Հատակագծից չե՞ն շեղվի…

21/03/2006

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն ուրվագծեց այն ուղին, որով անշեղորեն պատրաստվում է ընթանալ Երեւանի քաղաքապետարանն առաջիկա 10-15 տարիների ընթացքում: Այս տարի քաղաքապետարանը մտադիր է Երեւանի գլխավոր հատակագծի պահանջների համաձայն` մշակել համայնքների գոտեւորման նախագիծ, որը, ըստ գլխավոր ճարտարապետի, հստակեցնելու է յուրաքանչյուր համայնքի քաղաքաշինական չափանիշները: Երեւան քաղաքի համալիր կանաչապատման սխեմայի համաձայն` կկատարվի նաեւ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների սահմանների ճշտում, ուսումնասիրություն, կոորդինատային նշահարում, հողամասերի գլխավոր հատակագծերի պատրաստում եւ պետական գրանցում: «Գլխավոր հատակագծում այդ տարածքները նշված են, բայց ավելի մանրակրկիտ կոորդինատային ցանցով նշահարումներն այսօր պետք է կատարվեն, որպեսզի մեկընդմիշտ վերջ տրվեն այդ խնդիրների վերաբերյալ տարակարծություններին, միանշանակ ճշտվեն բոլոր սահմանները եւ այդ սահմանների ներսում տեղի ունենան կանաչ տարածքների հետ թույլատրվող գործառույթները»,- գլխավոր ճարտարապետը վստահություն հայտնեց, որ իրենց գործունեության տարիներին քաղաքի գլխավոր հատակագծից շեղումներ չեն լինի: 2009թ. նախատեսվում է գլխավոր հատակագծի իրականացման միջանկյալ վերլուծություն, որի արդյունքների հիման վրա վերջնականապես կճշտվեն նաեւ 2010-2020թթ. քաղաքաշինական բոլոր գործառույթները: Գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց նաեւ, որ արդեն պատրաստ է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի կառուցապատման սխեման, որի իրականացման համար այս շաբաթ մրցույթ կհայտարարվի: Ս.Դանիելյանը նաեւ հայտարարեց, որ Կինոյի տան տեղում կառուցվող բարձրահարկի մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ գլխավոր ճարտարապետի՝ այստեղ կկառուցվի ոչ թե 24, այլ 21 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր: Առայժմ պարզ չէ, թե այն իրենից ինչ է ներկայացնելու, որովհետեւ կոնկրետ նախագիծ չկա: Այսինքն՝ քանի դեռ կոնկրետ նախագիծ չկա, չի բացառվում, որ բարձրահարկը կարող է ունենալ նաեւ 24 հարկ, հատկապես, որ, ինչպես Ս.Դանիելյանն ինքն էր պնդում, շենքի վերջնական հարկայնության չափը կորոշվի համայնքային գոտեւորման ծրագրի հաստատումից հետո միայն: Քաղաքապետարանն առայժմ թույլ է տվել միայն շենքի ապամոնտաժումը: Գլխավոր ճարտարապետը հավաստիացրեց նաեւ, որ շենքի կառուցումն իրականացնելու են կինոգործիչները: Իսկ մենք կարծում էինք՝ կինոգործիչները փող չունեն:

Ն.Ա.