Սառնարանային գյուղատնտեսություն

21/03/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Գարնանային այս օրերին մթերային շուկաներում զարմանալի երեւույթ է նկատվում. խաղողի մանրածախ գինը տատանվում է ընդամենը 300-700 դրամի սահմաններում, այն դեպքում, երբ անցած տարի այս ամիսներին գինը կրկնակի բարձր էր:

«Անցած աշնանը մեծ քանակությամբ խաղող պահեստավորվեց,- ասում է մեր զրուցակից մրգավաճառը: -Նախ՝ Վրաստանում ու Ադրբեջանում արքայախնձորի (կորոլյոկի) բերքը քիչ էր, որ մեր առեւտրականները ներկրեին: Սառնարաններում ազատ տեղ մնաց ու խաղող պահեստավորվեց: Եվ հետո՝ պահեստավորողները հույս ունեին, որ անցած տարվա նման խաղողի գինը 1000 դրամի սահմանը կհատի, ու իրենք մեծ գումարներ կաշխատեն: Սակայն նրանք չէին հաշվարկել, որ իրենց նման մթերողները շատ էին: Նույնիսկ հոկտեմբեր ամսին պահ եղավ, որ խաղողն ավելի թանկ էր, քան հիմա»:

Այս թեմայի շրջանակներում կարելի է հիշել նաեւ խորհրդային տարիների հին ու բարի մի անեկդոտ, երբ Հայաստանի քաղաքացին ձմռանը մտնում է ամերիկյան մի խանութ եւ սառնարան-ցուցափեղկի մեջ ելակ է տեսնում: Նա զարմացած մոտենում է վաճառողին եւ հարցնում է, թե իրենց մոտ ելակն առաջին անգամ ե՞րբ են ստանում: Վաճառողուհին պատասխանում է, թե` առավոտյան ժամը 8-ին:

 Մոտ երկու տասնամյակ է՝ խորհրդային պլանային համակարգին հրաժեշտ ենք տվել, աշխարհ ենք տեսել, բայց մեզ դարձյալ նորմալ չի թվում, որ ամառային մշակաբույսերի մի մասը կարող է պահպանվել ու հասնել ձմռանը: Մեր համար ավելի ընդունելի է, որ ամռան ու աշնան համեմատ ձմռանն ու գարնանը մրգերն ու բանջարեղենը շար թանկ լինեն: Բայց 21-րդ դարում եւ մրգի երկիր Հայաստանում ամոթ է, որ 1 կգ խաղողի գինը լինի 1000 դրամից ավելի, այն դեպքում, երբ ներկրվող բանանի գինը 700-800 դրամ է: Կամ էլ սեզոնին միրգը փչանա, որովհետեւ իրացման կամ պահպանման հնարավորությունները քիչ են:

Բացի այն, որ մրգերի ու բանջարեղենի շուկայում գնագոյացման մեջ մեծ նշանակություն ունի այդ տարվա բերքատվության չափը, ինչպես նաեւ վերավաճառողների երկաստիճան, երբեմն եռաստիճան համակարգը, մասնագետները նշում են, որ այս սննդամթերքի գները կտրուկ չեն բարձրանա, եթե Հայաստանում զարգացած լինի սառնարանային տնտեսությունը: Այսինքն, գյուղացին կամ ֆերմերն իր բերքի զգալի մասը կկարողանա պահպանել ու հասցնել մինչեւ գարուն: Հիմա շուկաներում վաճառվող մթերքը պահվել է սառնարաններում: Դրանք վերգետնյա կամ ստորգետնյա հատուկ շինություններ են, որոնց պատերը դրսի աշխարհից մեկուսացված են ջերմամեկուսիչ նյութերով, իսկ ներսի սառնությունը հաստատուն է պահում անընդհատ աշխատող համապատասխան ագրեգատը: Սառնարանային այսպիսի տնտեսություններ եղել են նաեւ խորհրդային տարիներին:

«Հողի մասնավորեցմանը զուգահեռ` ստեղծվեցին նաեւ մասնավոր փոքր սառնարանային տնտեսություններ,- ասում է Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: -Դրան զուգահեռ` խորհրդային տարիներից մնացած խոշոր սառնարանային տնտեսությունները սկսեցին անկում ապրել: Դրանք պահպանելու համար մեծ գումարներ էին անհրաժեշտ եւ հետո էներգետիկ ճգնաժամի տարիներին այդ տնտեսությունները հնարավոր չեղավ պահպանել: Խոշոր տնտեսություններն ամբողջությամբ թալանվեցին: Բայց

7-8 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություններ կային Կարբիում ու Նոր Գեղիում, որոնք վերագործարկվեցին»:

 Այսօր Հայաստանի մասնավոր սառնարանային տնտեսությունները կարող են պահպանել ընդամենը 30.000 տոննա մթերք: Սա` այն դեպքում, երբ անցած տարի արտադրվել է մոտ 300 հազար տոննա միրգ, որից 168 հազար տոննան խաղողն էր: Գրեթե ամեն տարի բերքահավաքի ժամանակ գյուղացին կանգնում է իրացման խնդրի առաջ: Նրանցից շատերը սառնարան ստեղծելու միջոցներ չունեն: Մինչդեռ, նույնիսկ սեզոնին հավաքած բերքը մի քանի օր պահելու համար սառնարանային տնտեսություն է պետք:

Սա այն ոլորտն է, որտեղ պետական աջակցության կարիք է զգացվում: Սառնարաններն անհրաժեշտ են նաեւ արտահանման համար:

«Առաջարկություններ ենք ստացել եւ ուսումնասիրում ու հաշվարկում ենք, թե որ մարզում ինչ ծավալի արտադրություն է ստեղծվում,- ասում է Գ. Պետրոսյանը: -Կամ առկա վերամշակման ու պահպանման հնարավորությունները բավարարո՞ւմ են, թե՞ ոչ: Հիմա այդ հնարավորությունները չեն բավարարում: Իսկ 3-4 տարի հետո մենք մեծ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ այգիների տարածքները գնալով ավելանում են: Դրա համար մենք որոշել ենք IFAD-ի միջոցներով ստացած 22 մլն դոլար վարկն ուղղել հենց այդ ուղղությամբ: Պատրաստ ենք մինչեւ 150.000 դոլար տրամադրել այն ֆերմերին կամ մանր ու միջին ձեռներեցին, ով այդ ուղղությամբ լավ առաջարկ կներկայացնի»:

Ոլորտի մասնագետներն էլ են փաստում, որ սառնարանային տնտեսությունների զարգացումն այլընտրանք չունի, մանավանդ, որ Հայաստանում տարեցտարի ընդլայնվում է այգեգործությունը: Սակայն զարգացման միտումները կամ պետական հովանավորության ուղղությունները տանում են դեպի խոշոր տնտեսություններ: Այստեղ դժվար է լինելու նորից անհատ գյուղացու կամ մանր ձեռներեցի գործը, որը չի կարողանա սառնարաններ ստեղծել, իսկ խոշոր սառնարանային տնտեսություններից օգտվելու հնարավորություն քիչ կունենա: Իսկ պետությունը դեռ չի կողմնորոշվել՝ աջակցել խոշորի՞ն, թե՞ մասնավորին: