Լինարեսի շախմատային սուպերմրցաշարում հաղթանակ տանելուց հետո Լեւոն Արոնյանը մեկնեց Մոնակո՝ մասնակցելու այդտեղ անցկացվող միջազգային մրցաշարին։ Մասնակիցների թիվն այստեղ ավելի մեծ է, որոնց թվին է միացել նաեւ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ հնդիկ գրոսմայստեր Անանդը։ Մասնակիցներն այստեղ միմյանց հանդիպում են երկուական անգամ՝ կույր եւ արագ շախմատում։ Ի ուրախություն հայ մարզասերների, Լեւոնն այստեղ էլ վստահ է հանդես գալիս։ Առաջին տուրում Արոնյանը կույր պարտիայում պարտություն կրեց Լուկ վան Վելիից, սակայն արագ շախմատում առավելության հասավ վերջինիս նկատմամբ։ Երկրորդ փուլում Լեւոնի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Թոփալովն էր, որը մեր գրոսմայստերին պարտության էր մատնել Վեյկ ան Զեեի եւ Լինարեսի մրցաշարում։ Այս անգամ Լեւոնը ռեւանշ վերցրեց։ Կույր պարտիայում նա պարտության մատնեց բուլղարացի շախմատիստին, իսկ արագ շախմատի պարտիան խաղաղ ելք ունեցավ: Այսպիսով, 2 տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ Պետեր Լեկոյի, Ալեքսանդր Մորոզեւիչի, Վեսելին Թոփալովի ու Ֆրանսիսկո Վալեխոյի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Անանդը, Վելին, Գրիշչուկն ու Նիլսենը 1.5-ական միավորով բաժանում են 6-9-րդ տեղերը։ Աղյուսակը 1 միավորով եզրափակում են Պյոտր Սվիդլերն ու Վասիլի Իվանչուկը։