Հրացան-կիթառ

21/03/2006

Կոլումբիացի երաժիշտ Սեզար Լոպեսը նոր երաժշտական գործիք է հնարել: La Escopetarra կոչվող գործիքը միաժամանակ հրացանի եւ կիթառի է նման: «Ես միաձուլել եմ մարդկության կողմից արված վատթարագույն հայտնագործությունն ամենագեղեցիկ երաժշտական գործիքի հետ»,- ասել է հեղինակը: Նման գործիք ստեղծելու միտքը ծագել է այն ժամանակ, երբ Բոգոտայի ակումբներից մեկում պայթած ռումբը հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: «Ես կիթառը ձեռքիս կանգնած էի, երբ հրացանով զինվոր տեսա եւ հասկացա, որ մենք շատ նման ենք իրար»,- ասում է Սեզար Լոպեսը, ով իր ընկերների հետ մի շարք համերգներ է կազմակերպել` կողք կողքի կանգնելով զինված զինվորների հետ: La Escopetarra-ն Կոլումբիայում յուրահատուկ հակապատերազմական խորհրդանիշ է դարձել: Երկրի իշխանությունները երաժշտին խոստացել են հրացաններ մատակարարել` դրանց հետագա փոխակերպման համար: Նոր երաժշտական գործիքը ձեռք բերելու ցանկություն են արդեն հայտնել Կառլոս Սանտանան, Պոլ Մաքքարտնին եւ Շակիրան: