«Ուոլլ սթրիթ ջորնալ» թերթում տպագրված հոդվածում քննադատվում է Թուրքիայի իրավաբանների միության ղեկավար մարմնի անդամ Քեմալ Քերինչսիզը, որը հայցեր է ներկայացրել հայկական հարցի վերաբերյալ գիտաժողովի կազմակերպիչների եւ Օրհան Փամուկի դեմ:
Հոդվածում, թերթի ստամբուլյան թղթակից Ֆիլիպ Շիշկինի ստորագրությամբ, Քեմալ Քերինչսիզը բնութագրվում է որպես Թուրքիան Արեւմուտքից հեռացնելու փորձ անող անձ: Շիշկինն իր հոդվածում պնդում է, որ խոսքի ազատությունը սահմանափակելու Քերինչսիզի պահանջները զրոյականի են հասցնում Թուրքիայի ժողովրդավարական վարկը բարձրացնելու Անկարայի ջանքերը՝ այն ժամանակահատվածում, երբ երկիրը բանակցում է ԵՄ-ին անդամակցելու մասին:
Շիշկինը գրում է, որ Քերինչսիզի նախաձեռնած ակցիաները համապատասխանում են ազգայնական ուժերի ռազմավարությանը, որոնք նպատակ են հետապնդում Թուրքիային հեռացնել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից եւ նրան վերածել տարածաշրջանային այնպիսի գերտերության, ինչպիսին ժամանակին եղել է Օսմանյան Կայսրությունը:
Հոդվածում ընդգծվում է, որ Քերինչսիզի արդյունավետ ջանքերն առայժմ առանձնակի արդյունք չեն տվել, քանի որ Թուրքիայում զարգանում է քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաեւ խոսվում է Թուրքիայում ծավալվող բանավեճերում դատողությունների հնադարյան միջոցներից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
Հոդվածում Շիշկինն ուշադրություն է հրավիրում եւ այն բանին, որ ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունների գործընթացում փոխվել են ոչ քիչ օրենքներ եւ ավանդույթներ եւ, ընդհանուր առմամբ, թուրքերը հանդես են գալիս հօգուտ Եվրոպայի հետ առավել սերտ հարաբերությունների: Եվ Քերինչսիզի հայտարարությունները, որ Թուրքիային պետք չէ Եվրամիությունը, որը խոչընդոտ կդառնա տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նրա ձգտումներում, չի օգտվում հասարակության մեծ հատվածի աջակցությունից:
Հոդվածում հիշատակվում է, որ անցյալ տարի Քերինչսիզը հայցեր է ներկայացրել երկու համալսարանների, որոնք «Հայերը Թուրքիայում» համատեղ գիտաժողով էին կազմակերպել, գրող Օրհան Փամուկի եւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի դեմ: Մասնավորապես, Իրավաբանների միությունը մեղադրանք ներկայացրեց գիտաժողովի կազմակերպիչներին եւ նրանց աջակիցներին: Չնայած բոլոր խոչընդոտներին, հայկական հարցի վերաբերյալ գիտաժողովն անցկացվեց 2005թ. սեպտեմբերի 24-25-ը Բիլգի համալսարանում: Կազմակերպիչները պնդում էին, որ դրա ամենադրական արդյունքը եղավ «ակադեմիական ազատությունը»: Անցյալ տարի փաստաբան Քեմալ Քերինչսիզը եւ այլ երկու անձինք գերմանական «Դի վելտ» թերթին տված հարցազրույցում մեղադրեցին գրող Օրհան Փամուկին` թուրք զինվորին վիրավորելու համար: Փորձ ձեռնարկվեց նաեւ` Եվրախորհրդարանի Նիդեռլանդներից պատգամավոր Յուսթ Լեգենդեյկին մեղադրել Թուրքիայի զինված ուժերին վիրավորելու համար: Հայցերից եւ ոչ մեկը ցանկալի արդյունքի չբերեց:
«Ուոլլ սթրիթ ջորնալ»-ը նույնպես մեջբերում է արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Աբդուլլա Գյուլի արտահայտություններն այն մասին, որ խոսքի ազատության դեմ ուղղված օրենքները բացասաբար են անդրադառնում երկրի հեղինակության վրա: Սակայն, գրում է թերթը, կառավարությունն առայժմ իրական քայլեր չի արել խոսքի ազատության աջակցության ուղղությամբ:
«Միլլիեթ» (Թուրքիա)
www.mediadialogue.org