Հայաստանը՝ համաշխարհային նոր պատերազմի շեմին

21/03/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Թուրքիան կհարձակվի Իրանի վրա

Ռուսաստանի Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Արա Սարգսյանի համոզմամբ, տարածաշրջանում իր քաղաքականությունն է սկսել «նոր» ֆիգուրներից մեկը՝ Թուրքիան: Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահն այցելեց Վրաստան: «Ցավոք, Հայաստանում այս փաստի բարդության աստիճանը դեռ չեն ընկալում: Մենք գիտենք, թե ինչ են ուզում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը, բայց չգիտենք, թե ինչ է Թուրքիայի ուզածը: Վրաստանը 2 տարի անընդմեջ գտնվում է թուրքական ռազմական հետախուզության, ռազմական մասնագետների, քաղաքական հրահանգիչների ազդեցության դաշտում: Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում: Ռուսների հեռանալուց հետո Վազեանի օդակայանը հիմնովին վերանորոգվել է թուրք մասնագետների կողմից եւ ամբողջովին գտնվում է նրանց վերահսկողության տակ: Գուդաուտայի ռազմաբազան՝ նույնպես: Բաթումիի մասին չեմ խոսում, քանզի այն դեռ մուսուլման Աբաշիձեի օրոք գտնվում էր Թուրքիայի տրամադրության տակ: Այսօր արդեն Թբիլիսիի քաղաքական միտքը կառավարվում է Թուրքիայից, որովհետեւ վաղ թե ուշ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ տարածաշրջանում այս կառույցի ներկայացուցիչը կամ գլխավոր հենակայանը Թուրքիան է, եւ այնտեղից պետք է գան բոլոր հրահանգները»,- ասում է Ա. Սարգսյանը: Նրա տվյալներով, 2 տարի անընդմեջ Թուրքիան մոտ 750 մլն դոլարի ռազմական տեխնիկա եւ զինամթերք (հիմնականում` հակաօդային պաշտպանական միջոցներ, ռադիոլոկացիոն համակարգեր) է մատակարարել Վրաստանին, որտեղ 2000-ից ավելի ռազմական թուրք մասնագետներ կան: Թուրքիայի նախագահը Վրաստանին հսկայական ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ Ջավախքում մսխեթցի թուրքերի վերաբնակեցման նպատակով: «Վրաստանը հույս ուներ, որ ԱՄՆ-ի ռազմական եւ քաղաքական ներուժն օգտագործելով՝ կկարողանա լուծել Օսիայի եւ Աբխազիայի խնդիրը: Սակայն Լավրովի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ քննարկված հիմնական թեմաները եղել են Իրանը, «ՀԱՄԱՍ»-ը եւ Անդրկովկասը: Այսինքն, ԱՄՆ-ը չխաղաց Սահակաշվիլու «խաղը»՝ չգնաց Ռուսաստանի հետ հակամարտության՝ հանուն Օսիայի կամ Ռուսաստանի: Ու Վրաստանն անմիջապես դարձավ դեպի Թուրքիա: Վրաստանին՝ սպասվող պատերազմում դաշնակից է պետք»,- համոզված է Արա Սարգսյանը: Նրա կարծիքով, սակայն, ԱՄՆ-ը Վրաստանին հենց այնպես չի նվիրի իր կատարած ներդրումները: Նա Վրաստանից պահանջելու է Վազեանի օդակայանի լիակատար օգտագործումը, քանզի հենց դա է անհրաժեշտ Իրանի հյուսիսային տարածքը նպատակային ռմբակոծելու համար: Իրանի հյուսիսը եւ արեւելքն օդային վերահսկողության տակ առնելու համար ԱՄՆ-ին պետք է հյուսիսից հարձակվել: Հիմնական նպատակն Ադրբեջանից թույլտվություն ստանալն էր, սակայն վերջինս սեփական խաղը խաղաց ու շարունակում է խաղալ: Ինքն անցյալ տարվա մայիսից համաձայնագիր ունի Իրանի հետ, որ իր երկրի տարածքը չի օգտագործվելու Իրանի վրա հարձակման համար: Ի դեպ, Ա. Սարգսյանը չի բացառում, որ ԱՄՆ-ին «հաճոյանալու» համար Ադրբեջանը կտրամադրի Նախիջեւանի տարածքը: Նրա կարծիքով, թերեւս այդ նպատակին կարող են ծառայել Նախիջեւանի տարածքում հայկական հուշարձանների ավերման փաստը եւ դրա շուրջ տարօրինակ կերպով բարձրացված միջազգային աղմուկը: «Ամենայն հավանականությամբ, խաչքարերի տարածքը կտրամադրվի ԱՄՆ-ի կողմից ստեղծվելիք ռադիոլոկացիոն կայանի համար»,- գտնում է Ա. Սարգսյանը:

Փաստորեն, ստացվում է, որ Վրաստանն արդեն Իրանի հետ ռազմական դրության մեջ է գտնվում: «Լինենք ավելի իրատես. Թուրքիան էլ պատրաստ է հարձակվել Իրանի վրա, որովհետեւ վերջինիս ստրատեգիական օբյեկտների ռմբակոծությունը լինելու է հենց Թուրքիայի տարածքից: Թուրքիային նույնպես դաշնակից է պետք: Հայաստանը, բնականաբար, չի կարող լինել Թուրքիայի դաշնակիցը, իսկ Իսրայելն ու Վրաստանը կմիանան Թուրքիային»,- ասում է Ա. Սարգսյանը: Նրա կարծիքով, տարածաշրջանում սկսվում է մի գործընթաց, որի արդյունքում Հայաստանը դառնալու է Թուրքիայի կամ Իրանի «մասնաբաժինը»: Ակադեմիայի անդամը գտնում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների՝ բառացիորեն օրումեջ այցերը տարածաշրջան, ինչպես նաեւ` Թուրքիայի նախագահի այցը Վրաստան, ապացույցն են այն բանի, որ տեղի է ունենում դաշնակիցների վերախմբավորում, իսկ ԱՄՆ-ը հասկացնում է, որ իր հակառակորդի՝ Իրանի ճամբարից լինելը թանկ կնստի երկրների վրա: Ըստ էության, բոլոր երկրները սպասում են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակմանը, քանզի այդ ժամանակ յուրաքանչյուրն իր բաժինն է «փախցնելու»: Արեւմտյան եւ հայրենական որոշ վերլուծաբաններ փորձում են հանրությանը համոզել, որ ԱՄՆ-ի կողմից պատերազմական գործողություններ ձեռնարկելը կկրի լոկալ բնույթ եւ կավարտվի կարճ ժամանակահատվածում: Չկիսելով նման կարծիքը՝ Ա. Սարգսյանը համոզված է, որ Իրանի դեմ պատերազմ սկսելը կներգրավի տարածաշրջանի բոլոր երկրներին եւ էթնիկ խմբերին, ու շատ հավանական է, որ այն վերածվի միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի, քանզի դրա համար բոլոր նախադրյալներն առկա են:

Շահերի բախում

Ճապոնիայի եւ Իրանի միջեւ պայմանագիր կա կնքված՝ Իրանի հարավում նավթագազային մեծ պաշարների շահագործման նպատակով 25 մլրդ դոլար ներդնելու վերաբերյալ: Այսօր Ճապոնիայում սպառվող նավթամթերքի 80%-ը ներկրվում է Պարսից ծոցից: Այսինքն, Ճապոնիայի տնտեսական շահն այնքան մեծ է, որ նա պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ինչպես եւ օրերս Ճապոնիան հանդես եկավ նման դիրքորոշմամբ), քանզի Ադրբեջանն իր կողմից միանում է Իրան-Ադրբեջան-Ճապոնիա նավթային համագործակցությանը: Դեռ ավելին, ըստ Ա. Սարգսյանի, ադրբեջանական նավթի պաշարները Ճապոնիա են հասնելու Իրանի տարածքով:

Բացի այդ, մարտի 1-ից Իրանը դուրս է եկել դոլարի գոտուց. երկրի արտաքին պահուստները (միայն Արեւմտյան Եվրոպայի բանկերում՝ նավթի վաճառքից ստացված ավելի քան 50 մլրդ դոլար) տեղափոխվում են Արեւելք: Ճապոնիա այցի ժամանակ Իրանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ միջոցները պետք է դոլարից վերածվեն եվրոյի եւ պահվեն ճապոնական բանկերում, քանզի վտանգ կա, որ պատերազմական գործողությունների ժամանակ Իրանի բանկային ակտիվները Եվրոպայում կսառեցվեն, ինչն, Ա. Սարգսյանի համոզմամբ, անխուսափելի է: Ի դեպ, միայն Իրանը չէ, որ ուզում է եվրոյի միջոցով հարվածել ԱՄՆ-ին. արաբական շատ երկրներ մտադիր են հրաժարվել իրենց դոլարային պահուստներից: «Մեր տվյալներով, շատ հավանական է, որ արաբական երկրների եւ, առաջին հերթին, Իրանի արտարժութային միջոցները պահվեն ոչ թե եվրոյով, այլ մեկ ուրիշ տարադրամով՝ օրինակ, ճապոնական իենով կամ չինական յուանով: Հիմա ակտիվ աշխատանքներ են կատարվում հարավ-ասիական երկրների միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ: Վաղ թե ուշ դա լինելու է, քանզի համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի մեջ միայն հարավ-ասիական երկրների չափաբաժինը կազմում է մոտ 35 %: Իրանը հայտարարեց, որ միանում է հարավ-ասիական երկրների շուկային: Թեման փակվեց: Դրա համար ինքը պետք է պատժվի ԱՄՆ-ի կողմից»,- ասում է Ա. Սարգսյանը: Նրա խոսքերով, Իրանի վրա նախատեսվող հարձակման հիմնական նպատակն այն է, որ պատժելով Իրանին՝ ԱՄՆ-ն ուզում է արաբական երկրներին պահել դոլարի գոտում, քանզի դոլարից հրաժարվելը կբերի համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ-ի հեգեմոնիայի վերացմանը: Բացի այդ, Իրանը ցանկություն է հայտնել մարտի վերջից ՕՊԵԿ-ին զուգահեռ սեփական նավթային բորսան ստեղծել: Այսինքն, Իրանը դառնում է նավթի համաշխարհային գին որոշող երկիր: «Այստեղ կարող են համընկնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի շահերը, քանզի դա ոչ մեկին ձեռնտու չէ: Եվ դրանով է պայմանավորված ուրանի հարստացման համատեղ գործարան կառուցելու մասին ՌԴ-ի առաջարկին Իրանի մերժումը: Նրանք հասկացան, որ Լավրովի ԱՄՆ կատարած այցից հետո ՌԴ-ն համաձայնության է եկել ամերիկացիների հետ»,- ասում է Ա. Սարգսյանը: Ի դեպ, ըստ նրա, Լավրովը համաձայնություն է տվել ԱՄՆ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագրին, ըստ որի, խնդիրը պետք է լուծվի՝ «պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Այսպիսով, ԱՄՆ-ը պատժում է Իրանին, Ռուսաստանը միանում է հարձակվողին: Ադրբեջանն այսօր ունի լծակ` էներգառեսուրս, ուստի այդ երկիրը լավ էլ խաղում է: Թուրքիայի ռազմական «մեքենան» լավ աշխատում է Վրաստանում: «Արդյունքում Թուրքիան հետապնդում է մի քանի նպատակներ: Առաջին, հայկական էթնիկ տարրի չեզոքացում Ջավախքում: Կարեւոր չէ, թե դաշնակցականները, ռուսները կամ վրացական եկեղեցին ինչ է անում, սա ես պաշտոնապես եմ հայտարարում: Հայերը հեռանում են տարածքից, իսկ Թուրքիան ֆինանսավորում է թուրքերի վերադարձը տարածք: Եթե անկեղծ լինենք, մենք Ջավախքով որոշակի ճնշման լծակներ ունենք Վրաստանի հանդեպ: Սակայն Վրաստանը Թուրքիայի դրդմամբ կարող է բարձր մաքսային համակարգի միջոցով Հայաստանից արտահանվող կամ ներմուծվող ապրանքների համար խոչընդոտներ ստեղծել: Իսկ ո՞վ է ասել, որ դա չի լինի: Քաղաքականության մեջ կամ բիզնեսում եղբայրներ չկան, կան շահեր»,- գտնում է Ա. Սարգսյանը: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա նա կարծում է, որ ԵՄ-ն նույնպես այժմ ԱՄՆ-ի հետ առեւտրի մեջ է եւ պատրաստվում է իր բաժինը փախցնել: «Ինչո՞ւ Իրաքի վրա հարձակման ժամանակ Գերմանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը չմիացան ԱՄՆ-ին: Որովհետեւ բոլորն իրենց մասնաբաժինը պահանջեցին, իսկ ԱՄՆ-ը չհամաձայնեց: Այս անգամ պատկերն այլ է»,- ասում է ակադեմիայի անդամը՝ ավելացնելով, որ, մասնավորապես, Ֆրանսիան տարածաշրջանում միշտ էլ իր շահերն ունեցել է:

Հայաստանը՝ թատերաբեմում

Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ միանա հարձակվողի՞ն, ինչպես արեց Իրաքի ժամանակ, թե՞ զոհին: Ա. Սարգսյանը համոզված է, որ այսօր մենք ունենք ընտրության հիանալի հնարավորություն: «Հայաստանը կարող է հայտարարել, որ ինքը վարելու է չմիացման քաղաքականություն, ինչպես սովորաբար անում են երրորդ աշխարհի երկրները: Դրա արդյունքում, բոլոր կողմերը Հայաստանում լավ կաշխատեն` եւ՛ պարսիկները, եւ՛ ամերիկացիները: Սա կոմպլեմենտարիզմ չէ, երբ 2 կողմին էլ չես մերժում, ըստ էության, նման քաղաքականությամբ 2 կողմին էլ մերժում ես: Չմիացման դեպքում մեզ ոչ ոք չի պատժի»,- ասում է Ա. Սարգսյանը: Եթե պատերազմը սկսվի, Հայաստանը պետք է որոշում կայացնի` տրամադրելո՞ւ է ԱՄՆ-ին օդային տարածք, թե՞ ոչ: Ըստ նրա, դեռեւս 2000թ. ամռանը Վաշինգտոնում համաձայնություն է ձեռք բերվել՝ Հայաստանի օդակայանները եւ օդային տարածքը շահագործելու առնչությամբ: Միգուցե Իրա՞նն է հաղթելու: Ա. Սարգսյանը վերջին հանգամանքն էլ է հավանական համարում, քանի որ աշխարհում կան 7 ատոմային տերություններ, որոնցից 4-ն Ասիայում են: Եվ վերջապես, նա հիշեցնում է, որ հնարավոր պատերազմը լինելու է ոչ թե Վաշինգտոնից, այլ Երեւանից 300 կմ հեռավորության վրա, եւ Հայաստանն Իրանի կողմից ոչնչով ապահովված չէ:

Հայ-թուրքական սահմա՞ն

Տեղեկատվական դարաշրջանում ի՞նչ է նշանակում հայ-թուրքական սահման: Ա. Սարգսյանն ապացուցում է, որ «սահման» հասկացության 4 տարրերն (ապրանքներ, ֆինանսներ, աշխատուժ, տեղեկատվություն) այս 2 երկրների միջեւ բաց են: «Թուրքիայի հետ Հայաստանը ֆինանսների շարժի խնդիր չունի, քանզի բանկային համակարգը լավ է աշխատում: Մեծ հաշվով, ապրանքի շարժի միակ խնդիրն էլ այն է, որ Հայաստանից Թուրքիա ներմուծվող եւ արտահանվող ապրանքի գնի վրա ավելանում է 20-30% ծախս: Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունն այսօր գերազանցում է 200 մլն դոլարը, ընդ որում, դրա 95 %-ը Թուրքիայից ներմուծված ապրանքներն են կազմում: Սա հետաքրքիր է, քանզի 2 երկիրն էլ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ են, սակայն Թուրքիան արգելում է հայաստանյան ապրանքների ներմուծումը: Ստացվում է` Հայաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար ներդնում է Թուրքիայի տնտեսության մեջ: Օդային տարածքը նույնպես բաց է. շատ հայեր են հանգստանում Անթալիայում: Մարդկանց տեղաշարժն էլ է ազատ. Ստամբուլում աշխատում է Հայաստանի մոտ 30 հազար քաղաքացի, իսկ Հայաստանում այսօր Թուրքիայի շատ քաղաքացիներ զբաղվում են գիտական, կրթական եւ այլ գործունեությամբ: Ինտերնետը, հեռախոսային կապը գործում են»,- ասում է տնտեսագիտության դոկտորը: Նրա հավաստմամբ, «հայ-թուրքական սահման» ասելով՝ պետք է հասկանալ Ղարս-Գյումրի երկաթգիծը, առանց որի էլ 2 երկրները նորմալ առեւտրա-տնտեսական հարաբերությունների մեջ են: Ա. Սարգսյանը հիշում է, երբ 1993թ. հոկտեմբերին Թուրքիայի դաշտային 10-րդ բանակը գտնվում էր Գյումրիից Շարուր հատվածում եւ պատրաստ էր Հայաստանի տարածք մտնելու, եւ, որ թուրքական բանակի հիմնական խոչընդոտն այն էր, որ ռազմական ծանր տեխնիկան հնարավոր չեղավ տեղաշարժել դեպի Մեղրի, քանզի դրա համար պետք էր ոչ թե ավտոճանապարհ, այլ` երկաթգիծ: Նա վստահ է, որ «սահմանի» բացումը ձեռնտու է Թուրքիային, այլ ոչ թե Հայաստանին: «Այնուամենայնիվ, Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական քաղաքականությունից: 1993-ի խաղն այժմ այլ ձեւով է խաղում: Այն ժամանակ ուղղակի ռազմական ագրեսիա էր նախապատրաստում, իսկ այսօր Հայաստանին ծնկի բերելու համար տիրանում է Վրաստանին, որի աշխարհաքաղաքական դաշտն իր ձեռքին է»,- ասում է Ա. Սարգսյանը:

Finita la comedia

Ա. Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը վարում է սխալ արտաքին քաղաքականություն: «Իրաքի ժամանակ ագրեսորի կողքին կանգնելը Հայաստանին ոչ մի դրական արդյունք չտվեց: ԱՄՆ-ը իր խոստացած 250 մլն դոլարը չտվեց, ո՛չ Ղարաբաղի հարցը լուծվեց, ո՛չ Ցեղասպանությունը ճանաչվեց: Պետությունը ոչ մի քաղաքական դիվիդենտ չշահեց, թեեւ հնարավոր է` առանձին մարդիկ օգուտ քաղեցին»,- հիշում է ակադեմիայի անդամը: Նա չի ընդունում, որ մեր երկրի անհաջողություններում մեղադրում են միայն Ռուսաստանին. «Մենք ինքներս ի՞նչ ենք անում Հայաստանի տնտեսության զարգացման համար, կաշառակերության, կոռուպցիայի համար ռուսնե՞րն են մեղավոր: Ռուսները գազը վաճառում են 110 դոլարով, իսկ մերոնք՝ սեփական ժողովրդին` 200 դոլարով»: Ա. Սարգսյանը համոզված է, որ այսօր Հայաստանին եւ ապագա սերունդներին պետք են նոր մարդիկ՝ ներկա աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներին դիմակայելու համար, քանզի «այս թիմով խաղալն այլեւս անհնար է եւ չի բխում Հայաստանի շահերից»: