Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գործող ավտոշուկայի տարածքում, ժամը 13:00-ի սահմաններում, արտասահմանյան արտադրության BMW մակնիշի 04 ՍՕ 431 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, ավտոմեքենան կայանել էր ճանապարհային երթեւեկության 2-րդ գոտում` ստեղծելով արհեստական խցանում:
Նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող ՊԱՏ բաժնի տեսուչ ոստիկանության սպան, մոտենալով օրինազանց վարորդին` պահանջեց, որպեսզի նա ավտոմեքենան այդ հատվածում չկանգնեցնի, քանի որ ստեղծվել է արհեստական խցանում, իսկ ճանապարհը դարձել է անանցանելի: BMW-ի վարորդն ավտոտեսուչին պատասխանեց՝ «Դու փոքր ես, որ ստեղից ինձ հանել տաս, ինձ ստեղ ա հարմար, ստեղ էլ պտի կայնցնեմ ավտոս»: Երբ տեսուչը նրանից պահանջեց անձը հաստատող եւ ավտոմեքենայի փաստաթղթերը, նա արհամարհական տոնով պատասխանեց. «Քեզ դակումենտներ չունեմ տալու, հիմա կզանգեմ քեռուս, դու պատասխան կտաս»: BMW-ի վարորդը բջջային հեռախոսով զանգահարեց ինչ-որ մեկին, թե ո՞ւմ` այդ պահին հայտնի չէր, խնդրեց «Գեւոր քեռուն», սակայն նրա խոսքերից պարզ դարձավ, որ հեռախոսագծի մյուս ծայրում պատասխանեցին. «Գեւոր քեռին լողանում է»…
Շուրջ 20 րոպե տեւած քաղաքացի-պետավտոտեսուչ բանակցությունների արդյունքում ՊԱՏ-ի տեսուչները, օրինազանցի ձեռքերն օլորելով նստեցրին իրենց ծառայողական ավտոմեքենան եւ BMW-ի հետ միասին տարան Երեւան քաղաքի Ոստիկանության ՊԱՏ բաժնի տուգանային հրապարակ:
BMW-ի վարորդը ներկայացավ, որ ինքը ՀՀ մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանի քրոջորդի Արմեն Նազարյանն է: Ի դեպ, ավտոմեքենան նա վարում էր առանց հավատարմագրի, ինչը նույնպես ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում է, եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նման պարագայում վարորդը տուգանվում է 10.000 դրամ: Մեր տեղեկություններով՝ ՊԱՏ բաժնում նրա վրա կազմվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 2 արձանագրություն (41, 22 խախտման ծածկագիր), իսկ ավտոմեքենան ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի տուգանային հրապարակում: Այս միջադեպի հետ կապված` փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մշակույթի նորանշանակ նախարար Գեւորգ Գեւորգյանից, ով զարմանքով վստահեցրեց, որ ինքը տեղյակ չէ, որ նախարարի իր դիրքը շահարկվել է քրոջորդու կողմից. «Ես ընդհանրապես տեղյակ չեմ, Արմեն Նազարյանը քրոջս տղան չէ, մորաքրոջս աղջկա թոռն է, բայց դա կապ չունի, եթե իմանամ, որ իմ շրջապատից որեւէ մեկն իմ պաշտոնը կամ անունը կշահարկի՝ նրան կվտարեմ իմ շրջապատից: Ես մաքուր մարդ եմ, երբեք դիրքս չեմ չարաշահում եւ, եթե որեւէ մեկը փորձի իմ անվան հետ խաղալ, ապա կապերս կխզեմ նրա հետ: Երբեք թույլ չեմ տա նման բան»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ իսկույն կզանգահարի ու կճշտի, թե ով է Մշակույթի նախարարի իր կարգավիճակն օգտագործել: Ավելի ուշ նա տեղեկացրեց, որ Արմեն Նազարյանը եկել է իր մոտ ու երդվել, որ իր անունը որեւէ մեկի մոտ չի տվել, իսկ մեքենան արդեն վերադարձրել են իրեն: Պրն Գեւորգյանն անընդհատ կրկնում էր. «Ես պիտի աշխատեմ իմ ժողովրդի ու երեխեքի համար»: