3 տարեկան երեխային թողել են փողոցում

18/03/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Վերջին ժամանակներս շատացել են այնպիսի դեպքերը, երբ ծնողները փողոցներում դիտավորյալ կորցնում են երեխաներին: Օրեր առաջ կրկին նման միջադեպ է եղել «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության տրանսպորտային վարչության Երեւան կայարանի գծային բաժնի աշխատակիցները «Սասունցի Դավիթ» կայարանի վարչական շենքում հայտնաբերել են միայնակ մնացած 3-ամյա աղջիկ երեխայի: Երեխային ուղարկել են «Հայ օգնության ֆոնդի» երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոն, որից հետո Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ որոնողական աշխատանքներ երեխայի ինքնությունը ճշտելու, ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում պարզվել է, որ երեխան Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, 2003թ. ծնված Մառլենա Մասիսի Զորիկյանն է: Ոստիկանություն է հրավիրվել երեխայի հայրը` Մասիս Զորիկյանը: Վերջինս իրավապահներին հայտնել է, որ իր կինը` 1980-ին ծնված Շուշանիկ Ստեփանյանը 2005թ. հոկտեմբեր ամսին տանը տեղի ունեցած ընտանեկան վիճաբանության պատճառով վերցրել է աղջկան եւ հեռացել` պատճառաբանելով, որ սոցիալական խնդիրներին չհարմարվելով ամուսնալուծվում է: Ի դեպ, մայրն ամուսնու խնամքին է թողել իրենց մյուս երեխային՝ 5-ամյա Գրիգորին: Օրեր առաջ ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժին բերման է ենթարկվել 3-ամյա աղջկա մայրը` Շուշանիկ Ստեփանյանը: Վերջինս փորձել է արդարանալ, թե նման քայլի դիմել է, որովհետեւ երեխան ավելորդ բեռ է եղել իր համար, եւ երեխային լքելու պատճառը սոցիալական ծանր պայմաններն են եղել: Շ. Ստեփանյանը երեխային մանկատուն չի հանձնել՝ ասելով, որ սիրտը չի տարել եւ մասնավորապես չի կարողացել այդ քայլին դիմել փաստաթուղթ չունենալու պատճառով: Ասել է, որ դա է եղել երեխային անօգնական թողնելու ու հեռանալու դրդապատճառը: