Նաիրի եւ Կարեն Հունանյաններն ամիսներ առաջ բժշկի կարիք են ունեցել: Բայց թե նրանց հետ կոնկրետ ի՞նչ էր պատահել եւ նրանք ի՞նչ մասնագետների կարիք են ունեցել, հայտնի չէ: «Բժշկի այցելության խնդիր են ունեցել: Չեմ կարող ասել, թե ինչն է եղել պատճառը, բայց իրենք են խնդրել բժիշկ: Որեւէ այլ դժգոհություն չեմ լսել»,- երեկ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարի խոսքերով, Նաիրի եւ Կարեն Հունանյանները մենախցերում են: Իսկ «27»-ի գործով մյուս դատապարտյալներից Դ. Հարությունյանը տեղյակ չէր: «Մյուսների մասին տեղյակ չեմ, որովհետեւ դա զուտ քրեակատարողական ներքին շարժ է, եւ նախարարը չի զբաղվում նման մանր բաներով: Իսկ Հունանյանի մասին ինձ տեղյակ են պահել, ես չեմ զբաղվել դրանով»: