Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանի գլխավորությամբ մեկնել է Գերմանիա, որտեղ ընկերական հանդիպում է անցկացնելու այս երկրի երիտասարդական հավաքականի հետ։
Երկարատեւ ընդմիջումից հետո թիմ է հրավիրվել Արման Քարամյանը, որը հանդես է գալիս ռումինական «Բրաշովում»։ Իսկ նրա եղբոր՝ Արտավազդ Քարամյանի բացակայությունը լուրջ կորուստ կարելի է համարել մեր թիմի համար։ Հիշեցնենք, որ Արտավազդը հանդես է գալիս ռումինական մեկ այլ թիմում՝ «Ռապիդում», որը դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Նա գտնվում էր հիանալի մարզավիճակում, սակայն, ցավոք սրտի, գերմանական «Համբուրգի» հետ խաղի ժամանակ վնասվածք ստացավ եւ որոշ ժամանակով շարքից դուրս եկավ։ Հայաստանի հավաքականի կազմում հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ռոմիկ Խաչատրյանը («ՕՖԻ», Հունաստան) եւ Համլետ Մխիթարյանը («ՄՏԶ-ՌԻՊՈ», Բելառուս)։ Հավաքականի կազմում հայտավորված են նաեւ 3 նորեկներ՝ դարպասապահ Էդգար Գասպարյանը եւ հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը (երկուսն էլ «Փյունիկից»), ինչպես նաեւ` «Բանանցի» պաշտպան Հովհաննես Գրիգորյանը։