Մարտի 22-ի դրությամբ Վանաձորում չէին բաշխվել փետրվար ամսվա կենսաթոշակները: Ուշացումը պատճառաբանվում է համապատասխան օրենքով, ըստ որի, տվյալ ամսվա թոշակները կարող են բաշխվել մինչեւ հաջորդ ամսվա վերջը: Թոշակառուները դժգոհում են. «Պետք է ստանանք, որ ապրե՞նք, թե՞ ապրենք, որ ստանանք»: Հարկ է հիշատակել, որ օրենքը փոփոխելու վերաբերյալ Ազգային ժողովին առաջարկ էր ներկայացվել «ՕԵ» անդամ հանգուցյալ պատգամավոր Արտակ Առաքելյանի կողմից: Համաձայն առաջարկվող նախագծի, կենսաթոշակները պետք է բաշխվեին առնվազն ամսվա սկզբում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան առնվազն վարձավճարները մուծել: Չէ՞ որ այդ առնչությամբ գոյություն ունեն կտրուկ ժամկետներ՝ էլեկտրաէներգիայի, հեռախոսավարձերի եւ այլ կենցաղային վարձավճարների բնագավառում: Առաջարկը, սակայն, անուշադրության մատնվեց սոցապ նախարարի կողմից: Հատկանշական է, որ թոշակների բաշխման նախօրեին մշտապես տարադրամի կուրսի կտրուկ անկում է նկատվում: Ըստ այդմ, մարդիկ ենթադրում են, թե մի քանի օր ուշացումով փոստային բաժանմունքներին հասնող կենսաթոշակների գումարներն օգտագործվում են «էժան գնով» տարադրամ կուտակելու նպատակով: