Մինչ քաղաքային իշխանությունները հորդորում են, թե ամեն ինչ անում են մայրաքաղաքի փողոցները կարգի բերելու ուղղությամբ՝ Երեւանի որոշ փողոցների հատվածներ, այնուամենայնիվ, ծառայում են որպես հասարակական զուգարաններ: Շաբաթ եւ կիրակի օրերին «Էրեբունի» թանգարանից մինչեւ Նուբարաշենի խճուղի ընկած հատվածում գործում է ավտոշուկա, որտեղ այդ օրերին առուծախի համար այցելում են շուրջ 10.000-15.000 մարդ: Հսկայական այդ տարածքում բացակայում են հասարակական զուգարանները, ինչն էլ մարդկանց ստիպում է բնական կարիքները հոգալ պատերի կամ ծառերի տակ: Հանգստյան օրերից հետո ավտոշուկայի տարածքում գարշահոտություն է տարածվում, իսկ տարածքը նմանվում է աղբանոցի: Մենք ականատես եղանք, որ նույնիսկ «Էրեբունի» թանգարանի հարեւանությամբ գտնվող հուշակոթողը ծառայում է որպես միզավայր: Ավտոշուկայի այցելուներից մեկը շատերի ներկայությամբ, առանց քաշվելու, հուշակոթողի հավերժության նշանի վրա միզեց ու հեռացավ: Հիշեցնենք, որ ավտոշուկայում բիզնես իրականացնելու համար տարածքի սեփականատերերը յուրաքանչյուր մեքենա վաճառողից գանձում են 500 դրամ: Մեր տեղեկություններով՝ ավտոշուկայում շաբաթ եւ կիրակի օրերին մոտ 8000-9000 ավտոմեքենաներ են կայանում, հետեւաբար նույնիսկ տարածքը հսկող Ոստիկանության ՊԱՏ բաժնի եւ ՊՊԾ աշխատակիցները դժգոհում են, որ ծառայության ընթացքում իրենք նույնպես զուգարան գնալու հնարավորություն չունեն: