Բռնցքամարտն ավարտվեց ողբերգությամբ

21/03/2006

Շաբաթ օրն Ինդիանա նահանգում անցկացված մենամարտը՝ Քեւին Փեյնի եւ Ռայան Մարալդոյի մասնակցությամբ, տխուր վախճան ունեցավ։ Կիսամիջին քաշային կարգում անցկացվող այս մենամարտը, որն ուներ վարկանիշային բնույթ, տեւեց մինչեւ վերջ՝ 8 ռաունդ։ Միավորներով հաղթանակ տարավ Փեյնը, սակայն մրցամարտից հետո նա ինքնուրույն չկարողացավ դուրս գալ ռինգից եւ մարտավկաների օգնությամբ տեղափոխվեց հիվանդանոց։

Բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին գլխուղեղի վնասվածք։ 34-ամյա բռնցքամարտիկը շտապ վիրահատության ենթարկվեց, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Ուղիղ եթերով հեռարձակվող այս մենամարտի հաղթողը պետք է ռինգ դուրս գար Խուլիո Սեզար Սանչես կրտսերի հետ։

Նշենք, որ Փեյնը Իվանսվիլ քաղաքում հայտնի էր դարձել իր արարքով, երբ տեղի սուպերմարկետներից մեկում բռնել էր մի գրպանահատի եւ հայտնել ոստիկանությանը։