Վարազդատ Գասպարյանը, որը երբեւէ չէր հանդիպել հարազատ հորը, մոր մահից հետո որոշում է փնտրել նրան եւ 27 տարեկան հասակում գտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իսկ 65-ամյա իրաքահայ Վարդինե Հակոբյանը, ով դեռ երկու տարի առաջ Իրաքում ամերիկյան կազմակերպության աշխատակից էր, Իրաքյան պատերազմի ընթացքում մահմեդականների կողմից իբրեւ հայ քրիստոնյա հալածվելով եւ կորցնելով ողջ կարողությունը՝ 2004թ. դեկտեմբերից ապաստանում է Հայաստանում եւ փնտրում եղբորը:
2005թ. կեսերին, երբ նա հուսակորույս նպատակադրվում է մեկնել Սիրիա, եղբայրը գտնվում է: «Մեծ վիշտ է հարազատի կորուստը, բայց կրկնակի երջանկություն է նրան վերագտնելու բերկրանքը: Մենք կօգնենք ձեզ որոնել եւ գտնել»,- այս նշանաբանը որդեգրած Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) «Որոնման ծառայության» միջնորդությամբ են գտնվել վերը նշված որոնվող անձինք: Ծառայության ղեկավար Նունե Ասլանյանի տվյալներով, անցյալ տարի որոնման հայտերը կրկնակի աճել են, ինչը պայմանավորված է առկա անկանոն միգրացիայի աճով: 2005թ. ստացված հարյուր հայտերից 45-ը դրական ելք են ունեցել: Ըստ Ն. Ասլանյանի, ընդհանուր առմամբ, հայտերի 60-70 %-ը դրական լուծում են ստանում՝ ՀԿԽԸ-ի համակարգչային տվյալների բանկի եւ Կարմիր խաչի համաշխարհային հզոր ցանցի շնորհիվ: Այս հարցում ազգային Կարմիր խաչին սատարում են նաեւ պետական գերատեսչությունների համապատասխան օղակները: Ծառայության ղեկավարի խոսքերով, որոնման հայտերում քիչ չէ նաեւ տնտեսական միգրացիայի հետեւանքով կազմալուծված ընտանիքների թիվը, երբ կինը փնտրում է ամուսնուն, կամ՝ հակառակը: Ն. Ասլանյանը ներկայացրեց եւս մի ուշագրավ դեպք. վանաձորցի հայրն արդեն երկար տարիներ փնտրում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած որդուն՝ Արսեն Չիլինգարյանին եւ արդեն 7 տարի է՝ լուր չունի նրանից: Որոնման աշխատանքներից հետո պարզվել է, որ նա, կորցնելով անձը հաստատող փաստաթղթերը, ներկայումս գտնվում է Չեչնիայի բանտերից մեկում: Ա. Չիլինգարյանի որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:
Ինչպես փաստում է ծառայության ղեկավարը, մինչ օրս փնտրվում են նաեւ 1988թ. երկրաշարժի հետեւանքով անհայտ կորած քաղաքացիները:
Մարդիկ իրար կորցնում են ոչ միայն պատերազմական, տարերային աղետների հանգամանքներում, այլեւ խաղաղ պայմաններում: «Թիմ» հասարակական կազմակերպությունը երկու տարի առաջ է իրականացրել «Հանդիպման վայր» որոնողական ծրագիրը: Համագործակցելով ֆրանսիական եւ ռուսական համապատասխան ինտերնետային կայքերի հետ՝ նրանք ծրագրի շրջանակներում ստացված մի քանի հազար հայտերից դրական արդյունք են ապահովել մոտ 150-ի համար: Կազմակերպության ներկայացուցչի դիտարկմամբ, Հայաստանում որոնման ծառայություններ իրականում չկան, իսկ եղածներն էլ սուղ ֆինանսական միջոցների պատճառով գործում են ոչ արդյունավետ: «Օրինակ, ԱՄՆ-ում ակտիվ գործում են վճարովի ինտերնետային կայքեր, որոնք լիովին արդարացնում են իրենց գոյությունը»,- ասում է ՀԿ-ի ներկայացուցիչը:
Որոնման գործընթացում մասնագետները կարեւորում են հատկապես հեռուստատեսության դերը: Ասածի ապացույցը մոսկովյան «Ժդի մենյա» հաղորդաշարի մեծ լսարանն է. 5 տարվա ընթացքում սիրված հաղորդման խմբագրությունը ստացել է 1 միլիոնից ավելի հայտ: Տեղական եթերն այս առումով դատարկ է, միայն 2004թ. Հանրային հեռուստատեսությունը նման մի փորձ արեց՝ ի դեմս «Ճակատագրեր» հաղորդաշարի: Կարճ ժամանակաընթացքում ստեղծագործական խմբին այդպես էլ չհաջողվեց ոչ մի անհայտ կորած անձ հայտնաբերել: Հ1-ի պատասխանատուներից մեկի բնորոշմամբ, նախագծի հեղինակը չկարողացավ արդարացնել իր խոստումները, եւ խումբը հայտնվեց ցայտնոտի մեջ: Ղարաբաղյան հակամարտությունից հետո հայկական տոնացույցում ավելացել է հունիսի 29-ը՝ իբրեւ Անհայտ կորած ազատամարտիկի օր: Առանձին ուսումնասիրությունների համաձայն, Արցախյան պատերազմի պատճառով մինչ օրս անհայտ կորած է համարվում 79 ազատամարտիկ: Իսկ ադրբեջանական բանտերում գտնվում է 100 ռազմագերի:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության առաքելություններից մեկը ԼՂ հակամարտության հետեւանքով անհայտ կորած քաղաքացիների եւ զինվորականների որոնումն է: ԿԽՄԿ-ի նորացված ցուցակներում, որոնք 2004թ. ներկայացվել են Հայաստանի իշխանություններին, ընդգրկված է 3165 անհայտ կորած մարդ:
Պատվիրակ Կատրին Պատրոնոֆֆը մեզ հետ հարցազրույցում նշեց, որԿԽՄԿ-ն ընդլայնել է իր գործունեությունն անհայտ կորածների ճակատագրի պարզման ոլորտում: Կազմակերպությունը համագործակցում է բոլոր կողմերի հետ: 2006թ. ԿԽՄԿ-ն նախատեսում է սկսել նախնական տվյալների` անհայտ կորած մարդկանց մասին ֆիզիկական եւ անձնական տեղեկությունների հավաքում: Թե որքա՞ն կտեւեն այդ աշխատանքները եւ որքա՞ն ժամանակ կպահանջվի դիակների ինքնության ճանաչման աշխատանքները սկսելու համար, պատվիրակը չէր կարող կանխորոշել, քանի որ պետք է հաղթահարվեն շատ խնդիրներ, որոնցից մեկն է գերեզմանավայրերի տեղակայումը: «Ովքեր կռվել են, նրանք էլ գիտեն, թե որտեղ կարող են տեղակայվել գերեզմանները: Որոշ գերեզմաններ կարող են գտնվել ԼՂ տարածքում կամ այլ վայրերում, բայց ԿԽՄԿ-ն չէ, որ կարող է ցույց տալ վայրը: Սակայն մենք խրախուսում ենք իշխանություններին` աշխատելու այդ հարցի շուրջ»,- ասում է տիկին Պատրոնոֆֆը: Նա նշեց նաեւ, որ դիակների ինքնության ճանաչման գործընթացում ԿԽՄԿ-ի փորձագետները պատրաստ են օժանդակելու տեղի իշխանություններին` ապահովել տարածաշրջանային դատական բժշկի ծառայություն, կազմակերպել դասընթացներ տեղի մասնագետների համար եւ ցուցաբերել տեխնիկական աջակցություն: Պատվիրակն ավելացրեց նաեւ, որ խաղաղ պայմաններում քաղաքացիները կամ զինվորները երբեմն պատահաբար անցնում են սահմանը (հաճախ մառախլապատ եղանակի պատճառով) եւ հայտնվում են Ադրբեջանի տարածքում: Երբ նման բան է տեղի ունենում, ԿԽՄԿ-ն դիմում է իշխանություններին` թույլ տալու այցելել ազատազրկման վայր եւ համոզվել նրանց ինքնակամ հայրենիք վերադառնալու փաստի մեջ, եւ օժանդակում նրանց հայրենադարձմանը: Վերջին այդպիսի միջադեպն արձանագրվել է 2005թ. դեկտեմբերի 15-ին, երբ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածից տեղափոխվել է հայազգի մի կին: 1994 թվից մինչ օրս ԿԽՄԿ-ի տվյալներով գրանցվել է հայրենադարձման 655 դեպք:
Հ.Գ. Անհայտ կորած անձանց անուն-ազգանունները հորինված են՝ գաղտնիության պահպանման սկզբունքը չխախտելու համար: