Արտաշես Թումանյանը եւ ԱՄՆ-ը

18/03/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս հարցն այսօր քաղաքական կուլիսներում քննարկվող թեմաների մեջ առաջին տեղն է զբաղեցնում եւ իր առանձնահատուկ նշանակությամբ այնքան է կարեւորվել, որ հետին պլան է մղել անգամ գազի սակագնի թանկացման եւ վերջին շրջանում սրված` Հայաստանի արտաքին քաղաքականության թեմաները: Այնուամենայնիվ, ինչո՞ւ Արտաշես Թումանյանին քաղաքական դաշտից հեռացրին: Դա նախօրո՞ք էր պլանավորված, թե՞ դեպքերի դասավորությունն է դրան հանգեցրել: Նույն քաղաքական կուլիսներում խոսում են բազմաթիվ ու բազմատեսակ պատճառների ու մեկնաբանությունների մասին:

Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավարն արդյո՞ք այնքան միամիտ էր, որ չէր գիտակցում, թե կուսակցություն ստեղծելուց հետո իրեն պաշտոնից կհեռացնեն: Իհարկե, ոչ, նրան մինչ օրս հաջողվել է ջրի երեսին մնալ: Իսկ միգուցե նրան սկզբում խոստացել էին կուսակցական հաջող շինարարություն եւ հետո անակնկալի՞ են բերել: Դա էլ չի բացառվում: Բոլոր դեպքերում, Ա. Թումանյանը` երկար տարիներ աշխատելով Ռ. Քոչարյանի աշխատակազմում, դժվար թե այդքանը չգիտակցեր: Ուրեմն, կամ Ռ.Քոչարյանը նրան լուրջ հեռանկարներ է խոստացել, հետո Ա. Թումանյանն ինքն է կուսակցաշինության ճանապարհին սխալներ թույլ տվել: Կամ էլ Քոչարյանը նրան աջակցություն է խոստացել, որպեսզի հետո դա օգտագործեր նրա դեմ ու հեռացներ թատերաբեմից: Իսկ այդ ուղղությամբ լուրջ են աշխատել որոշ մարդիկ: Ավելի ճիշտ՝ Ա. Թումանյանի հեռացման դեպքում այս բոլոր գործոններն էլ դեր են ունեցել:

Իր քաղաքական կարիերան Ազգային ժողովում շարունակելու՝ Արտաշես Թումանյանի ցանկությունը վաղուց էր հայտնի: Նրա նպատակը խորհրդարան մտնելն էր: Բայց առանց Ռ. Քոչարյանի համաձայնության նա չէր համարձակվի կուսակցություն ստեղծել: Եվ կուսակցություն բացելու իր մտադրությունը հնարավորինս գաղտնի պահելով՝ «գործի դրեց» աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ կուսակցություն բացելու լուրը տարածվեց: Քոչարյանը կարծես թե չէր մերժել նրա մտադրությունը: Ա. Թումանյանն էլ, բնականաբար, «դաբրոն ստանալիս» նշած կլինի, որ իր կուսակցությամբ առաջիկա ընտրություններին մտադիր է աշխատել հենց Քոչարյանի համար: Բա էլ ո՞ւմ համար: Սակայն այս ընթացքում Ա. Թումանյանի կուսակցաշինական եռանդն այնքան բուռն է դրսեւորվել, որ Քոչարյանն էլ է զարմացել: Ա. Թումանյանը «Նոր երկրի» համար էլեկտորատ էր հավաքում` որպես աշխատակազմի ղեկավար՝ դիմելով երկրորդ էշելոնի չինովնիկներին ու միջին ձեռնարկատերերին: Վերջիններս էլ, բնականաբար, մտածում էին, որ «դաբրո» կա, եւ այդպիսով ավելի կմերձենան իշխանությունների հետ: Քոչարյանը զգուշացել է նաեւ քաղաքական այլ ուժերի հետ «Նոր երկիր» կուսակցության հնարավոր համագործակցությունից: Չէ՞ որ Արտաշես Թումանյանը սերտ կապեր ունի դաշնակցական կուսակցության հետ, եւ նրանց հետագա համագործակցության բանակցություններն արդեն ընթանում էին: Քոչարյանը հաստատ թույլ չէր տա, որ «Նոր երկիրը» դաշնակցականների հետ քաղաքական դաշինք կազմեր:

Ա. Թումանյանին պաշտոնից եւ քաղաքական ասպարեզից հեռացնելու մեջ մեծ դեր է ունեցել նաեւ անձնական գործոնը, ինչը բավականին լավ է աշխատում նախագահի աշխատակազմում: Նախ՝ ի սկզբանե խոր հակասություններ են եղել Արտաշես Թումանյանի եւ ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանի միջեւ: Ռ. Քոչարյանի առաջին օգնականը Ա. Թումանյանի՝ որպես իր ղեկավարի հետ երբեք հաշվի չի նստել: Այս հանգամանքը միշտ հակասությունների տեղիք է տվել: Բոլորին է հայտնի, որ Ռ. Քոչարյանը բոլորից շատ վստահում է Արմեն Գեւորգյանին: Քաղաքական կուլիսներում դրանով են բացատրում Ա. Գեւորգյանի` այդ պաշտոնը զբաղեցնելու փաստը: Բացի դրանից, նախագահի աշխատակազմում Ա. Թումանյանը խորթ դեմք է համարվել: Նույն քաղաքական կուլիսներում խոսում են, որ նա հակասություններ է ունեցել նաեւ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ:

Տարբեր աղբյուրների հավաստմամբ, Ազգային անվտանգության (ԱԱ) ու Ոստիկանության ծառայողները հետապնդում են Ա. Թումանյանի հարազատներին: Ստուգումներ ու բացահայտումներ են անում: Եվ, որ Ա. Թումանյանին անձամբ հրավիրել են Ոստիկանություն ու ԱԱ նախարարություն եւ հասկացրել, որ Հայաստանում նոր կուսակցության կարիք չի զգացվում:

Վերոհիշյալ ծառայություններն այսքանով չեն բավարարվել. վերեւներից հրահանգ է եղել փորփրել նաեւ Ա. Թումանյանի անցյալը, հիմնականում Լինսի ծրագրերի գործունեությունը: Իսկ փորփրելու բան վաղուց կար եւ շատ կար: Հիշեցնենք, որ նա Լինսի ծրագրերի համակարգողն էր: Ժամանակին շատ է խոսվել այն մասին, որ այդ ծրագրի գումարների մեծ մասը յուրացվել է, Լինսի ծրագրերի շրջանակներում կատարված ասֆալտապատումն անորակ է եղել, իսկ աղետի գոտու բնակարանային շինարարությունը՝ կիսատ: Ա. Թումանյանը քարի հանքեր ունի. մայթերի բորդյուրների եւ շենքերի կառուցման անհրաժեշտ քարերի մեծ մասն իր եւ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հանքերից էր բերում: Բնականաբար, վերեւներում այս մասին գիտեին, բայց լռում էին այսօրվա համար: Ժամանակին խոսակցություն կար, որ Լինսի գումարներն օգտագործվել են նախընտրական քարոզարշավի համար: Արդեն սկսվել է 2007 եւ 2008թթ. ԱԺ եւ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը, շուտով սկսվելու է նաեւ Լինսի ծրագրերի երկրորդ փուլը, որն արդեն համակարգելու է Արմեն Գեւորգյանը:

Օլիգարխը

Մամուլում բազմիցս է գրվել Ա. Թումանյանի՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու եւ այնտեղ տուն ձեռք բերելու մասին: Նշվել է նաեւ, որ 2005թ. Արզական գյուղի վարչական տարածքում գտնվող հանգստի օբյեկտը գնել է Ա. Թումանյանը: Մեր տվյալներով, սակայն, 140 մլն դրամով գնած 26,5 հա հողատարածքով եւ 20.610քմ մակերեսով հանգստյան օբյեկտը նա գնել է ոչ իր անունով, այլ ԱՄՆ-ում գրանցված «Աղվերան» ինկորպորացիոն ընկերության անունով, որի նախագահն է ոմն Վ. Ամիրխանյան: Ասում են նաեւ, որ անվադողեր ներկրող «Մեծ անիվ» ընկերությունը, որի նախագահն է Ա. Թումանյանի մտերիմ Անդրանիկ Գրիգորյանը, իրականում Ա. Թումանյանի բիզնեսն է: «Մեծ անիվ» ընկերությունն անցած տարվա օգոստոսից մինչեւ այս տարեվերջ պետական կարիքների համար մոտ 145 մլն դրամի անվադողեր, քսայուղեր եւ մարտկոցներ մատակարարելու պայմանագրեր է կնքել: Ա. Թումանյանը, օգտագործելով իր հնարավորությունները եւ ստատուսը, մեծ պատվերներ է բերել այս ընկերության համար:

Աշխատակազմի նախկին ղեկավարն ունի եւս մեկ-երկու ընկերություններ, որոնք գրանցված են հայ-ամերիկյան անվան տակ: Իսկ նախկին Մերգելյան ինստիտուտի տարածքում գտնվող «Հիտեքս պլաստիկ» պլաստմասսայե շշերի կապսուլաներ արտադրող գործարանը պատկանում է նրա որդուն:

Վերջերս փակվեց Լինսի ծրագրի Մշակույթի ԾԻԳ-ը, որի գույքը, համակարգիչները չնչին գներով աճուրդի դրվեցին: Ասում են, որ պարոն Թումանյանն այդ հիմնարկի գրասենյակային գույքը չնչին գներով ձեռք է բերել իր կուսակցության գրասենյակի համար: Թերեւս սա դեռ բոլորը չէ, եւ, բնականաբար, Ա. Թումանյանն էլ՝ մյուսներից ոչ պակաս օլիգարխ լինելով, կուսակցության կարիք ուներ, որի օգնությամբ կպաշտպաներ իր կապիտալը: Չնայած, որ վերջինս բավական հեռատես է գտնվել՝ որպես հայ-ամերիկյան ընկերություններ գրանցելով:

Ինչպես միջազգային հանրությունն է աչքերը փակում ՀՀ-ում առկա կոռուպցիոն երեւույթների վրա, որպեսզի իրենց հարմար պահի դա օգտագործեն ՀՀ-ում իրենց ազդեցությունը ամրագրելու եւ իշխանություններին կառավարելու համար, այդպես էլ ՀՀ իշխանությունները վարվեցին յուրայինների հանդեպ: Դրանով երկու նապաստակ խփեցին՝ եւ Ա. Թումանյանին իր տեղը նստացրին, եւ մյուսների աչքը վախեցրին: Իհարկե, չենք կարծում, թե «Նոր երկիր» կուսակցության փակվելու մասին հայտարարություն անելը նշանակում է, թե այն փակվել է: Դաշնակցականների մոտ մի խոսք կա՝ «սառեցնել»: Թերեւս «Նոր երկիրն» էլ ժամանակավորապես կսառեցվի: Մինչեւ գործերը լավանան: Իսկ մինչ այդ, ասում են, ինչպես նախկին Գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանից, Արտաշես Թումանյանից էլ են պահանջել, որպես կատարած չարաշահումների «փոխհատուցում», «վերեւներին» 10 մլն դոլար «մուծվել»։