Անառողջ ուսանողություն

21/03/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Մեր ուսանողության առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Երեւանի ուսանողական պոլիկլինիկայի (վերանվանված՝ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ) տնօրեն Աննա Հովհաննիսյանի խոսքերով՝ վերջին տարիների բժշկական զննումները ցույց են տվել, որ ուսանողների մեծ մասը հիվանդ են առաջնային բազմաթիվ հիվանդություններով: Օրինակ, Երեւանի պետական համալսարանի բուժզննության ենթարկված շուրջ 2100 ուսանողների մոտ հայտնաբերվել է ավելի քան 2200 հիվանդություն, որից 762-ը ակնաբուժական շեղումներ են: Այսինքն՝ գուցե ուսանողների ինչ-որ մի տոկոսը բացարձակ առողջ է, սակայն մեծ մասի մոտ միանգամից մի քանի հիվանդություններ են առկա: Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ յուրաքանչյուր երկրորդ ուսանող նյարդային ֆունկցիոնալ խանգարում ունի, յուրաքանչյուր երրորդը՝ ակնաբուժական որեւէ հիվանդություն՝ հիմնականում տարածված է կարճատեսությունը: Կարճատեսության տարածվածությունը բժիշկը բացատրում է առաջին հերթին հետանկախության տարիների էներգետիկ ճգնաժամով, երբ ամեն ինչ ճրագի լույսի տակ էր արվում եւ տեսողության գերլարումով, երկրորդ կարեւոր պատճառը կոմպյուտերիզացիան է, որը եւս ավերիչ հետեւանքներ է ունենում ուսանողների տեսողության վրա. նրանցից շատերը համակարգչային դասընթացներից հետո ահավոր գլխացավեր են ունենում, ինչը բժիշկներին թույլ է տալիս նրանց առհասարակ ազատել այդ դասընթացներից՝ տեսողությունն ավելի չվատթարացնելու համար: Տարածված են նաեւ սրտանոթային, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Վերջին տարիներին նկատելիորեն շատացել են նաեւ տուբերկուլյոզով հիվանդները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տուբերկուլյոզը տարածված է հատկապես զորացրված ուսանողների մոտ, կամ այն ուսանողների, ովքեր երբեւէ որեւէ շփում են ունեցել տուբերկուլյոզով հիվանդի հետ. փաստերը ցույց են տվել, որ վարակման դեպքերը հիմնականում եղել են զորացրված վարակակրից: Ուսանողների շրջանում մեկը մյուսից վարակման դեպքեր չեն արձանագրվել: Վարակակիր ուսանողները, Ա.Հովհաննիսյանի հավաստմամբ, պարտադիր տարկետվում են, մեկուսացվում եւ բուժվում են հատուկ հակատուբերկուլյոզային դիսպանսերում, ոչ վարակակիրներին թույլատրվում է շարունակել ուսումը: «Ամեն տարի տուբերկուլյոզով հիվանդ նվազագույնը 10 ուսանողի ենք մենք տարկետում տալիս»,- ասում է Ա.Հովհաննիսյանը:

Ուսանողական պոլիկլինիկան այսօր սպասարկում է շուրջ 54.000 ուսանողի, որից 22.612-ին՝ պետական բուհերի ուսանողներին, բացարձակ անվճար: Հայաստանի մարզերից եկած այն ուսանողները, ովքեր պետական բուհերում չեն սովորում, անվճար բուժօգնությունից կարող են օգտվել միայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում: Ուսանողական պոլիկլինիկայի գլոբալ բյուջեն տարեկան 49 մլն դրամ է: «Այս քանակության ուսանողների համար սա շատ փոքր գումար է՝ հատկապես առաջնային բուժօգնության անվճար դառնալուց հետո, երբ պոլիկլինիկա դիմողների քանակն անհամեմատ շատացել է»,- ասում է Ա.Հովհաննիսյանը: Տնօրենը հավաստիացնում է, որ կադրային առումով իրենք խնդիրներ չունեն՝ «Եվ բժիշկները, եւ բուժքույրերն ունեն համապատասխան որակավորում եւ աշխատելու իրավունք»: Ավելի շատ «խեղճանում են» տեխնիկական հագեցվածությունից. «Թեեւ մենք անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ունենք, սակայն դրանք բավականին հին են, մենք չունենք այն նորագույն տեխնիկան, որը հնարավորություն կտա հիվանդության ավելի ճշգրիտ ախտորոշման»,- ասում է տնօրենը: Միայն անցյալ տարի մի օտոսկոպ (ականջի հետազոտման համար) են նվեր ստացել Առողջապահության նախարարությունից (ի դեպ՝ սա միակ պոլիկլինիկան է, որ գործում է Առողջապահության նախարարության ենթակայությամբ): Այս հարցով պոլիկլինիկային կարող էին օգնել նաեւ բուհերը. «Մենք բազմիցս դիմել ենք տարբեր բուհերի, սակայն հասկացանք, որ մեր հույսը մեր վրա պետք է դնենք»,- ասում է Ա.Հովհաննիսյանը: Վերջին 5 տարիների ընթացքում պոլիկլինիկան վճարովի ծառայություններից գոյացող գումարներով որոշակի վերանորոգման աշխատանքներ է կատարել՝ փոխել են պատուհանները, տանիքը, սանհանգույցը, վերանորոգել են աշխատասենյակները, առանձին ջրագիծ են անցկացրել: Սակայն, միեւնույն է, այն շարունակում է աղքատ հիմնարկի տպավորություն թողնել, որին ոչ մի լուրջ հիվանդ չի վստահի: Ուսանողների շրջանում մեր արած հարցումներն էլ ցույց տվեցին, որ լուրջ պրոբլեմների դեպքում նրանք սովորաբար չեն օգտվում այս պոլիկլինիկայից: Այստեղ ավելի հաճախ դիմում են առողջական որեւէ տեղեկանք ստանալու համար: