Էներգետիկ անվտանգ Հայաստան

18/03/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ի՞նչ ունենք եւ ի՞նչ ենք ուզում ունենալ

Այն, որ էներգետիկ անվտանգության առումով Հայաստանը շատ խնդիրներ ունի լուծելու, գաղտնիք չէ։ Այս կարծիքին էր նաեւ հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Ըստ վերջինիս, Հայաստանը պետք է քայլեր անի երկու հիմնական ուղղություններով՝ նվազեցնի ներկրվող էներգակիրների ծավալները եւ դիվերսիֆիկացնի դրանց աղբյուրները։ Առաջին նպատակին հասնելու, թերեւս, ամենակարեւոր գործոնը սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին ջրային պաշարների եւ քամու օգտագործմանը։ Նախարարի հավաստմամբ, փոքր հիդրոէլեկտրակայանների եւ հողմակայանների կառուցման համար կատարվող ներդրումները մեծացնելու նպատակով պետությունը վարում է հրապուրիչ սակագնային քաղաքականություն։ Ներկայումս գործող հողմակայանների հզորությունը կազմում է 2.6 մեգավատտ, սակայն նախատեսվում է, որ մի քանի տարի հետո դրանք կապահովեն 260 մվտ հզորություն։ Ելույթ ունեցողներից Ա. Ղարաբեկյանը նշեց, որ արեւային էներգիայի զարգացմանը պատշաճ ուշադրություն չի դարձվում, եւ այդ էներգիան օգտագործվում է միայն «չիր պատրաստելու համար»։ Իսկ Էներգախնայողության ալյանսի տնօրեն Աստղինե Պասոյանը հետաքրքիր թիվ ներկայացրեց. որ Հայաստանում միայն էներգախնայողության կատարելագործման միջոցով կարելի է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները կրճատել 15-40 տոկոսով։

Խոսք գնաց նաեւ ՋԷԿ-երի մասին։ Ըստ Ա. Մովսիսյանի, թե՛ Հրազդանի, եւ թե՛ Երեւանի ՋԷԿ-երը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված են։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն այստեղ արդյունավետ չէ։ Օրինակ, 1 կվտ էլեկտրաէներգիա արտադրելու համար մեր ՋԷԿ-երը ծախսում են 400 գրամ բնական գազ, մինչ ներկայիս ՋԷԿ-երն այդ նույն պրոցեսի վրա ծախսում են 150 գրամ գազ։ Նախարարի հավաստմամբ, ճապոնացիների օգնությամբ կատարվող արդիականացման ծրագրից հետո Երեւանի ՋԷԿ-ը նույնպես կհասնի այս ցուցանիշին։ Նույնպիսի արդյունավետություն կունենա նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը։ Ի դեպ, սրա հետ կապված հետաքրքիր մի հարց է առաջանում։

Ա. Մովսիսյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ շուտով պարզ կդառնա 5-րդ բլոկի կառուցման մրցույթի հաղթողը, որը կլինի կա՛մ ռուսական «Գազպրոմը», կա՛մ էլ իրանական «Սանիր» ընկերությունը, որը զբաղվում է նաեւ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին նույն Արմեն Մովսիսյանը բազմիցս հայտարարել էր, որ նախապատվությունն արդեն տրվել է երկու իրանական ընկերությունների՝ «Սանիր»-ին եւ «ՄԱՐ»-ին։ Ի՞նչ է փոխվել։ Թեեւ ենթադրություններ անելը սխալ է, սակայն, ամենայն հավանականությամբ, դիրքորոշման այս փոփոխությունը գազի սակագնի հարցով «Գազպրոմի» հետ տարվող բանակցությունների արդյունք է։ Չի բացառվում, որ մրցույթի հաղթող ճանաչվի «Գազպրոմը», եւ, փոխարենը, ՀՀ համար սահմանված 110 դոլար գինը որոշ փոփոխություն կրի։

Կրկին գազի մասին

Գալով գազի թեմային՝ նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, բանակցությունները դեռ շարունակվում են։ Եվ որքան էլ անտրամաբանական է, ապրիլի 10-ից նոր սակագինը՝ 90 դրամ 1 խմ-ի դիմաց, կմտնի ուժի մեջ։ Ի դեպ, Հրազդանի ՋԷԿ-ը երկու օր առաջ արդեն հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով 1 կվտ-ի համար սահմանել 21,36 դրամ սակագին՝ նախկին 11,37-ի փոխարեն։ Թեեւ մեր Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը կանխատեսում են, որ գազի թանկացումն էական ազդեցություն չի ունենա տնտեսության ճյուղերի վրա, եւ գնաճը կպահպանվի 3 տոկոսի սահմաններում, դա իրատեսական չի թվում։ Այսպես է կարծում նաեւ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանը. «Գազի թանկացումը Հայաստանում նշանակում է` սոցիալական լուրջ դժվարություններ մեր ազգաբնակչության համար, նշանակում է` ապրանքների եւ ծառայությունների գնի թանկացում, նշանակում է` տնտեսության հետ կապված, մեր հետագա զարգացումների հետ կապված լուրջ դժվարություններ»։ Ինչպես հիշում եք, մեր կառավարությունը խոսք էր տվել ամեն ինչ անել թանկացման ազդեցությունը մեղմելու համար, սակայն իրական քայլերը խոսակցություններից այն կողմ չեն անցնում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մեր իշխանությունները դեռ հույս ունեն, որ բանակցությունների արդյունքում գազի գինը կարող է իջնել, իսկ մեր «անկախ» հանձնաժողովն էլ հո չի՞ մերժելու գինն իջեցնելու հայտը։ Իսկ մերոնք դեռ այդպիսի հույսեր ունեն։ «Մենք շարունակում ենք ակնկալել, որ Ռուսաստանը` որպես ՀՀ բարեկամ երկիր, անպայման պետք է փորձի բանակցությունների արդյունքում գտնել ինչ-որ փոխընդունելի լուծումներ»,- ասաց պրն Բաղդասարյանը, իսկ էներգետիկայի նախարարն էլ վստահեցրեց՝ ամեն ինչ լավ կլինի։ Տեսնենք…

Ո՞ւմ հետ համագործակցենք

Վերադառնալով էներգետիկ անվտանգության մյուս կարեւոր խնդրին՝ էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացիային, բոլորն էլ ընդունում են, որ մենք նախանձելի վիճակում չենք։ Մեր հնարավորությունները սահմանափակ են՝ վառելիք պետք է ներմուծենք կա՛մ հյուսիսից՝ Վրաստանի տարածքով, կա՛մ էլ Իրանից։ «Մեկ գազամուղն անվտանգության երաշխիք չէ»,- նշեց պրն Մովսիսյանը։ Նա ավելացրեց, որ իրանական գազամուղը, որն ունի 711 մմ տրամագիծ, այս հարցում կարեւոր գործոն է։ Դրանով հնարավոր կլինի տարեկան ներմուծել 2,8 մլրդ խմ գազ, այն դեպքում, երբ ՀՀ ներքին պահանջարկը 1,7 մլրդ է։ Խոսք գնաց նաեւ գազի պահեստարանների հնարավորությունների մեծացման մասին։ Եթե նախկինում հնարավոր էր պահեստավորել 150 մլն խմ, ապա այժմ՝ առավելագույնը 90։ Կարեւորեց նաեւ այլ տեսակի վառելիքի դերը, օրինակ` մազութի եւ դիզվառելիքի։ Եթե այժմ արտակարգ իրավիճակների դեպքում մեր էներգահամակարգը կարող է լրիվ ծավալով աշխատել 7-12 օր, ապա այլընտրանքային վառելիքի պաշարներ ունենալու դեպքում այդ ժամկետը կարելի է երկրաձգել եւս մեկ շաբաթով։ Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորը համակարծիք են այն հարցում, որ ՀՀ համար ամենակարեւորն ատոմակայանն է։ Նախ, դրա համար ներկրվող վառելիքը քիչ է, երկրորդ՝ էլեկտրաէներգիան ամենաէժանն է եւ էկոլոգիապես մաքուր է։

Փակել՞, թե՞ չփակել

Կարծում եմ՝ կարիք կա առանձին անդրադառնալ ատոմակայանի խնդրին։ Ինչպես հիշում եք, միջուկային էներգիան պետական մենաշնորհից հանելու նախագիծը ետ ուղարկվեց։ Այս անգամ այն նորից հայտնվեց շրջանառության կենտրոնում։ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը լրանում է 2016թ.։ Եվրախորհուրդը պնդում է, որ այն վտանգավոր է, եւ պետք է հանվի շրջանառությունից։ Պրն Մովսիսյանը չի բացառում, որ այն շարունակի գործել, եթե մոնիտորինգի արդյունքները դրական լինեն։ Ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Ո. Մարուխյանը, շահագործման ժամկետի երկարացման նախադեպեր կան։ Նա առաջարկեց հիմիկվանից աշխատել եւ համապատասխան հայտ ներկայացնել ՄԱԳԱՏԷ-ին։ Այս առաջարկությունը նյարդայնացրեց պրն Սադոյանին. «Արտասահմանցիները մեր ժողովրդի անվտանգության մասին ավելի շատ են մտածում, քան մեր պատգամավորները։ Բա որ պայթի՞»։ Պրն Սադոյանն անդրադարձավ նաեւ հնարավոր մասնավոր սեփականատիրոջ հետ կապված խնդիրներին։ Եթե պետք լինի 1 ամսով կանգնեցնել ատոմակայանի աշխատանքն անվտանգության նկատառումներով, արդյո՞ք մասնավորը դա կանի։ Պատգամավորի կարծիքով` այդպես կարծելը սխալ է, քանի որ դա նշանակում է հրաժարվել շահույթներից, եւ սեփականատերը պարզապես կթաքցնի խնդիրները։ Այս խնդիրը բավական վրդովեցրեց Ա. Մովսիսյանին։ «Ատոմակայան աշխատեցնելը տաքսի վարել չէ, որ «տորմուզները» փչանան, տանես վերանորոգես ու էլի վարես։ Այնտեղ աշխատանքային ողջ պրոցեսը հստակ կանոնակարգված է, եւ ոչ ոք չի կարող հենց այնպես անգամ մի «վինտիկ» փոխել»,- հայտարարեց նախարարն ու պատրաստակամություն հայտնեց պրն Սադոյանի համար այց կազմակերպել ՀԱԷԿ։

Ո՞վ մեզ համար նոր ԱԷԿ կկառուցի

Հաշվի առնելով վատագույն սցենարը՝ ՀԱԷԿ-ը պետք է 2016թ. փակվի։ Հաշվարկների համաձայն` Հայաստանն առաջիկա 15-20 տարում հնարավորություն չի ունենա սեփական միջոցներից 1,5 մլրդ դոլար տրամադրել նոր ատոմակայան կառուցելու համար։ Իսկ նոր ատոմակայան մեզ անպայման պետք է։ Ի՞նչ միջոցներով պետք է այն կառուցվի։ Կառավարությունն առաջարկում է հանել պետական մենաշնորհի արգելքը եւ հնարավորություն տալ մասնավոր ներդրումներ ներգրավել։ Նախարարը հավաստիացնում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե ՀԱԷԿ-ին, այլ նոր կառուցվելիք ատոմակայանին, իսկ սեփականատիրոջ ինքնությունն անվտանգության հետ կապ չունի։ Միեւնույն է՝ պետությունը պատասխանատվություն է կրում դրա համար եւ վերահսկելու է ողջ պրոցեսը։ Մասնավորին բաժնեմաս ունենալու թույլտվություն տալն ինքնին բացասական երեւույթ չէ, սակայն առաջանում են մի քանի հարցեր։ Օրինակ, Թ. Մանասերյանը հարցրեց՝ ինչպե՞ս է պետությունը ստիպելու հնարավոր սեփականատիրոջը` էներգիան վաճառել նախ` Հայաստանին, դրանից հետո՝ ավելցուկային մասն արտահանել, օրինակ, Թուրքիա։ Եթե թուրքերն ավելի բարձր գին առաջարկեն, ապա պետությունն իրավունք չի ունենա նրան արգելել արտադրանքն առաջին հերթին վաճառել Թուրքիային՝ ընկերությանը զրկելով շահույթներից։ Դա հակասում է շուկայական մրցակցությանը, եւ միջազգային կառույցները, այդ թվում` նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, կդատապարտեն պետության կողմից նման միջամտությունը։ Չի կարելի բացառել նաեւ այն տարբերակը, որ արգելքի հանումից հետո Մեծամորի ԱԷԿ-ի որոշակի մասի սեփականատեր դառնա օտարերկրյա որեւէ ընկերություն։ Ելույթ ունեցողներից ոմանք առաջարկեցին օրենքի նախագծի մեջ ներառել նաեւ այս հարցերին վերաբերող դրույթներ, սակայն գործադիրի կարծիքով՝ դեռ շուտ է այդքան մանրամասն օրինագիծ ներկայացնելու համար։ Այստեղ առաջ է գալիս հակասություն, ինչո՞ւ է դա դեռ շուտ, իսկ պետական մենաշնորհը հանելու առաջարկը՝ ոչ։ Այս հարցին լիարժեք պատասխան այդպես էլ չհնչեց։

Ի՞նչ կարող ենք անել մենք

Տնտեսագետ Է. Աղաջանովը սկզբունքորեն դեմ չէ մասնավորին բաժնեմաս ունենալու հնարավորություն տալուն, սակայն համոզված է, որ կարելի է «յոլա գնալ» առանց արտասահմանցիների՝ մշակելով ազգային նախագիծ եւ օգտագործելով ազգային կապիտալը։ Նրա հավաստմամբ, ազգային կապիտալի ազատ միջոցները կազմում են մոտ 1 մլրդ դոլար, իսկ որոշ հաշվարկներով՝ մի քանի անգամ ավելի։ Պարզապես հարկավոր է այնպես անել, որ «օլիգարխները` կազինոներ եւ սաունաներ սարքելու փոխարեն, գումարներ ներդնեն այս նախագծի մեջ»։ Սա երեւի ողջ լսումների ընթացքում հնչած ամենաիրատեսական եւ գործնական առաջարկն էր, որի ուղղությամբ վատ չէր լինի աշխատանքներ տանել։ Ընդ որում, մասնակից կարելի է դարձնել ոչ միայն օլիգարխներին, այլեւ ՀՀ հասարակ քաղաքացիներին։ Վերջիվերջո, մենք ունենք երկնիշ թվով տնտեսական աճ եւ, տրամաբանորեն, 10 տարի հետո մենք ազգովի մի ատոմակայան կարող ենք կառուցել։ Իսկ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ տնտեսագիտական միտքը պասիվ է։ Մենք ծայրահեղությունից ծայրահեղություն ենք գնում՝ կամ լրիվ պետական, կամ լրիվ մասնավոր։ Մինչդեռ կան սեփականության միջանկյալ ձեւեր։ Ինչ վերաբերում է սեփական միջոցներով ԱԷԿ կառուցելուն, պրն Մանասերյանը գտնում է, որ կարելի է օգտագործել սփյուռքի կարողությունը։ Ինչպես հիշում եք, մեր թերթի նախորդ համարներից մեկում մեջբերել էինք «Ֆորբսի» հոդվածը, որտեղ հայկական սփյուռքի կարողությունը գնահատվում էր ավելի քան 100 մլրդ դոլար, ամենահամեստ հաշվարկներով։ Եթե դրա 1 տոկոսը հնարավոր չի լինելու օգտագործել երկրի անվտանգության տեսանկյունից այսքան կարեւոր մի գործի համար, արդյո՞ք հայերն իրավունք ունեն այս ցուցանիշով պարծենալ։

Առաջարկ եղավ նաեւ նոր ատոմակայան կառուցել ոչ թե մասնավորի օգնությամբ, այլ միջպետական համաձայնագրով։ Նշենք, որ Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարեց, որ նոր ատոմային էնեգիայի նոր աղբյուրների ստեղծման հարցը կներկայացնի Վաշինգտոնին։

ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ դա ներկայացված նախագծին չի հակասում։ Նոր ատոմակայանը կարող է լինել 100, 90 կամ 50 տոկոսով պետական։ «Հայաստանում նոր ատոմակայանի ստեղծումն այլընտրանք չունի, դա է, որ կապահովի մեր էներգետիկ անկախությունն առաջիկա տարիներին»,- նշեց նա՝ վերջում հորդորելով կողմ քվեարկել «Էներգետիկայի մասին» օրենքից համապատասխան արգելքը հանելու օգտին։

Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին էր, որ գործադիրին այս լսումները հարկավոր էին ոչ թե էներգետիկ անվտանգության հարցերը քննարկելու համար, այլ համոզելու, որ ետ ուղարկված օրինագիծը կարելի է հավանության արժանացնել։ Կարելի է ասել, որ դա նրանց հաջողվեց, քանի որ պատգամավորներից շատերն ակնարկում էին, որ եթե ամեն ինչ այսպես գրագետ ներկայացվեր, ապա, հնարավոր է, նախագիծը ետ չուղարկվեր։

Դե ինչ, մնում է սպասել հաջորդ քառօրյային։