Ինչպիսի կոշիկ հագնել

21/03/2006

Ձմռան ցրտերը ստիպում են երկարաճիտ կոշիկներ հագնել։ Դրանք տաք են, հարմար եւ լավ սազում են կանանց, եթե ընտրությունը կատարվել է ճաշակով։ Կոշիկները ձեռք բերելիս անպայման պետք է հաշվի առնեք ձեր մարմնի կառուցվածքը։

Երկարաճիտ կոշիկները պետք է կիպ գրկեն ոտքերը, բայց չսեղմեն եւ չցավեցնեն սրնքամկանը։

Բարակ ոտքեր ունեցող կանայք պետք է կրեն ավելի բաց գույնի, մինչեւ ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներ։

Բարակ ոտքերին ավելի են սազում հարթ եւ ուղիղ կրունկները։

Կարճ եւ լայնաճիտ կոշիկների մեջ ոտքերն ավելի բարակ են թվում։

Եթե ձեր ոտքերը կարճ են ու հաստ, հագեք սրնքամկանի ամենահաստ մասին հասնող երկարաճիտ կոշիկներ, սակայն կարճ վերարկուով։

Մինչեւ ծնկները հասնող վերարկուին սազում են մինչեւ սրունքն ընկած երկարության երեք քառորդին հասնող կոշիկներ։

Բարձր կրունկներն ավելի են գեղեցկացնում հաստ ոտքերը: Այդպիսի ոտքերին չի սազում կոշիկների վրայի զարդը, քանի որ այն կարող է ընդգծել ոտքերի հաստությունը։ Կոշիկների նախշը պետք է լինի ուղղահայաց։

Եթե կանանց ոտքերը «օ» տառի նման են (կորացած են դեպի դուրս), ապա պետք է ավելի ցածրաճիտ եւ ցածրակրունկ կոշիկներ հագնեն, քանի որ բարձր կրունկները երկարացնում են ոտքերը, ընդգծելով նույն ձեւը, իսկ շատ ցածր կրունկներն էլ դժվարացնում են քայլերը։ Ուրեմն, ընտրեք միջին բարձրության կրունկներ։

«X» տառի նման ոտքերին (իքսաձեւ) սազում են սրունքի երեք քառորդին հասնող երկարաճիտ կոշիկներ, առանց ճարմանդների։ Նրանց չեն սազում մինչեւ ծնկները հասնող կոշիկները։

Խավամազով կիսաճտքավոր կոշիկներն անպայման պետք է շալվարի հետ հագնել։ Հակառակ դեպքում` ոտքերը դրանց մեջ տգեղ կթվան։

Երբեք չի կարելի մինչեւ ծնկները հասնող, նույնիսկ ավելի կարճաճիտ կոշիկի մեջ մտցնել շալվարի փողքերը։

Կոշիկի գույնը պետք է ներդաշնակի վերարկուի գույնին։ Շատ հաճելի է, երբ կոշիկները, ձեռնոցներն ու պայուսակը նույն երանգի են։

Ոչ շատ երիտասարդ կանանց խորհուրդ է տրվում հագնել կիպ ու առանց զարդարանքների երկարաճիտ կոշիկներ։ Դրանց գույնն էլ պետք է ընտրված լինի տարիքին համապատասխան եւ ճաշակով։

Բայց եւ վառ գույները սազում են ջահել աղջիկներին, նրանք կարող են կոշիկներին զարդեր էլ կրել։