Կահույքի ֆաբրիկան աջակցության կարիք ունի

21/03/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կահույքի արտադրությամբ Ղարաբաղում զբաղվում են մի քանի ձեռնարկություններ, որոնցից է նաեւ «GF» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը համարվում է Ղարաբաղի տնտեսությունում առավել խոշոր ներդրումներ կատարած ընկերություններից մեկը:

Ընկերությունը, ըստ ԼՂՀ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարության տվյալների, կատարել է շուրջ 130,0 հազար ԱՄՆ դոլար ներդրում, ստեղծել` 18 աշխատատեղ:

Ոլորտում գործունեություն է ծավալում նաեւ Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկան, որտեղ ներկայումս աշխատում է ընդամենը 17 մարդ` ամսական 30 հազար դրամ աշխատավարձով:

Ժամանակին հայտնի այդ ձեռնարկության պատկերն այսօր այլ է, պատերազմն իր հետքն է թողել նաեւ այստեղ. ֆաբրիկայի մասնաշենքերի ընդհանուր տեսքը տարեցտարի քայքայվում է: Ձեռնարկության գլխավոր ինժեներ Բեգլար Ղուլյանը հպարտությամբ է հիշում կահույքի ֆաբրիկայի նախկին ձեռքբերումները։ Բայց ներկա դրությունն էլ անհուսալի եւ անուղղելի չի համարում։ Աշխատակիցների վերոհիշյալ թվակազմով անգամ կահույքի ֆաբրիկան հասցնում է որոշ աշխատանքներ կատարել: Բ. Ղուլյանի հավաստմամբ՝ 1992 թվականից մինչեւ 1998-99թթ. ձեռնարկության արտադրանքի տարեկան իրացման ծավալն աճի որոշակի միտում ուներ, ինչը հիմնականում պայմանավորված էր բանակաշինության գործընթացով եւ որոշ պետական գերատեսչությունների ակտիվ գործունեությամբ։ 2000թ. արտադրանքի իրացման ծավալը կազմում էր մոտ 9 մլն դրամ, 2003թ.` 12 մլն 674 հազար, իսկ 2005թ.` 19 մլն 600 հազար դրամ։

Հետպատերազմյան շրջանում ձեռնարկությունում կատարվել են արկերից տուժած շենքերի վերականգնման, վարչական որոշ շինությունների վերանորոգման աշխատանքներ, իսկ այժմ, թեկուզ փոքր ծավալներով, ձեռնարկությունը շարունակում է աշխատել՝ արտադրելով տարբեր տեսակի սեղաններ, աթոռներ, պահարաններ եւ այլն։ Ներկայումս ֆաբրիկան ստիպված է ընդունել տնտեսական դաշտում հայտնված մրցակիցների մարտահրավերը: Ստացված եկամուտների հիմնական մասը, ըստ Բ. Ղուլյանի, ուղղվում է ֆաբրիկայի պարտքերի մարմանը։ Դրա փոխարեն` բավական ակտիվ աշխատում են ձեռնարկության մրցակիցները, որոնց թիվը վերջին 2-3 տարիների ընթացքում զգալի մեծացել է։ Դրանք հիմնականում ոչ մեծ աշխատակիցներ ունեցող ձեռնարկություններ են։

Այսօր պետական հոգածության ներքո գտնվող Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկան աջակցության կարիք ունի, ինչի առկայության դեպքում կարող է վերականգնվել ֆաբրիկայի բարի համբավը։