Անդրեի կատարմամբ «Եվրատեսիլ» ներկայացվող երգը հիմնականում վատ արձագանք ունեցավ հասարակության մեջ: Կլկլոցներով ու մուսուլմանական երանգներով կատարումը, խառնիճաղանջ գործիքավորումը շատերին հիասթափեցրին: Մեր թերթի նախորդ համարում երգի պրեմիերայի հրապարակման մեջ վրիպակ էինք թույլ տվել՝ այդ ամենը վերագրելով մեղեդուն: Այնինչ, մեղեդու հեղինակ Արմեն Մարտիրոսյանի՝ մեզ հեռախոսով ներկայացրածը եւ Հ1-ով հնչած երգը՝ մեղեդին եւ Անդրեի երգածը, կարծես իրար հետ որեւէ առնչություն չունենային: Ա. Մարտիրոսյանն էլ ասաց. «Սար ու ձոր կա դրանց միջեւ»: Գործիքավորողը եւ մյուսները պարզ ունկնդիրներին մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ տալու մեջ: Բայց պարզ ունկնդիրն ամեն ինչ պարզ տեսնում ու լսում է, ու ցավում, որ նման ձեւով է Հայաստանը ներկայացվում: Տեղը գալիս է՝ այդ նույն պրոֆեսիոնալներն իրենց կոլեգա պրոֆեսիոնալներին են մեղադրում, ասելով, թե իրենց համար կարեւորը պարզ ունկնդրի եւ հանդիսատեսի կարծիքն է, զգացողությունը: Ցավում ենք, որ սիրված կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի մեղեդին այդպես մատուցվեց, եւ հույս ունենք, որ այն մի օր իսկապես կլսենք այնպես, ինչպես ստեղծագործել է հեղինակը: