Լենինի եւ Աթաթուրքի ժառանգորդը

21/03/2006

Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին երեկ հայտարարել է, թե Բաթումիի օդանավակայանը թուրքերին վաճառելով, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դավաճանել է Վրաստանի շահերին: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ` Նաթելաշվիլին Վրաստանի նախագահին անվանել է «Լենինի եւ Աթաթուրքի ժառանգորդ»: Նա նաեւ հորդորել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ չվավերացնել Թուրքիայի հետ համաձայնագիրը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում Վրաստանը եւ Թուրքիան պայմանավորվել էին համատեղ օգտվել Բաթումիի օդանավակայանից: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել էր, որ թուրքական կողմը վերանորոգելու է Բաթումիի օդանավակայանը, ինչից հետո թուրքական ավիաընկերությունների կողմից այն կօգտագործվի որպես Թուրքիայի ներքին օդանավակայան: Ըստ այդմ, Վրաստանի քաղաքացիները Բաթումիից Թուրքիայի քաղաքներ կկարողանան թռչել նույն գներով, որոնք գործում են Թուրքիայի ներքին չվերթներում: