Վիկտորի բարգավաճող սկզբունքները

21/03/2006

«Մենք առաջնորդվել ենք «Շնից մազ պոկելն էլ է դրական» սկզբունքով»: Ահա այսպիսի «անկեղծ» պատասխան է տվել ԱԺ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այն հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը հանրաքվեի ընտրակեղծիքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնություն ներկայացնում, երբ օրեր առաջ կոալիցիայի հետ (որին ընդդիմությունը մեղադրում է ընտրախախտումներ անելու մեջ) համատեղ ստորագրել է Ընտրական օրենսգրքի լրամշակված տարբերակի տակ։ Հաշվի առնելով այն դժգոհությունը, որ Դալլաքյանի վերոնշյալ հայտարարությունից հետո առաջացել էր ընդդիմության շարքերում, կարելի է ենթադրել, որ Դալլաքյանն իրականում երեկ բացահայտել է այն «սկզբունքը», որն իր համար ընդունելի ու կիրառելի է: Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ ազդեցություն է թողել

Վ. Դալլաքյանի` «շնից մազ պոկելու» մասին հայտարարությունն այն մարդկանց վրա, ումից «ընդդիմադիր» պատգամավորը փորձում է եթե ոչ «մազ», ապա նյութական այլ բաներ պոկել: