Փետրվարի 28-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ավետյանի տանը ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից կատարված խուզարկությունը, շատերի համոզմամբ, ուղղված էր կուսակցության դեմ, եւ կարծիք կար, որ այն շարունակություն է ունենալու: ՀՀ նախագահական նստավայրի մեր աղբյուրները հավաստում են, որ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել է ուժային կառույցներին ստուգել ՕԵԿ բոլոր անդամների ծավալած գործունեությունը: Արդյունքում պարզվել է, որ օլիգարխ եւ պետական ծրագրերով զբաղվող ՕԵԿ-ական մի շարք պատգամավորներ ունեցել են շուրջ 72 մլն դոլարի ստվերային եկամուտ: Ընդ որում, այդ եկամուտը գոյացել է ինչպես` չվճարած հարկերի ու տուրքերի, այնպես էլ` «լվացված» վարկերի արդյունքում: Եվ հիմա նախագահի աշխատակազմից պահանջում են վերադարձնել այդ գումարները, որի հետեւանքով ՕԵԿ-ում լուրջ խուճապ է առաջացել: