«Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» հրավերով Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եւ հարուստ թանգարաններից մեկի` Ռուսաստանի Էրմիտաժի տնօրեն, արեւելագետ Միխայիլ Պիատրովսկին, ով նշում է, որ հաճույքով է իր հայրենի քաղաք վերադարձել. «Ես այստեղ եմ ծնվել, շատ լավ հիշում եմ իմ բակն ու փողոցը»:
«Երեւանն, իհարկե, փոխվել է, սակայն պահպանվել է նրա ինտելիգենտ ոգին: Իսկ իմ որդին, ով առաջին անգամ է եկել Հայաստան, նույնիսկ ասաց ինձ. «Ուզում եմ այստեղ մնալ, քանի որ բազմաթիվ ազգականներ ունեմ»: Միխայիլ Պիատրովսկու հայրը` հայտնի հնէաբան Բորիս Պիատրովսկին, Կարմիր Բլուրում պեղումների է մասնակցել, որոնց ժամանակ էլ հանդիպել է իր ապագա կնոջը` հայ հնագետ Հռիփսիմե Ջանփոլադյանին: «Հայրս ասում էր, որ Հայաստանից բերված իր ամենաթանկ նմուշն իմ մայրն էր»,- ասում է Մ.Պիատրովսկին: Նրա այցը շատ հեռանկարային է մեր թանգարանների համար: «Մենք շատ գործ ունենք անելու հայկական թանգարանների հետ»,- ասում է նա: Համագործակցության ձեւերը պարզ կդառնան որոշ ժամանակ անց, երբ Պիատրովսկին կհանդիպի մեր Պատկերասրահի եւ մի քանի թանգարանների տնօրենների հետ: Իսկ մինչ այդ նա ծավալուն եւ գեղեցիկ դասախոսություն կարդաց Սլավոնական համալսարանի ուսանողների համար` ներկայացնելով Էրմիտաժի պատմությունն ու ներկա վիճակը: Պիատրովսկին սկսեց ղեկավարել Էրմիտաժը 1992 թվականին, երբ նախկին Սովետական Միության բոլոր թանգարանները ճգնաժամի մեջ էին: Գիտնական, բիզնեսմեն, մշակութային քաղաքականություն մշակած Մ. Պիատրովսկին լավ գիտի` ի՞նչ է պետք թանգարաններին` ֆինանսական «փոսից» դուրս գալու համար: Ըստ նրա` թանգարանային գործը լավ մենեջմենթի շնորհիվ կարող է եկամուտ բերել՝ միաժամանակ չմոռանալով պատասխանատվության մասին:
Այսօր Էրմիտաժը միայն թանգարան չէ, այն ունի իր սեփական սիմֆոնիկ նվագախումբը, համերգային բեմը, կինոստուդիան եւ ռադիոկայանը: Պիատրովսկին համոզված է, որ աշխարհի բոլոր երկրներում թանգարանները հանրության համար շատ գրավիչ են դարձել. «Թանգարանները ամենադեմոկրատիկ մշակութային հիմնարկներն են, եւ նրանց դերը մեր օրերում շատ է մեծացել, քանի որ այնտեղ մարդիկ կյանքի եւ պատմության մասին են իմանում: Թանգարանները միշտ շատ պահպանողական են եղել, շատերը նույնիսկ նրանց «գերեզմանոց» են անվանել, սակայն ի՞նչ վատ բան կա գերեզմանոցի մեջ: Մեր ներկայիս վիրտուալ աշխարհում կարելի է թանգարան գալ եւ իրական իրերի ու նկարների հետ շփվել: Եվ այդ շփումից մտքի աշխատանքն է սկսվում: Թանգարանային իրերն իրենք են իրենց մասին պատմում, նաեւ` զրուցում իրար հետ»: Այդ միտքն ապացուցելու համար Էրմիտաժում հաճախ տարբեր մշակույթներն ու դարաշրջանները շատ ճկուն եւ յուրահատուկ են ցուցադրվում: Օրինակ, Մատիսի «Զրույց» կտավի կողքին ցուցադրվում է ասորական ժայռանկարը` նույն անվանումով, որը Մատիսը Լուվրում հաճախ է կրկնօրինակել: Իսկ Պիկասոյի եւ Ջորջոնեի կանանց պատկերները կողք կողքի են ներկայացված եւ մտորումների տեղիք են տալիս, երբ փորձում ես տարբեր դարաշրջաններում կանանց գեղեցկության ստանդարտները համեմատել:
Էրմիտաժն իր մասնաճյուղերն է բացում աշխարհի տարբեր երկրներում: Արդեն Էրմիտաժ կա Ամստերդամում, Կազանում եւ Լաս Վեգասում: «Շատ հետաքրքիր ստացվեց Լաս Վեգասի Էրմիտաժը: Մենք Գուգենհայմերի թանգարանի հետ համատեղ` ժանգոտած երկաթից կառուցված թանգարանի շենքում միջնադարի արվեստն էինք ցուցադրում»,- ասում է Մ. Պիատրովսկին, ում համար թանգարանային գործը միշտ մրցակցության է նման: Նա աշխատում է նոր գործեր ձեռք բերել եւ արվեստը մատուցելու նոր ձեւեր գտնել: Էրմիտաժի վերջին ձեռքբերումներից է Կազիմիր Մալեւիչի «Սեւ քառակուսի» կտավը, որը թանգարանին է նվիրաբերել ռուս գործարարներից մեկը: Իսկ արվեստը մատուցելու նոր ձեւերից է հանդիսությունների կազմակերպումը: «Այդպես է եղել Էրմիտաժում Եկատերինա Երկրորդի օրոք, երբ թանգարանում, այսօրվա լեզվով ասած` հեփենինգներ էին անցկացվում»,- ասում է նա:
Մ. Պիատրովսկին համարում է նաեւ, որ բոլոր թանգարանների մուտքը պետք է անվճար լինի, սակայն Էրմիտաժում դա դեռ հնարավոր չէ իրականացնել: Երեխաները, ուսանողները եւ թոշակառուները Էրմիտաժ են գալիս անվճար, իսկ ՌԴ քաղաքացիների մուտքն ավելի էժան է, քան օտարերկրացիներինը. «Մենք չենք կարող մուտքի համար 10 դոլար վճարել, իսկ դա նշանակում է, որ թանգարաններ չենք գնա»,- ասում է Էրմիտաժի տնօրենը:
Կրոնն ու մշակույթը
Մ. Պիատրովսկին կարողանում է միաժամանակ մի քանի մշակութային համակարգերում ապրել: Նա հասկացել է, որ «Մի մշակույթից մյուսը տեղափոխվելով՝ տեսնում ես, որ այն, ինչ քո մշակույթում է գեղեցիկ ու բարոյական, այլ մշակույթում անբարոյական է համարվում»: Մեր հարցին, թե ինչպես են կրոնն ու մշակույթը փոխազդում իրար վրա, եւ որքան կարեւոր են մարդու ներդաշնակ զարգացման համար, հայտնի արաբիստ Պիատրովսկին պատասխանեց. «Կրոնական եւ աշխարհիկ արվեստը տարբեր բաներ են, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ մարդուց է կախված: Պատմությունը մեզ ներդաշնակության բազմաթիվ օրինակներ է տալիս, սակայն մարդիկ դժվարությամբ են պատմության դասերն ընկալում: Չէ՞ որ դարեր շարունակ քրիստոնյաներն իսլամական աշխարհի վարպետներին իրենց երկրներ էին հրավիրում եւ պատվերներ տալիս: Այն ժամանակ շփման խնդիրներ չկային: Ցանկության դեպքում հիմա էլ է դա հնարավոր: Մշակութային տարբերությունները չպետք է հակամարտության առիթ տան: Ինչպես մենք ենք ընդունում իսլամական էքստրեմիզմի գոյության փաստը, այնպես էլ իսլամի աշխարհն է ընդունում քրիստոնյաների էքստրեմիզմը: Մենք Էրմիտաժում հաճախ ենք մուսուլմանական մշակույթի ցուցահանդեսներ անում, որոնց նպատակն է ապացուցել բոլորին, որ երկու մշակույթները չեն բացառում իրար»: Պիատրովսկին իր հիմնական գործը մշակույթների երկխոսություն ստեղծելն է համարում: Եվ հիշեցնում է, որ Էրմիտաժում Արեւելքի բաժինը հենց հայ արեւալագետ Իոսիֆ Օրբելու նախաձեռնությամբ է ստեղծվել: Մ. Պիատրովսկին ոչ մի կրոնի նախապատվություն չի տալիս, եւ որպես Ղուրանի եւ Արեւելքի փայլուն մասնագետ, Պիատրովսկուն մուսուլմանները համարում են անհավատից էլ ավելի վտանգավոր: Շուտով Էրմիտաժում բացվելու է ուրարտական սրահը եւ լույս է տեսնելու «Քրիստոնեական Արեւելք» պարբերականը: «Տեսնելով եւ ուսումնասիրելով աշխարհի մշակույթները` հասկանում ես, որ դու մի փոքրիկ միջատ ես, նույնիսկ, եթե հիանալի մարդ ես»,- համոզված է նա: