Հայտնի իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիներն իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպն էկրանավորելու ցանկություն էին հայտնել: Վերջերս Եվրամիության Euromages հիմնադրամը Տավիանի եղբայրներին խոստացել է` ֆիլմը նկարահանելու համար 600 հազար եվրոյի աջակցություն ցուցաբերել: Euromages հիմնադրամը եվրոպական ֆիլմերի նկարահանումն ապահովելու ու մշակութային համագործակցություն ստեղծելու նպատակ ունի: «Արտույտների ագարակը» հայոց ցեղասպանության եւ սիրո մասին է, այդ պատճառով էլ նման ֆիլմի նկարահանումներին աջակցելուն դեմ է հանդես եկել Թուրքիան: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը բողոք է ուղարկել Իտալիա եւ պահանջել կանխել հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումները: Տավիանի եղբայրների դրամաշնորհն անփոփոխ կմնա, սակայն հնարավոր է, որ ֆիլմի վերջնական տարբերակում ավելի մեծ տեղ հատկացվի սիրային պատմությանը, այլ ոչ թե պատմական փաստերի ներկայացմանը: