«Երկաթգիծը պատանդ է»

21/03/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մարտի 9-ին Ջավախքի Ծալկա շրջկենտրոնում տեղի ունեցած մի միջադեպի արդյունքում, երբ հինգ հայ երիտասարդներ հարձակման էին ենթարկվել, նրանցից մեկը` հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա բնակիչ Գեւորգ Գեւորգյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ըստ շրջանառվող լուրերի, հայերի վրա հարձակվողները եկվոր սվաններ կամ աջարներ են եղել: Դեպքի կապակցությամբ շրջանի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ: Միջադեպը հայ-վրացական հարաբերություններում լրացուցիչ լարվածության առիթ հանդիսացավ, ոմանք կարծիք հայտնեցին, թե միջադեպը տեղի է ունեցել ազգային հենքի վրա, իսկ ոմանց կարծիքով էլ` տեղի ունեցածը քրեական տարրերի բախման արդյունք էր: «Դա խուլիգանություն էր եւ որեւէ կապ չուներ Վրաստանի կառավարության հետ: Վրաստանը թույլ չի տա խուլիգանություն որեւէ ազգի նկատմամբ: Խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- Ծալկայում տեղի ունեցածի վերաբերյալ երեկ Մամուլի ազգային ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: Ըստ նրա, ամեն տարի Վրաստանում տեղի է ունենում 150-200 սպանություն, եւ քանի որ Վրաստանն էլ բազմազգ պետություն է, բնական է, որ այդ սպանվածների շարքում լինում են նաեւ մարդիկ, ովքեր այլ ազգի ներկայացուցիչ են: «Եթե ամեն անգամ դա համարվի ազգային հենքի վրա կատարված սպանություն, ապա այդ դեպքում մենք պետք է անընդհատ ինչ-որ կոնֆլիկտներ ունենանք, իսկ դա չկա»,- նշեց Ռ. Գաչեչիլաձեն եւ առաջարկեց ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ են ցույց տալիս ԶԼՄ-ները, մասնավորապես, ասենք, հայկական հեռուստաալիքները, որոնք դեսպանն ինքն էլ է նայում: «Ցուցադրում են միայն սեքս եւ բռնություն: Եվ հերոսները նրանք են լինում, ովքեր առաջինն են հանում ատրճանակը: Ի՞նչ եք ուզում սպասել այդ դեպքում երիտասարդներից»,- հարցնում էր դեսպանը, ով ներկաներին հիշեցրեց, որ վերջերս իտալացի եւ անգլիացի ֆուտբոլասերների միջեւ խուլիգանական բախում էր տեղի ունեցել: «Արդյո՞ք դա իտալացիների` անգլիացիների նկատմամբ էթնիկ քաղաքականության հետեւանք է»,- հեգնեց դեսպանը: Ինչեւէ, բացի Ծալկայում տեղի ունեցած ցավալի միջադեպից, Ռ. Գաչեչիլաձեն երեկ նաեւ այլ բաների մասին խոսեց: Պարզվեց, որ մեր հարեւան Վրաստանն էլ է կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարում` փորձելով լավ հարաբերություններ ձեւավորել հարեւան բոլոր երկրների հետ: Դառնալով Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններին` դեսպանը հայտարարեց, թե եթե հարցին քաղաքական տեսանկյունից չմոտենանք, Վրաստանը խնդիր չունի Ռուսաստանի հետ: «Խնդիրն այն է, որ Վրաստանին դուր չի գալիս Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Իր «խաղաղապահ» առաքելության արդյունքում Ռուսաստանը ՌԴ քաղաքացիություն է տալիս Վրաստանի տարածքի բնակիչներին: Արդյո՞ք դա խաղաղապահ առաքելություն է»,- բացատրում էր ՀՀ-ում Վրաստանի դեսպանը: Ի դեպ, վերջինս երեկ հայ ժողովրդին ցավակցեց նրա համար, «ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին»: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը, դեսպանը նշեց, թե միջազգային իրավիճակը հաշվի առնելով, երբ ժամանակը գա, Վրաստանը կանի ամեն ինչ, «որպեսզի է՛լ ավելի արդարացի լինի բարեկամական հայ ժողովրդի հետ»: Իսկ ահա անդրադառնալով Կարս-Ախալքալաք երկաթգծին, Ռ. Գաչեչիլաձեն նշեց, թե Վրաստանը ստիպված պետք է կառուցի այդ երկաթգիծը, քանզի չի աշխատում Կարս-Գյումրի երկաթգիծը, սակայն եթե վերջինս սկսի աշխատել, Վրաստանն ուրախ կլինի: Դեսպանի խոսքերով` որեւէ հիմք չկա, որ Վրաստանը հրաժարվի երկաթգծով պայմանավորված տնտեսական հոսքերից, մանավանդ, որ Վրաստանի նավահանգիստների առավելագույն տարողությունը տարեկան 22 միլիարդ տոննա է, ինչն, ըստ դեսպանի, մոտ ապագայում արդեն չի բավարարելու զարգացող Վրաստանին: Դեսպանի պնդմամբ` Կարս-Ախալքալաք երկաթգիծը ձեռնտու է նաեւ Ջավախքին, քանզի այդկերպ Ջավախքը կդառնա տարանցիկ կենտրոն: «Կարս-Գյումրի երկաթգիծը ձեր երկրի խնդիրն է: Այդքան միամիտ պետք չէ լինել, կարծելու համար, թե Վրաստանը կարող է ազդել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա. դա նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում: Կարս-Գյումրի երկաթգիծը պատանդ է Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Եթե ձեզ հաջողվի լուծել այդ խնդիրները, մենք միայն ուրախ կլինենք, սակայն մտադիր չենք խառնվել այդ հարցերին»,- հայտարարեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանը` հավելելով, թե Վրաստանը մեղավոր չէ, որ Կարս-Գյումրի երկաթգիծն այսօր չի գործում: Իսկ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները դեսպանի կարծիքով գոհացուցիչ չեն, սակայն դրական տեղաշարժեր են նկատվում. օրինակ, Վրաստանում արդեն վաճառվում են հայկական արտադրության բնական հյութեր, ծխախոտ, ցեմենտ եւ այլն: Բացի այս, պարզվում է, որ հայերը Քոբուլեթի հանգստավայրում հյուրանոց են կառուցում: Դեսպանի փոխանցմամբ` կառուցվում է նաեւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման երկրորդ գիծը եւ եթե այն միանա Իրան-Հայաստան գծին, հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի արտահանումն այս երեք երկրներից ցանկացածից ցանկացածը: «Վրաստանը շատ կուզեր, որ Իրան-Հայաստան գազատարը եւս հասներ Վրաստան ու այնքան տարողունակ լիներ, որ Եվրոպա էլ գնար, ինչը բխում է Հայաստանի եւ Վրաստանի շահերից: Սակայն Հայաստանն ինքը ցանկացավ փոքր տրամաչափով գազատար կառուցել»,- փաստեց դեսպան Գաչեչիլաձեն: