«Տիտանիկ»-իուղիով

21/03/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ընդդիմությունը միավորվել է: Դեռ մի քանի ամիս առաջ Վրաստանի քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժերի միավորումն անհնարին բան էր թվում. հարգելի էլիտար հանրապետականները չէին թաքցնում իրենց մի տեսակ ներողամիտ ու սկեպտիկ վերաբերմունքը պոպուլիստական ժանրի վարպետների` լեյբորիստների նկատմամբ, որոնք էլ, իրենց հերթին, առանց անհարմար զգալու, պահպանողական կուսակցությանն անվանում էին ընդդիմության արհեստական լաբորատորիա, եւն: Մոռացությունից հարություն առավ նույնիսկ Իրակլի Ծերեթելին` Զվիադ Գամսախուրդիայի ժամանակների փողոցային հանրահավաքների քաղաքական գործիչը: Քաղաքական կազմակերպությունների խայտաբղետ համակեցությունը մեն մի նպատակ է հետապնդում` տապալել կառավարող «Միացյալ ազգային շարժում»-ը, որը, անկեղծ ասած, արդեն վաղուց միացյալ չէ եւ դադարել է արտահայտել ազգի շահերը` վերջին ժամանակներս պաշտպանելով միայն իր սեփականը, այն է` որքան հնարավոր է երկար մնալ իշխանության ղեկին` բացարձակապես հաշվի չառնելով գնալով ավելի հաճախ հնչող կարծիքներն այն մասին, որ իրենք չեն կարողանում ղեկը վարել եւ վտանգում են Վրաստանի պետականությունը տանել «Տիտանիկի» ճանապարհով: Միայն թե այսբերգի փոխարեն սեփական ժողովուրդն է, որ երկու տարի առաջ միանշանակ պաշտպանեց հեղափոխությունը:

Իշխանությունները «խուլ են» պարբերաբար տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքների նկատմամբ: Նրանք առաջվա պես ցինիկ են իրենց գործողություններում եւ դիտողություններում: Նման վարքագիծը կարող էր ուժի նշան լինել: Բայց հաշվի առնելով երկրի թշվառ վիճակը, որին նպաստել են նաեւ իշխանությունների կոպիտ սխալները, նրանց բացահայտ դիլետանտիզմը, այդ վարքագիծն ավելի շուտ խոսում է թուլության մասին:

Երրորդ շաբաթն է` Վրաստանի մանր վաճառականները բողոքում են հաշվիչ դրամարկղային մեքենաների պարտադիր տեղադրման դեմ` պահանջելով հետաձգել դա գոնե մինչեւ ամառ: Իշխանությունները խուլ են: Նրանք միայն հազվադեպ են իրենց թույլ տալիս հայտարարություններ անել, թե բողոքները ոչինչ չարժեն, միեւնույն է, հաշվիչ դրամարկղային մեքենաները տեղադրվելու են հենց հիմա, իսկ առեւտրի կանոնները խախտողներին մեծ տուգանքներ են սպասվում: Մի խումբ պատգամավորներ, փորձելով այդ հարցով հանդիպել վարչապետի հետ, ստիպված են լինում հենց նրա ընդունարանում հացադուլ հայտարարել: Միայն դրանից հետո է վարչապետը նրանց ընդունում: Սակայն զրույցը չի ստացվում. վարչապետն ընդամենը հերթական անգամ հաստատում է իշխանությունների անբեկանելի որոշումը:

Այդ նույն ժամանակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում տեղի բանկերից մեկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի (այդ մասին գրել ենք մեր նախորդ համարներից մեկում) սպանության ոչ օբյեկտիվ հետաքննության դեմ: Հանցագործության մեջ խառն են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մի քանի շաբաթ է` Թբիլիսիում հնչում են ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլուն պաշտոնից հեռացնելու մասին պահանջներ: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարում է, որ Մերաբիշվիլին փայլուն նախարար է, եւ նրան հեռացնելու մասին պահանջը ժամանակի անիմաստ կորուստ է: «Հո Շալիկոյի՞ն չեմ այստեղ բերելու»,- տեսախցիկների առաջ ծիծաղելով ասում է նախագահը: Նրա` արհամարհանքով հիշատակած Շալիկոն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին է, որի վարկանիշը, համաձայն որոշ տվյալների, նախագահի վարկանիշից բարձր է:

Թբիլիսիում մի դպրոց էր այրվել: Հեռուստաէկրաններին հայտնվում է քաղաքապետ Գիգի ՈՒգուլավան: Ոչ, նա չի խոսում այն մասին, որ դպրոցը կվերանորոգվի: Ավելի ճիշտ` նա այդ մասին խոսում է, բայց միայն այն բանից հետո, երբ դպրոցն այրելու մեջ մեղադրում է պատգամավոր եւ բիզնեսմեն Վալերի Գելաշվիլուն: «Մի ժամանակ նա ուզում էր գնել դպրոցն ու հարակից տարածքը, բայց երբ մենք նրան մերժեցինք, նա դպրոցն այրեց»,- ասում է ինքնահավան քաղաքապետը` մոռանալով անմեղության կանխավարկածի մասին, այն մասին, որ դատաքննությունը ոչ միայն չի ավարտվել, այլ նույնիսկ դատական գործ չի հարուցված: Այս ամենից շփոթված` Գելաշվիլին, մեկնաբանելով մեղադրանքը, հայտարարեց, որ դատի կտա Ուգուլավային, ինչին քաղաքապետը պատասխանեց. «Թքած ունեմ, թող դատի տա: Ես գիտեմ, որ նա է վառել դպրոցը»:

Սրանք իշխանությունների վարքագծի մի քանի օրինակներ են, իշխանությունների, որ իրենց համարում են հետխորհրդային տարածաշրջանի ժողովրդավարության լիդերներ:

«Մեր պատգամավորներին Մինսկում կալանավորել էին, քանի որ դիկտատորները վախենում են մեզանից»,- ասաց Սահակաշվիլին, երբ իմացավ, որ բելառուսական իշխանությունները կատարել են իրենց խոստումը եւ թույլ չեն տվել վրացի խորհրդականներին` հետեւել ընտրություններին: «Մենք շարունակելու ենք պայքարը կայսրության դեմ, մենք պայքարելու ենք հանուն ժողովրդավարության»,- հերթական անգամ հայտարարեց նա` հաստատելով դիտորդների կարծիքը, թե Սահակաշվիլին վերջին ժամանակներս ավելի ու ավելի դժվարությամբ է խոսում կոնկրետ թեմաներով եւ ավելի շատ խոսում է վերացական բաների` հեղափոխության անխուսափելիության, թշնամիների դեմ պայքարի, նրանց մեքենայությունների, սառցե պալատ կառուցելու եւն մասին: Իբր մնացած ամեն ինչն արված է, եւ մնում է միայն ձեւավոր չմշկասահքն ու հոկեյը:

Խորհրդարանի պատգամավորներից մեկը, իմանալով Բելառուսում մեր պատգամավորների հետ տեղի ունեցած միջադեպի մասին, զայրույթով ասաց. «Ո՞ւր ենք մենք նրանց ուղարկում: Մեր ի՞նչ գործն է Բելառուսը: Ինչո՞ւ ենք մեր քիթը խոթում այնտեղ: Ավելի լավ կանենք` մենք մեր երկրի ու մեր մասին մտածենք»: Սակայն կասկած չկա, որ իշխանությունները չեն լսի եւ այս բառերը…