Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը հանդես է եկել մի հաշվետվությամբ, որը վերաբերում է Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործում ԵՄ դերին: Հաշվետվության մեջ նշված է, որ սեփական անվտանգության ապահովման համար Եվրամիությունը պետք է ավելի խոր ներգրավվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացին, որպեսզի դրանք չվերածվեն լայնամասշտաբ պատերազմի` «Եվրոպական հարեւանության» տարածաշրջանում:
Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում Եվրամիության դերի, տարածաշրջանում նրա հանդեպ վստահության մասին զրուցեցինք ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: Նրա կարծիքով, Ղարաբաղում ընդհանրապես որեւէ մեկի նկատմամբ լուրջ վստահություն չկա եւ չի էլ կարող լինել: «Անձամբ ես այն կարծիքին եմ, որ անկողմնակալ միջնորդ եւ միջնորդություն չի լինում: Եվ հենց այն հանգամանքը, որ հրադադարի հաստատումից անցել է 12 տարի, եւ հակամարտությունը մնում է չկարգավորված, վկայում է, որ միջնորդներն իրենք այնքան էլ լրջորեն շահագրգռված չեն այդ հարցով: Այնպես որ, միջնորդության ֆորմատի փոփոխությունից որեւէ էական ակնկալիքներ, կարծում եմ, ԼՂՀ-ում որեւէ մեկը չի կարող ունենալ: Պետք է փոխվի միջնորդության մեթոդոլոգիան: Այսինքն` միջնորդությունը պետք է հենվի այն իրողության վրա, որ անկախություն հռչակած, իր անկախության միջազգային ճանաչմանը ձգտող ԼՂՀ-ն եւ Ադրբեջանն ունեն խնդիրներ: Եթե ցանկացած միջնորդ կարծում է, որ հակամարտության կարգավորումը մեծացնելու է իր ազդեցությունը տարածաշրջանում, եւ ձգտում է իր գործունեությունը կառուցել միայն այդ նպատակի գերակայությամբ, ապա դա լուրջ միջնորդություն համարել չի կարելի: Եթե միջնորդությունը ելնում է նրանից, որ առկա իրավիճակը չի համապատասխանում երկու ժողովուրդների` Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի շահերին եւ փորձում է երկու ժողովուրդներին, նրանց քաղաքական վերնախավերին, երկու երկրների ղեկավարությանը համոզել, որ ստատուս քվոն հղի է տնտեսական, սոցիալական, քաղաքական, քաղաքացիական զարգացման խոչընդոտներով, ապա սա կարելի է ընդունել»,- մեր զրույցի ժամանակ նշել է Վ. Աթանեսյանը: Խոսելով Եվրամիության դերակատարության մասին` նա նկատեց. «Բնականաբար, Եվրամիությունը ձգտում է ունենալ քաղաքակիրթ հարեւաններ եւ Հարավային Կովկասը դիտում է որպես իր ապագա մաս: Բայց կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ հռչակագրային երաշխիքներով վերանայմանը: Այսինքն, Եվրամիությունը եթե պատրաստ է բացառել Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ զինված նախահարձակման հնարավորությունը, սա այլ խնդիր է, եթե Եվրամիությունը փորձում է Ադրբեջանի տնտեսական եւ մյուս բոլոր հնարավորությունները գործի դնել ԼՂՀ ժողովրդին համոզելու, որ ապագա միավորված Եվրոպայում, որի մաս կարող է կազմել նաեւ Հարավային Կովկասը, սահմանների հարցը արժեք չի ունենալու, ապա սա ես իրատեսական չեմ համարում, որովհետեւ բուն Եվրոպայում էլ վերջին շրջանում ծագել են խնդիրներ, եւ չի բացառվում, որ նոր խնդիրներ էլ կարող են ծագել: Եվ եթե Եվրամիությունը չկարողացավ անարյուն լուծել Հարավսլավիայի տրոհման հետեւանքով առաջացած իրավիճակը, ապա չեմ կարծում, որ նույն Եվրամիությունը կարող է Հարավային Կովկասում կարգավորել որեւէ խնդիր: Պատկերացնել, որ ինչ-որ մի գաղափարի շուրջ կարող են ընդհանուր եզրակացության գալ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, եւ ապրել մի պետության համակարգում, սա իրականությունից կտրված պատկերացում է: Խնդիրը կարող է լուծվել միայն ԼՂՀ ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն, այդ թվում եւ` առաջին հերթին Ադրբեջանի կողմից ճանաչվելուց հետո միայն: Որեւէ այլ լուծում այս պահի դրությամբ լինել չի կարող»:
Վահրամ Աթանեսյանի կարծիքով, Եվրամիության ներգրավումը բանակցային գործընթաց ոչինչ չի տա ոչ միայն մեզ, այլեւ` Ադրբեջանի ժողովրդին: «Ներմուծված արժեքները չեն կարող էֆեկտիվ գործել մի տարածաշրջանում, որտեղ արժեքային այլ համակարգ է: Եթե Հարավային Կովկասն ինքնուրույն կկողմնորոշվի, եւ ժողովուրդները կգան այն եզրակացության, որ երեք սուվերեն պետություն` Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան, դառնում են Եվրամիության մաս եւ վերացնում են իրենց ներքին սահմանները եւ այլն, ապա դա կարող է լինել 100 տարի հետո: Բայց միավորման գալու համար նախ պետք է անջատվել, ինչպես եվրոպական երկրների փորձն է:
Ցանկացած միջնորդ` ԵԱՀԿ, ՄԱԿ, Եվրամիություն եւ այլն, իր միջնորդությունը, իմ պատկերացմամբ, պետք է սկսի շարքային մարդկային շփումների մակարդակից, որին Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է: Ադրբեջանն իր հասարակությանը մշտապես պահում է իզոլյացիայի մեջ»,- ասել է զրուցակիցս: