Լոռու մարզպետն օրերս իր հեռուստաելույթի ժամանակ քննադատեց, թե մարզի 2006-2010թթ. սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ Վանաձորի քաղաքական կուսակցություններից ոչ մեկն առաջարկներ չի ներկայացրել՝ թեպետ նրանց այդ առթիվ մարզպետարանի կողմից հայտ է ուղարկվել: Հատկանշական է, որ նույն մարզպետի 15.03.06թ. գրությամբ, որ ուղարկվել է Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմին (ի պատասխան նրանց 6.02.06թ. գրության), ճիշտ հակառակն է ասվում. «Ողջունում եմ ՀԿԿ Վանաձորի քաղխորհրդի կողմից Լոռու մարզի 2006-2010թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում ցուցաբերված առաջարկությունների համար»: Այլ հարց է, որ Կոմկուսի ներկայացրած առաջարկներից մի քանիսը համընկել են մարզպետարանի կողմից արդեն իսկ մշակված ծրագրերից մի քանիսի հետ: Օրինակ՝ «Լոռու մարզի չգազիֆիկացված համայնքների վերաբերյալ դիմվել է ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին, ինչպես նաեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրինությանը՝ գազիֆիկացման խնդրանքով: Այդ աշխատանքներն ընդգրկված են մարզի 2006-2010թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում»,- ասվում է մարզպետի գրության մեջ: Ընդ որում՝ Կոմկուսի առաջարկներից մեկը՝ ձմռան ամիսներին էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու մասին, մարզպետի կողմից անուշադրության է մատնվել: Հատկանշական է, որ փաստաթղթային այս ողջ գործընթացում ընդգրկված են քաղաքական երեք կուսակցություններ։ ՀՀԿ անդամ մարզպետի գրությունը՝ ի պատասխան Կոմկուսի, տնօրինվել է մարզպետի ՀՅԴ անդամ տեղակալի կողմից: