«Որ եկել՝ մեզ գտել ես, ուրեմն կգնաս մեր մասին հոդվածի վերեւում մեծ-մեծ տառերով վերնագիր կգրես` Հայաստանի Հանրապետության անտեր մնացած դիակները»,- այսպես արտահայտվեցին Առողջապահության նախարարության Ճառագայթային վնասվածքաբանության եւ այրվածքների կենտրոնում բուժվող չեռնոբիլյան արհավիրքից տուժած մարդիկ:
Թեեւ բուժվում են, բայց բոլորն էլ հասկանում են, որ բժիշկները պարզապես իրենց կյանքն են երկարացնում, եւ Չեռնոբիլի դեպքից մնացած իրենց հիվանդությունները բուժվող չեն: «Մեզ չեն ասում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ բուժում չկա»,- ասում են նրանք եւ վրդովված պատմում են, որ Ադրբեջանի նման երկիրը Չեռնոբիլից տուժած իր քաղաքացիներին պատշաճ կերպով ուշադրություն է դարձնում, որի համար նախագահ Ալիեւը ՄԱԿ-ի կողմից պատվոգրի է արժանանում` այդ աղետից տուժած քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: Հայաստանում Չեռնոբիլից տուժածները Վանո Սիրադեղյանից հետո անտեր մնացին: «Վանոն մեզ օգնում էր, միայն ինքն էր տիրություն անում, առողջարանի ուղեգիր էր տալիս: Երբ տեսնում էր մեկը փողի կարիք ունի` մի զանգով էդ գումարի հարցը լուծում էր: Հիմա մենք չկանք էս երկրում, կենդանի մեռելներ ենք: Խնձորին նայում ես` կարմիր, բայց մեջը որդն ուտում-կրծում ա: Մեր հիվանդությունն էլ էդպիսին ա: Կամ ուռում են, կամ դառնում ոսկոր, կմախք»,- ասում են նրանք:
1987 թվին Սերժիկ Ցականյանը ռադիոյով լսել էր, որ Չեռնոբիլում պայթյուն է եղել, բայց պատկերացում չի ունեցել, որ իրեն կարող են խաբել: Գիշերը մտել են տուն, մասնագիտությամբ շինարար Սերժիկի փաստաթղթերը վերցրել են, ու իրեն տարել են Զինկոմիսարիատ: 7 վագոնանոց գնացքի 3000 ուղեւորներից մեկն էլ եղել է նա, ում խաբել են, թե տանում են ինչ-որ նոր զինվորական տեխնիկա սովորեցնելու համար: «Ի՞նչ տեխնիկա… տարան Ռոստով, հետո Չելյաբինսկ, հետո էդ զահրումար զավոդները: Խաբեցին… Ով 7 հատ ատամ ուներ՝ չէին տանում, մենակ առողջ տղամարդկանց էին տանում: Տարան Կիեւ, կոխին զոնա, ոնց որ բերդ լիներ: Մեզ բոլորիս խաբեցին, բոլորս բարձր դոզա ստացանք` 50-60 դոզա: 72 օրվա մեջ 177 ռենտգեն եմ անցել»,- պատմում է Սերժիկը, ում առողջական վիճակն այնքան է վատացել, որ Կիեւում գտնվող մի բժիշկ ասել է, որ նա մեռած մարդ է, այլեւս չի ապրի: 1 տարի անց երբ նույն բժիշկը եկել է Երեւան` մասնագետներին հարցրել է, թե այսինչ մարդն արդեն մահացե՞լ է: Նրան բերել են հիվանդանոց, որտեղ բուժվում էր Սերժիկը: «Ամերիկացին ապշել էր, որ կենդանի եմ մնացել: Սպորտով պարապած մարդ եմ, դիմացա: Ինձ ասեց` կապրես, բայց դժվարություններով: Հիմա հիվանդությունն ինձ խեղդում ա, լյարդս շատ ա մեծացել, երիկամներս թարախակալել են, արյանս անոթները փափկել են, որտեղ նստում` քնում եմ, հիշողությունս կորցնում եմ, հոդացավեր ունեմ»,- ասում է 65-ամյա Սերժիկը: Ընդամենը ստանում է 14.700 դրամ թոշակ, որով նույնիսկ անհրաժեշտ դեղերը չի կարողանում գնել: Ասում է, որ Չեռնոբիլից տուժածների կարգավիճակը հավասարեցվել է պատերազմի հաշմանդամների կարգավիճակին, սակայն ոչ մի տեղաշարժ չկա: Ցավով նշում է, որ, եթե պաշտոնյաներից մեկի որդին այնտեղ լիներ այդ տարիներին ու իր աչքով տեսներ, ապա «պապային» կասեր` մեղք են էս տղերքը, մի բանով օգնիր: «Մոտենում ես մի պաշտոնյայի, որ օգնեն, ասում են` չգնաիր, քեզ ո՞վ էր խնդրել, որ գնացել- հիվանդացել ես: Տարօրինակը գիտե՞ս որն էր, որ փաստաթղթերով կեղծել էին, իբր կամավոր ենք գնում»,- պատմում է նա` ասելով, որ թեեւ բժիշկներն իրենց լավ են վերաբերվում, այդուհանդերձ դեղորայք չեն կարողանում գնել: 6 ամիսը մեկ անգամ գալիս է հիվանդանոց բուժվելու: Ասում է, որ Ուկրաինայում, երբ չեռնոբիլյան աղետի մասնակցի վկայականդ ցույց ես տալիս` մարդկանց գլխի վրա տեղ ունես, նրանք հարգում են այդ աղետից տուժածներին: Երթուղային տաքսիներում հատուկ նրանց համար տեղ կա նախատեսված, իսկ առողջական խնդիրները պետությունը լուծում է բարձր մակարդակով: Սովետական տարիներին հատուկ այս խմբի համար խանութներ կային, որտեղից հիվանդները կարող էին էժան գնով դիետիկ սնունդ գնել, յուրաքանչյուր տարի առողջարանում բուժվելու ուղեգիր էր տրվում, իսկ հիմա Չեռնոբիլից տուժածներից շատերը մահանում են, որովհետեւ սոցիալական ծանր պայմաններում են ապրում եւ շրջաններում ապրող հիվանդները նույնիսկ հնարավորություն չունեն Երեւանում բուժվելու:
«Ճառագայթահարվեցի` հանեցին-լարեցին»
Սենիկ Ալեքսանյանին բռնի ուժով են տարել Չեռնոբիլի ատոմակայանում աշխատելու: «Գնացի գործի, վարորդ էի, չթողեցին աշխատեմ, ասեցին` Վաենկամատի հետ հարցեր ունես լուծելու: Գնացի Վաենկամատ, ասեցին, որ տանում են շինարարության, ասեցի` չեմ գալիս: Երեկոյան թաղայինները եկան գրություն վերցրին, որ հանկարծ չբացակայեմ: Մյուս օրը նստացրին գնացք ու ուղարկեցին»,- պատմում է Սենիկը, ում մաշկի գույնը դեղնած է, ու ամբողջ մարմնի վրա միայն սուր ոսկորներն են երեւում: Ասում է, որ չէին կարող ընդվզել, որովհետեւ որպես ազգի դավաճան կդատեին: 1-ին կարգի հաշմանդամ Սենիկի կինը մահացել է, 6-ամյա որդու եւ հաշմանդամ քրոջ հետ է ապրում: Ստանում է 21.000 դրամ թոշակ: «47 օր աշխատելով ատոմակայանում` հանեցին-լարեցին, որովհետեւ ռադիացիան ընդունել էի, էլ բանի պետք չէի: Բայց մինչեւ էդ չգիտեի, թե ինչ բան է պոլիկլինիկան, շատ առողջ էի: Բնակարանս վաճառել եմ, որ դեղորայք առնեմ, ապրեմ: 30.000 դրամով մի անուն դեղ եմ առել: Սարսափելի վիճակ ա: Լյարդի ցիռոզ եմ տարել, գրիժաս ցույց տամ` կվախենաս: Տարվա մեջ 2-3 անգամ գալիս եմ բուժվելու»,- պատմում է նա: Սենիկի որդին` Վաչագանն, իրեն լավ չի զգում, հաճախ թուլանում է, բայց հնարավորություն չունեն ստուգման տանելու:
Հիվանդությունը փոխանցվել է աղջկան
Վազգեն Գյուրջինյանին նույնպես խաբելով են տարել Չեռնոբիլ: Մասնագիտությամբ շինարար է: Չեռնոբիլից նրան Երեւան են տեղափոխել, որովհետեւ աշխատելու ընթացքում ինֆարկտ է տարել: Ճառագայթահարված Վազգենի մարմինն ուռչում է: Չեռնոբիլ գնացել է 68 կգ քաշով, սակայն հիմա 120 կգ է: «Կյանքս փրկելու համար պետք է սիրտս վիրահատեն, բայց ինչպե՞ս…,- ասում է Վազգենը, ում աղջիկը նույնպես հաշմանդամ է, քանի որ հիվանդությունը հորից ժառանգաբար փոխանցվել է: -Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել էր, որ ինքը պատրաստ է Չեռնոբիլից տուժած բոլոր օտարերկրացիներին ընդունել, ապահովել բնակարանով, հողամասերով, կենցաղային պայմաններով: Շատերը մեկնեցին, հիմա բարվոք պայմաններում են ապրում, բայց մեր նման հայրենասերներն էստեղ տառապում են»:
«Դեղորայքի համար տուն ենք ծախում»
Նորիկ Գուլոյանն այնքան վրդովված է պետական անուշադրությունից, որ բղավելով է խոսում: Ասում է` «Որտեղ դիմում ես բուժօգնության համար, ասում են՝ չգնայիր, բայց բռնի ուժով կամ խաբելով տարած մարդուն ինչպե՞ս կարելի է այդպես ասել: Աչքս պիտի վիրահատեն, պետպատվերով իրավունք ունեմ վիրահատվելու, բայց Մալայան հիվանդանոցում անգամ փաստաթղթերը չեն անցնում: Բաժնի վարիչն ասում է` երբ փողը բերես` կվիրահատեմ: Պետպատվերի թղթերը ցույց եմ տալիս, բայց ասում ա՝ չեմ վիրահատի, 44.000 մուծի` վիրահատեմ: Գնում եմ Առողջապահության նախարարություն՝ ասում են, թե իրանք իրավունք չունեն անվճար չվիրահատելու, ուղարկում են էնտեղ, էնտեղից ուղարկում են նորից նախարարություն: Ախր ո՞նց կլինի, ճառագայթված, հաշմանդամ մարդ եմ, ո՞նց կարելի ա էդքան չլել ու տանջել»,- ասում է հաղթանդամ կառուցվածքով տղամարդն, ով իր անօգնական վիճակից կծկվել, մի բուռ է դարձել: Հիվանդանոցում բուժվող ճառագայթահարված հիվանդները զարմանում են, որ, օրինակ, ԱԺ պատգամավոր, բարերար Գագիկ Ծառուկյանն` ունենալով սեփական դեղագործական արտադրություն, երբեւէ իրենց չի օգնել, այն դեպքում, երբ նման մարդկանց կյանքը դեղորայքից է կախված: «Յուրաքանչյուր մարզիկի համար 20.000 դոլար է ծախսում, բայց ախր ինչի՞ համար: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք չեն մեռնելու, եթե այդ գումարը չտրամադրեն, երկրի հեղինակությունն են բարձրացնում, իսկ մե՞նք, մեր մասին ո՞վ է մտածելու: Ծառուկյանը դեղ ա արտադրում, բարերար ա, իսկ մենք դեղորայք առնելու համար տուն ենք վաճառում»,- ասում են նրանք:
Չեռնոբիլից տուժածների այս հարցի կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Մուլտի Գրուպ» ընկերության լրատվական բաժնից, որտեղից մեզ փոխանցեցին Գ. Ծառուկյանի պատասխանը. «Երեւանի դեղագործական ֆիրման արտադրում է 40 տեսակի դեղամիջոց, եւ Չեռնոբիլից տուժածները կարող են «168 Ժամ»-ի գլխավորությամբ (քանի որ հարցը բարձրացվել է «168 Ժամ»-ի կողմից) դիմել մեզ եւ ստանալ անհրաժեշտ քանակության դեղամիջոց»:
Քյասիբ երկիր ենք
Ճառագայթային վնասվածքաբանության բաժանմունքի գլխավոր բժիշկ Նիկոլայ Հովհաննիսյանն ասում է, որ վթարի լիկվիդացման մասնակիցները ենթարկվել են տարբեր աստիճանների ճառագայթման: Ստացել են քիմիական, ֆիզիկական եւ հիմնականում սթրեսային վնասվածքներ: «Բոլոր լիկվիդատորները ռեաբիլիտացիայի կարիք ունեն, որպեսզի նորմալ կյանքով ապրեն, շատ բարդ պրոբլեմ է: Ճառագայթային հիվանդություն Հայաստանում քչերն ունեն, բայց ճառագայթային ազդեցությունը շատերի մոտ է: Վթարից հետո մեզ մոտ ստեղծվեց կլինիկական ճառագայթային բաժանմունք, եւ այդ մարդիկ գոնե տարին 1 անգամ ենթարկվում են ստուգման, իսկ անհրաժեշտության դեպքում ստացիոնար բուժում են ստանում: Դժբախտաբար շատերը շրջաններից չեն գալիս, եւ իմանում ենք, որ մահացել են»,- վստահեցնում է գլխավոր բժիշկը: Պրն Հովհաննիսյանը նույնպես այն կարծիքին է, որ պետությունը պատշաճ կերպով չի օգնում Չեռնոբիլի աղետից ճառագայթահարվածներին: Մեկ ճառագայթահարվածի համար պետությունը սահմանել է 100.000 դրամ. «Դրա մեջ մտնում է հիվանդանոցի հոսանքը, աշխատողների աշխատավարձը, դեղորայքը, սնունդը: Քյասիբ երկիր ենք»,- նշում է պրն Հովհաննիսյանը: Թեեւ նա ասում է, որ հիվանդների դեղորայքն անվճար է, այդուհանդերձ, բոլոր հիվանդներն էլ մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ թանկարժեք այդ դեղորայքն իրենք են գնում: Ի դեպ, գլխավոր բժշկի հավաստմամբ` Չեռնոբիլի աղետից ճառագայթահարվածների սերնդից 30%-ը ժառանգական արատ ունի:
Կառավարությանը դատի են տալու
Չեռնոբիլյան աղետից տուժած տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ զարմանում են, երբ չինովնիկները հայտարարում են, թե Հայաստանում տարեցտարի տնտեսական աճ է արձանագրվում: Ինչպե՞ս է լինում, որ այդ աճն ամենեւին չի տարածվում Չեռնոբիլի աղետից ճառագայթահարված զանգվածի վրա, այն դեպքում, երբ նրանց կյանքը դեղորայքից եւ ֆինանսական միջոցներից է կախված: ՀՀ-ից 3000-ից ավելի քաղաքացիներ ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման ժամանակ կատարել են տարաբնույթ աշխատանքներ` ստանալով տարբեր աստիճանի հոգեկան եւ ֆիզիկական խեղումներ: 1500-ից ավելի հայեր հաշմանդամներ են, իսկ մոտ 350-ը մահացել են: Ճառագայթահարվածների երեխաները մեծամասամբ ծնվում են արատներով: ՀՀ-ում միակ կազմակերպությունը, որը զբաղվում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետներին ու վթարներին մասնակցած անձանց առողջության վերականգնման եւ սոցիալական խնդիրներով` «Չեռնոբիլ» ասոցիացիան է: Մինչդեռ, մեզ մոտ գոյություն չունի ՀՀ-ում ճառագայթված քաղաքացիների իրավունքները պաշտպանող օրենք: Ապրիլի 26-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է միջուկային աղետներից եւ վթարներից տուժածների միջազգային օր: «Չեռնոբիլ» ասոցիացիայի նախագահ Գեւորգ Վարդանյանը վստահեցնում է, որ եթե Չեռնոբիլի ճառագայթահարվածներին պատշաճ վերաբերմունք չցուցաբերվի` իրենք կառավարությանը դատի են տալու: «Կառավարությունն օրենք է խախտում, քանի որ 1994 թվին ՀՀ-ն ԱՊՀ երկրների շրջանակներում առաջիններից է վավերացրել եւ ուժի մեջ մտցրել «Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետների ու վթարների հետեւանքով ճառագայթահարման ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության եւ առողջության վերականգնման մասին օրենք» ընդունելու համաձայնագիրը, սակայն մինչ օրս նման օրենք չի ընդունվել, եւ աղետից տուժածները պաշտպանված չեն, անօգնական են: Էլ բողոքելու տեղ չենք գտնում, համբերության բաժակը լցվել է»,- ասում է Գ. Վարդանյանը: Գ. Վարդանյանն ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահին օրենքի նախագիծ է առաջարկել, սակայն այն մերժվել է` պատճառաբանությամբ, թե Հայաստանում նման օրենք ընդունելու կարիք չկա: