Սրինգ, որը հաղթում է չարին

21/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Կախարդական սրինգը» շուտով կբեմադրվի նաեւ մեր Օպերայի թատրոնում: «Այդ բեմադրությունը հնարավոր է դառնալու մեր համարյա թե մեկ ու կես տարվա բանակցությունների շնորհիվ»,- ասաց Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Երեւան են հրավիրվել եվրոպացի մասնագետները, որոնց շնորհիվ էլ կայանալու է այս օպերան:

«Կախարդական սրինգը» դժվար է կատարել, սակայն իր չափազանց թատերայնության շնորհիվ, կարելի է շատ հետաքրքիր բեմադրել: Ժողովրդական ֆեերիաների ոգով ստեղծված այս օպերայում արիաներն ու երկխոսություններն իրար են զուգորդում: Իսկ ռեչիտատիվը միշտ էլ շատ գրավիչ է եղել բեմի համար: Իր օպերան կոմիկական անվանելով, Մոցարտը գործողությունը հագեցրել է ֆանտաստիկ, հեքիաթային, միստիկական ու կախարդական կերպարներով: Հիասքանչ երաժշտությունը բավականին խճճված սյուժեի մեջ է դրված: Սյուժեում քիչ է ինտրիգը, սակայն շատ են այլաբանություններն ու սիմվոլիկան: Փերիները, կախարդները, իմաստունները, թագավորները չարի ու բարու խորհրդանիշներն են: Այստեղ կա նաեւ Մոցարտի ժամանակներում շատ տարածված մասոնական ծեսերի արտացոլքը, որը կոմպոզիտորը բոլոր մարդկանց եղբայրության ու հավասարության գաղափարի է փոխակերպել: Ինչպիսին է լինելու երեւանյան «Կախարդական սրինգը»՝ դեռ հայտնի չէ, քանի որ բեմականացման բուն աշխատանքները սկսված չեն: Մարտի 17-ին ու 18-ին հանդիսատեսին ներկայացվեց օպերայի համերգային տարբերակը։ Սակայն բացի կատարողական բարձր որակից, «Կախարդական սրինգը» նաեւ լավ բեմական ու լուսային ձեւավորում է պահանջում: Դեկորացիաները, զգեստներն ու հատուկ էֆեկտները ստեղծողները արտասահմանից են լինելու, թեեւ չի բացառվում նաեւ հայերի մասնակցությունը: «Դա համատեղ աշխատանք է լինելու»,- վստահեցնում է Կ. Հովհաննիսյանը: Հեքիաթային պերսոնաժները պետք է հեքիաթային միջավայրում ապրեն: Թեեւ վերջերս Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրված «Կախարդական սրինգը» ծայրահեղ ժամանակակից ոճով է բեմադրված (փերիները ոստիկանուհիներ էին դարձել, Գիշերվա թագուհին «Վոլգա» ավտոմեքենայով էր բեմ դուրս գալիս, իսկ Բանականության ու Լույսի կայսրությունը սոլյարիի տեսքով էր ներկայացված), դժվար թե նույնը լինի մեր Օպերային թատրոնում: «Մենք երբեք մեր խաղացանկում այդ օպերան չենք ունեցել եւ չենք պատրաստվում ժամանակի պահանջների ետեւից գնալ: Դա ճիշտ չի լինի, քանի որ պետք է դասական տարբերակից սկսել»,- ասաց Կ.Հովհաննիսյանը: Թերեւս մեզ կներկայացվի հեքիաթային երեւակայության ավանդական մեկնաբանումը: «Կախարդական սրինգի» բեմադրիչներից շատերն այս օպերան շատ հարմար են համարում այն հասարակության համար, որն անընդհատ պայքարի մեջ է գտնվում: Հեքիաթի վերացական պայքարը բավականին լուրջ հիմքեր ունի, ներկայացնում է բանականության ու վրեժխնդրության հավերժական բախումը:

Օպերաները մեր օրերում հենց այնպես չես բեմադրի, ռեժիսորական հայացքն ու մոտեցումը հաջողության պարտադիր պայման են: Եվ վերջին խոսքը հենց շվեյցարացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինինը եւ գերմանացի ռեժիսոր Մայքլ Լոչարինն է լինելու: Օպերայի ստեղծագործական կազմն ամբողջությամբ դեռ չի ժամանել Հայաստան եւ օպերայի վերջնական մատուցման ձեւն անորոշ է: Յուրաքանչյուր նորություն շատ զգուշորեն է մատուցվում, գերիշխում է միայն այդ փաստով հիանալու տրամադրությունը:

Իսկ արդեն Հայաստանում գտնվող Ֆ. Ագուդինը գերմաներեն լեզվով գրված «Կախարդական սրինգը» պատրաստվում է ճիշտ պրոպագանդել եւ հասու դարձնել հայ երեխաների համար: Նա նախաձեռնել է օպերայի լիբրետտոյի հայերեն թարգմանության աշխատանքը, իսկ համերգին մասնակցել ցանկացող երեխաների մուտքը դարձրել է անվճար: «Կախարդական սրինգն» ամեն դեպքում հեքիաթ է, որը ֆանտաստիկ կերպարների, կախարդական փոխակերպումների ու լուսավոր երաժշտության օգնությամբ պատմում է ներդաշնակության մասին: Եվ շատ ցանկալի է, որ Մոցարտի 250-ամյակի առթիվ բեմադրվող այս օպերան սիրվի ու իր տեղը գտնի մեր բավականին աղքատիկ խաղացանկ ու հանդիսատեսի խնդիր ունեցող Օպերային թատրոնում: Իսկ հայ եւ եվրոպացի երգիչների համատեղ կատարման փաստը միայն ողջունելի է: Ժամանակն է քայլեր անել` գիտակցելով սեփական օպերային դպրոցի թուլությունն ու ժամանակավրեպ լինելը: