է առնվում Վրաստանը եւ Ադրբեջանը) ցանկանում են Եվրամիության անդամ դառնալ: Երկրորդը, Թուրքիան, որի հետ բանակցություններ են վարվում Եվրամիություն մտնելու վերաբերյալ, սահմանակցում է Հարավ-Կովկասյան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ: Նրա խոսքերով, Եվրամիության եւ Հարավային Կովկասի միջեւ կապերը՝ եվրոպական հարեւանության շրջանակներում գործողությունների ծրագրի հաստատման հետ զգալիորեն արդյունավետ են դառնում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին, ապա Փ.Սեմնեբին հայտնեց, որ ԵՄ-ն այդ տեսակետներին առաջնային նշանակություն է տալիս: Բացի այդ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնեց, որ երկօրյա այցի ընթացքում հանդիպել է պետության ղեկավար Իլհամ Ալիեւի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը Փ.Սեմնեբիին հաջողություններ մաղթեց իր առաքելության իրականացման գործում: Ի. Ալիեւը նշեց Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության հաջող զարգացումը եւ հույս հայտնեց, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն նաեւ հետագայում: Իր հերթին, Փ.Սեմնեբին նշեց, որ նոր պաշտոնում իր առաջին այցը տարածաշրջան սկսել է Ադրբեջանից: Նա մատնանշեց Եվրամիության աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ: Փ. Սեմնեբին վստահություն հայտնեց, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն ակտիվորեն կզարգանան նաեւ հետագայում:

Բացի այդ, Փ. Սեմնեբին հանդիպեց ընդդիմության ղեկավարների հետ, հանդիպումների ընթացքում քննարկվեցին Ադրբեջանում հասարակական-քաղաքական իրավիճակը, նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունները եւ հետընտրական ժամանակահատվածը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, Ադրբեջանի եւ Եվրամիության փոխհարաբերությունների հեռանկարները: