Նրանք աջակցում են ընտրակեղծարարներին

21/03/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Թերեւս այն, որ ընդդիմության այս ոչ իշխանահաճո նախաձեռնությունը պետք է մերժվեր, ոչ ոք չէր կասկածում: Ուշագրավը քվեարկության արդյունքներն էին. պատգամավորներից ոչ մեկն այդպես էլ չհամարձակվեց դեմ քվեարկել ընդդիմության առաջարկին: Որոշմանը կողմ քվեարկեցին միայն խորհրդարանական ընդդիմությունն ու «Ժողպատգամավոր» խմբի մի քանի անդամներ, իսկ ՀՀԿ-ն ու ՄԱԿ-ը, դահլիճում գտնվելով հանդերձ, պարզապես չքվեարկեցին` ըստ էության բոյկոտելով ընդդիմության նախաձեռնությունը: Իսկ այս 2 խմբակցությունները չքվեարկեցին, որովհետեւ այդ պահին նրանց բոլորի մոտ միանգամից «հիշողության կորուստ» եղավ: Համենայն դեպս, կատարվածը կեսլուրջ-կեսկատակ այդպես մեկնաբանեց մասնագիտությամբ բժիշկ պատգամավորներից մեկը. «Ճիշտն ասած` մոռացել էինք, որ պիտի քվեարկենք»: Ինչ վերաբերում է կոալիցիայի մյուս 2 թեւերին` ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին, ապա նրանք ձեռնպահ էին: Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ ձեռնպահ էր քվեարկել, մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի ստեղծումը պետք է տեղի ունենար քաղաքական որոշման արդյունքում: Բայց քանի որ Հ. Հակոբյանը տեսել էր, թե ինչպես ընդդիմությունն ու իշխանական թեւերը չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, ինքը զայրացել ու ձեռնպահ էր քվեարկել: «Թեեւ, հանձնաժողովի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում. պետությունն այդ հանձնաժողովի համար ոչ գումար է ծախսում, ոչ միջոցներ է ներդնում: Հանձնաժողով է, թող լիներ, ստուգեին»,- ասաց նա:

Ինչո՞ւ ընդդիմության առաջարկի հանդեպ այդպիսի արհամարհական վերաբերմունք ցույց տվեցին ՀՀԿ-ականները: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ այսօր արդեն ընդհանրապես անիմաստ է հանրաքվեին ու դրանում տեղ գտած ընտրակեղծիքներին անդրադառնալը: Նրա խոսքերով, ընտրակեղծարարներին հայտնաբերելն ու պատժելը ոչ թե պատգամավորների, այլ իրավապահ մարմինների գործն է, իսկ Գլխավոր դատախազությունն արդեն եղած փաստերի առթիվ հարուցել է քրեական գործեր: «Կարող էինք դեմ քվեարկել, ձեռնպահ քվեարկել: Հիմա ի՞նչ տարբերություն կա ձեռնպահ քվեարկածի ու չքվեարկածի մեջ: Եթե կողմ չես, մնացածն ինչ ուզում ես քվեարկիր, ուրեմն դեմ ես: Ես գտնում եմ, որ որեւէ տարբերություն չկա, թե ով ինչպես քվեարկեց, քանի որ արդյունքում հանձնաժողով չձեւավորվեց»,- մեկնաբանեց Մելիքյանը: «Չուզեցինք ընդհանրապես քվեարկել զուտ գործընկերության սկզբունքից ելնելով, որովհետեւ եթե գործընկերդ ինչ-որ նախագիծ է ներկայացնում, ու այն քեզ համար անընդունելի է, ավելի լավ է չքվեարկեմ, քան թե դեմ կամ ձեռնպահ լինեմ»,- ասաց մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` Սուքիաս Ավետիսյանը: Ս. Ավետիսյանի համար անընդունելի է ընդդիմության պահվածքը: Ըստ նրա, հանրաքվեն բոյկոտած ընդդիմությունը հարկ եղած ժամանակ հայտարարում է, թե չի ճանաչում ընդունված Սահմանադրությունը, իսկ երբ նեղն են ընկնում, միանգամից սկսում են հղում անել դրան: Իսկ ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ընդամենն ասաց, որ ձեռնպահ քվեարկությունը ֆրակցիայի որոշումն էր: Նրանք այս օրերին ընտրախախտումներն ուսումնասիրող հանձնաժողովի անուն լսելիս անմիջապես սկսում են արդարանալ, թե իրենց կուսակցության ղեկավարը կոալիցիոն ուժերից 1-ինն է բարձրացրել ընտրախախտումների հարցին: Այնպես որ, իրենց չի կարելի մեղադրել ընտրակեղծարարներին թաքցնելու մեջ: «Ես կեղծիքների փաստերի վերաբերյալ դիմել եմ դատախազություն, ուստի ես ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ԱԺ ամբիոնից էլ հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Այսքանից հետո ընդդիմությունը հայտարարեց, որ չպատժված հանցագործությունները հղի են դրանց կրկնման վտանգով: «Սրանով խորհրդարանական մեծամասնությունը ցույց տվեց, որ մասնակցել է հանրաքվեի կեղծմանը, եւ ապացուցում են, որ հանրաքվեի ժամանակ քվեարկել են ստվերներն ու ուրվականները եւ ոչ թե մեկ ու կես միլիոն մարդ»,- ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Իսկ հանձնաժողովի ստեղծմամբ շահագրգռված մեկ այլ պատգամավորի` Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով էլ. «Տեղի ունեցավ կազմակերպված բոյկոտ, որով ԱԺ մեծամասնությունը լռելյայն իր աջակցությունը հայտնեց բոլոր ընտրակեղծարարներին»։