Ըստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այդ երկրում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 92,6%-ը: «Ըստ նախնական արդյունքների, Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների քվեների 82,6%-ը։ Միացյալ ընդդիմության թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչը հավաքել է ձայների 6%-ը»,- երեկ հայտարարել է Բելառուսի ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան՝ նշելով, թե ընտրության վերջնական արդյունքները մոտ են նախնական գնահատականներին։ Ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչը, սակայն, համարում է, որ ընտրությունները կոպտորեն կեղծվել են, եւ երեկ հանրահավաքում իր մոտ 20 հազար կողմնակիցներին կոչ է արել երեկոյան հավաքվել Մինսկի «Հոկտեմբերյան հրապարակում»՝ բողոքի հանրահավաքի։ Իսկ ահա Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները Բրյուսելում երեկ հայտարարել է, թե մեծ է հավանականությունը, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի այդ երկրի նկատմամբ: «Հաշվի առնելով այն, ինչին մենք ականատես եղանք կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ, Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Խոսքը տնտեսական պատժամիջոցների մասին չէ, ավելի շուտ դրանք կլինեն Բելառուսի պաշտոնատար անձանց համար վիզային նոր սահմանափակումներ»,- ասել է Ֆերերո Վալդները: Եվրամիությունում նախագահող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, իր հերթին, հայտարարել է, թե ընտրությունները Բելառուսում անցել են «քաղաքական ճնշումների եւ խախտումների պայմաններում»: