Սպանություն հանուն սերիալի

18/03/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Փետրվարի 28-ին, 22:00-ի սահմաններում անհայտ քաղաքացուց Ոստիկանության Արարատի մարզային Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վերին Արտաշատ գյուղի գինու գործարանին հարակից տարածքում տղամարդու դիակ կա: Տղամարդու այլակերպված դիակն ընկած էր գետնին, դեմքը` ուռած, աչքերը` կիսաբաց: Դեպքի վայր մեկնած Արտաշատի Ոստիկանության եւ Դատախազության աշխատակիցները, դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա հայտնաբերեցին հրազենային 3 վնասվածք, իսկ դեպքի վայրում` «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի

3 պարկուճ: Պարզվեց նաեւ, որ սպանվածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Գեւորգ Էվանյանն է:

Ձեռնարկված օպերատիվ տեղեկությունների համաձայն` պարզվեց, որ սպանությունը կատարել է սպանված անձի համագյուղացի, նախկինում 2 անգամ դատված Ավետիք Ավետիքյանը: Խուզարկությամբ վերջինիս տանը հայտնաբերվեցին եւ առգրավվեցին «ԱԿՄ» ինքնաձիգի փամփուշտներ, «Նագան» տեսակի ատրճանակ, սակայն Ա. Ավետիքյանը տանը չէր: Որոշ ժամանակ անց օպերատիվ տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ մարդասպանը գյուղի տներից մեկում է, որի տերերը երկար ժամանակ բացակայում են հանրապետությունից, իսկ այնտեղ ոչ ոք չի բնակվում: Կազմվեց օպերատիվ քննչական խումբ մարդասպանին վնասազերծելու ուղղությամբ: ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության, Ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից կազմակերպվել է դարանակալում, ուժեղացվել է մարզի ճանապարհների հսկողությունը: Ձեռնարկված օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ Ա. Ավետիքյանը վնասազերծվել է եւ ձերբակալվել: Վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ 2 փամփշտակալով, 37 փամփուշտներով, իսկ 1 փամփուշտը լիցքավորված փամփշտատուփի մեջ ինքնաձիգը բերված մարտական վիճակի: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Ավետիքյանը իր համագյուղացի Գ. Էվանյանին սպանել է այն պատճառով, որ վերջինս բռունցքով հարվածել է իրեն, երբ ինքն ասել է, թե սերիալ նայո՞ւմ ես, իսկ Գ. Էվանյանը սկսել է հայհոյանքներ տեղալ սերիալ նայողների հասցեին: Իսկ երբ ինքն ասել է` «Ի՞նչ է, քո մայրը սերիալ չի՞ նայում», Գեւորգը բռունցքով հարվածել է իրեն: Այնուհետեւ Ա. Ավետիքյանը վերադարձել է տուն, վերցրել տանը պահվող ապօրինի ավտոմատը եւ սպանել Գեւորգին:

Արարատի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է Արտաշատի դատախազությունը:

Մեր տեղեկություններով` սպանվածը Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի ազգականն է: